HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Վարձակալության կեղծ գործարքներ․ մի քանի քրեական գործով անցնող զույգը շարունակում է մարդկանց խաբել

Սյուզաննա Գրիգորյանը List.am հայտարարությունների հարթակում վարձով բնակարան է փնտրել։ Արշակունյաց պողոտայում հարմար պայմաններով բնակարան է գտել։ 

Երբ զանագահարել է, բնակարանը վարձակալությամբ տրամադրողը ներկայացել է որպես Մարիամ Գրիգորյան, ասել, որ տունը պատկանում է իր հորը, վերջինս տարեց է, բնակվում է արտերկրում, ինքն ու ամուսինն են զբաղվում տունը վարձակալությամբ տրամադրելով։ 

«Խնդրեցի, որ տեսնենք տունը, նշեց, որ սեպտեմբերի 13-ին կարող ենք գնալ, տեսնել, քանի որ վարձակալներն այդ օրն են տանը լինելու, նրանք Կապանից են գալիս, իսկ ամուսիններն էլ մարզում են բնակվում։ Ասաց, որ ամուսնու հետ պետք է քննարկենք բոլոր թղթաբանական հարցերը»,- պատմում է Սյուզաննան։

Մարիամ Գրիգորյանը  Սյուզաննային ասել է, թե նախորդ վարձակալներին  պետք է փոխանցի իրենց վճարած դեպոզիտը, դրա համար խնդրել է, որ Սյուզաննան նախօրոք փոխանցի տան վարձակալության մեկ ամսվա գումարը՝ 150 000 դրամ։ 

Սյուզաննան ասել է, որ տունն ուզում է երկարաժամկետ վարձակալել, Մարիամն էլ պատասխանել է, որ այդ դեպքում դեպոզիտ վճարելու անհրաժեշտություն չի լինի։ 

Մարիամ Գրիգորյանը շատ համոզիչ է խոսել։ Նա Սյուզաննային տեսանյութեր է ուղարկել՝ ցույց տալով տան ներսը՝ կահավորանքը, հարմարությունները։  Գումարը փոխանցելու համար էլ ստացական են կազմել, որտեղ նշվել  է Մարիամի ամուսնու՝ Հայկ Թումանյանի անձնագրային տվյալները։ Մարիամը Սյուզաննային ուղարկել է նաև ամուսնու նույնականացման քարտի նկարը։

«Գումարի փոխանցումից հետո անդորրագիրն ուղարկել եմ իրեն, ինքը իր ամուսնու անձնագրային տվյալներն է ուղարկել, ես իմ տվյալներն եմ ուղարկել, մի քանի րոպե հետո ինձ գրավոր  ստացական է նկարել, ուղարկել իր ամուսնու ստորագրությամբ ու մեր անձնագրային տվյալներով։ Դրանից հետո արդեն պայմանավորվել ենք, որ ամսի 13 գնալու ենք տունը վերցնենք, փաստաթղթեր ստորագրենք, պայմանագիր կնքենք»,- ասում է նա։

Հաջորդ օրը Մարիամը զանգահարել է ու խնդրել է ևս 100 000 դրամ՝ պատճառաբանելով, որ նախորդ վարձակալները «կոմունալ վճարումների պարտքեր ունեն, ասել է, թե ամուսինը հետ կփոխանցի գումարը, երբ տունը վերցնեն և պայմանագիր կնքեն։ Այս ամենը Սյուզաննային կասկածելի է թվացել, վերջինս մերժել է Մարիամին՝ ասելով, որ չի կարող ավել գումար փոխանցել։

Սյուզաննան պահանջել է Մարիամից, որ նա ուղարկի տան վկայականը, որ վերջինս համոզվի, որ գործարքն իրական է։

