HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյանն ու Ալիևը որոշել են Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ։ Ի թիվս այլ հարցերի` Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին որոշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, քանի որ վերջինս «իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին»։

«Ես ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, տիկնայք և պարոնայք։ Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետեւողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է` անհնարինը»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական հարաբերություներում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ «Նախ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց թե Հայաստանում, թե Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եւ վավերացման ընթացակարգ անցած առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է»- հավելել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառմանը։ «Ի դեպ, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի, հոգատարության համատեքստում շատ կարեւոր է խաղաղամետ, լեգիտիմ եւ համաձայնեցված խոսույթի կիրառումը նաեւ այս նախագծի մասին։ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի Հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում` այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»- շարունակել է նա։

Փաշինյանի խոսքով՝ օգոստոսի 8-ի փաստաթղթերում Հայաստանն ու Ադրբեջանը հստակ բովանդակություն ու խոսույթ են համաձայնեցրել, ու այդ համաձայնություններին հավատարմությունը որեւէ կերպ կասկածի տակ դնելը, Փաշինյանի կարծիքով, հասկանալի չէ։ «Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում եւ խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում»,- հայտարարել է նա։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում եւ համոզված եմ` տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ միջպետական սահմանի լիարժեք բացման»,- թեման եզրափակել է նա։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ։ «30 տարվա անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չուներ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ։ Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երկխոսություն է տեղի ունենում»,- հավելել է նա։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter