
«Ջալալ Հարությունյանը և իր պաշտպանը իրավունքի չարաշահում են թույլ տալիս»․ Լիպարիտ Սիմոնյան
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի պաշտպանները օգոստոսի 27–ին վճռաբեկ բողոք են ներկայացրել։ Դատարանին խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի 2025թ․ հունիսի 18-ի որոշումը։ Այդ որոշումով Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Ջ․ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 2–ի որոշումով վերադարձրել է մեղադրյալ Ջալալ Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանի վճռաբեկ բողոքը, քանի որ այն թերություններով է ներկայացվել։ «Նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքին չի կցվել էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)»,– հայտնել է զեկուցող դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Դատարանը 10-օրյա ժամկետ է տրամադրել պաշտպանին՝ բացթողումը շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար։ Ժամկետի հաշվարկը սկսվում է որոշումը ստանալու պահից։
Սա օրենքով նախատեսված նվազագույն ժամկետն է, որը կիրառել է դատարանն այս դեպքում։ Պաշտպանը սեպտեմբերի 16–ին կրկին ներկայացրել է բողոքը, սակայն դատարանը դեռևս որոշում չի ընդունել բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու մասին։
2025թ․ հոկտեմբերի 12–ին լրանում է դեպքը տեղի ունենալու 5 տարին, որի համար քրեական պատասխանատվության է ենթարկվել Ջալալ Հարությունյանը։ Այդ օրը լրանում է նաև նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Ջ․ Հարությունյանի պաշտպաններն իրենց մարտավարությունը դատարանում կառուցեցին այդ հանգամանքը նկատի ունենալով՝ ամեն կերպ ձգձգել գործի քննությունը, որպեսզի մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը լրանա դեպքի վաղեմության ժամկետը, և նա ազատվի ազատազրկման ձևով պատիժ կրելուց։
Պաշտպաններն ու մեղադրյալը երկար ժամանակ խուսանավում էին Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումն ընդունելուց։ Դատարանը հարկադրված եղավ լրացուցիչ նիստ հրավիրել և հայտարարել, որ մեղադրյալն ամեն կերպ խուսափում է պատշաճ ձևով ուղարկված դատական ակտը ստանալուց։
«Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ համոզված եմ, որ Ջալալ Հարությունյանն ու իր պաշտպանը իրավունքի չարաշահում են թույլ տալիս։ Վճռաբեկ բողոքը միտումնավոր թերի են ներկայացրել՝ առանց կրիչի, որպեսզի Վճռաբեկ դատարանը վերադարձնի այն»,– հայտնեց տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Վերջինս հիշեցրեց, որ նրա պաշտպանները Վերաքննիչ դատարանի բողոքին նույնպես էլեկտրոնային կրիչները չէին կցել, դատարանն այն ժամանակ էլ վերադարձրեց բողոքը և ժամկետ սահմանեց կրկին ներկայացնելու համար։ Այնուհետև, երկար ժամանակ Վերաքննիչ դատարանի որոշումը չէին ստանում, Վերաքննիչ քրեական դատարանում Ջ․ Հարությունյանը հրաժարվեց իր երկու պաշտպաններից՝ Արսեն Սարդարյանից և Անդրանիկ Մնացականյանից՝ վստահության պակասի հիմքով։ Ներգրավված նոր պաշտպանը երկարատև ժամանակ էր պահանջում գործի նյութերին ծանոթանալու համար, վճռաբեկ բողոքը կրկին թերություններով էր ներկայացնում և այլն։
Տուժողների ներկայացուցչի ասելով՝ նրանք շատ լավ պատկերացնում են, որ դատարանը խայծը կուլ կտա՝ կվերադարձնի բողոքը, ժամկետ կսահմանի թերությունը շտկելու համար, այդպես ժամանակ կձգեն մինչև հոկտեմբերի 12–ը՝ մինչև վաղեմության ժամկետը լրանա։
«Կարծում եմ, Վճռաբեկ դատարանը պատկերացնում է, որ այս ամենը միտումնավոր է արվում, իրավունքի չարաշահում է տեղի ունենում՝ նպատակ ունենալով վաղեմության ժամկետը լրացնել»,– հայտնեց Լ․Սիմոնյանը։
Եթե Վճռաբեկ դատարանը մինչև հոկտեմբերի 12–ը որոշում կայացնի բողոքը վարույթ չընդունելու մասին, այդ պահից Վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը կմտնի օրինական ուժի մեջ և Ջալալ Հարությունյանը կկալանավորվի։ Եթե վարույթ ընդունի և մինչև հոկտեմբերի 12–ը հասցնի որոշում կայացնել՝ արդեն Վճռաբեկ դատարանի որոշումն է ուժի մեջ մտնելու։ Եթե չհասցնի, արդեն վաղեմության ժամկետը կգործի։
Վճռաբեկ դատարանը 17 օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար։ Ըստ այդմ պարզ կլինի, թե նշված տարբերակներից որը կընտրի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարարը, բանակի հրամանատարը կկրի՞ պատիժը, թե՞ վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով կազատվի ազատազրկման ձևով պատիժ կրելուց։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։
Կարդացեք նաև՝
Ջ․ Հարությունյանի գործողությունների հետեւանքով զոհվել է 1-ին մարտկոցի անձնակազմի 20 զինծառայող՝ պահեստազորայիններ Նվեր Ավանեսյանը, Վահե Ավագյանը, Վաչագան Հարությունյանը, Կարեն Դանիելյանը, Նաիրի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ Գեորգի Բալայանը, Սամվել Ղազարյանը, Արթուր Ասրյանը, Լևոն Գրիգորյանը, Դավիթ Ազատյանը, Արտյոմ Տեփանյանը, Ռուբեն Պողոսյանը, Նարեկ Օհանյանը, Արտակ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Վահե Պապյանը, Հայկ Անտոնյանը, Գոռ Ափանոսյանը, Սամվել Պողոսյանը, Հայկ Մելիքյանը։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1-ին և 2-րդ մարտկոցների 10 զինծառայող՝ 1-ին մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Արիկ Գոքորյանը, պահեստազորայիններ՝ Արթուր Բեգլարյանը, Արթուր Գասպարյանը, Էմիլ Աֆրիկյանը, Վազգեն Հարությունյանը, Միքայել Միքայելյանը, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Հակոբյանը, Արգիշտի Մարգարյանը, Էրիկ Գրիգորյանը և Սերգեյ Դարագուլյանը։ Զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերը, ինչպես նաև այդտեղ գտնվող 8 հատ Դ-20 հրանոթները, 5 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, զենք-զինամթերքը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Մեկնաբանել