«Մարիամն իր անձնագիրը նկարեց, ուղարկեց։  Ասաց նաև, որ կարող է տեսազանգ անել, որ ես համոզված լինեմ, որ հենց էդ մարդն է իմ հետ խոսում։ Իսկ վկայականի մասով ասեց, որ քանի որ իր հորն է պատկանում տունը, հայրն էլ արտերկրում է ապրում, ու ութսունն անց մարդ է, եթե ինքն իր հորն ասի, որ կասկածից ելնելով՝ վկայական  եմ ուզում,  չի համաձայնի ընդհանրապես, որ տունը վարձակալության տա նման մարդկանց»,- պատմում է Սյուզաննան։ 

Սյուզաննան սկսել է կասկածել։ Ամուսինների անձնագրային տվյալներն ունենալով՝ «Դատալեքս» դատական  տեղեկատվական համակարգում փնտրել է տվյալներն ու գտել ամուսինների անունով  4 նույնանման դատական գործ, որոնցից 2–ը ընթացքում են, 2–ով արդեն վճիռ է կայացվել, ընդ որում մեկով կնոջը` Մարիամ Գրիգորյանին, 2 տարի ազատազրկում է նշանակվել, վճռի կատարումը հետաձգվել է, քանի որ Մարիամը մինչև 6 տարեկան երեխա ունի։

Բոլոր դատական գործերը ամուսինների՝ խաբեությամբ գումար շորթելու վերաբերյալ են։ 

1999 թվականին ծնված Մարիամ Գրիգորյանի վերաբերյալ կա 5 քրեական գործ, ամուսնու՝ 1997 թվականին ծնված Հայկ Թումանյանի վերաբերյալ՝ 5։

«Դատալեքսում» գործերը տեսնելուց հետո Սյուզաննան զանգահարել է Մարիամին, պատմել, որ գիտի ամուսինների գործունեության մասին և պահանջել, որ վերադարձնեն իր վճարած գումարը։

«Պահանջեցի գումարը վերադարձնել։ Սկզբում խոստացան, որ կփոխանցեն, նույնիսկ անդորրագիր ուղարկեցին, իբր փոխանցումն ընթացքի մեջ է։ Բայց հետո պարզվեց՝ ոչ մի գումար էլ բանկից դուրս չի եկել։ Վերջում հաղորդում ներկայացրի Ոստիկանություն»,– ասում է քաղաքացին։

Սյուզաննայի խոսքով՝ դեպքից հետո ամուսիններն այլևս կապի դուրս չեն եկել իր հետ։ Նա դիմել է Ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

«Հետքը» պարզաբանում ստանալու համար դիմեց ամուսիններին։ Մարիամ Գրիգորյանը մեզ հետ  հեռախոսազրույցում նշեց, թե հարցը մեզ չի վերաբերում։ Նշեցինք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում իրենց վերաբերյալ մի շարք դատական գործեր կան

«Շատ բան կա «Դատալեքսում», հետո՞, դա Ձեզ վերաբերվո՞ւմ ա»,֊ ասաց Մարիամն ու հեռախոսը փոխանցեց ամուսնուն՝ Հայկ Թումանյանին։

Վերջինս էլ ասաց, որ կխոսի «Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացու հետ, ապա կապ կհաստատի։

Քիչ անց Հայկ Թումանյանը զանգահարեց և նշեց, կա՞ որևէ տարբերակ հոդվածը չհրապարակելու, բացասական պատասխան լսելուց հետո, ասաց՝ որևէ մեկնաբանություն չունի։ Պարտք է և առաջիկայում այն կվերադարձնի։

«Դատալեքս»-ում իրենց վերաբերյալ առկա դատական գործերի մասին էլ նշեց, որ բոլորի գումարները վճարված են, ոչ մեկի հանդեպ վճարման պարտավորություն չունի, գործերը փակված են, պարզապես «Դատալեքս»-ը չի թարմացվել։

Քննչական կոմիտեից «Հետք»-ին հայտնել են, որ նախաքննական մարմնում Հայկ Թումանյանի և Մարիամ Գրիգորյանի վերաբերյալ բազմաթիվ վարույթներ են նախաձեռնված, որոնք դեռ քննության փուլում են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter