HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Մայա Սանդուի կուսակցությունը. ռուսամետ ընդդիմությունը պարտվել է

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PAS) հաղթել է նախօրեին այդ երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես հայտնում են մոլդովական լրատվամիջոցները, նախնական տվյալներով, իշխող կուսակցությունը ստացել է նոր խորհրդարանի մանդատների մեծամասնությունը։ Ռուսամետ ընդդիմությունն այս անգամ ևս պարտվել է։

Քվեաթերթիկների 99,65%-ի հաշվարկից հետո իշխող կուսակցությունը հավաքում է ձայների 50,06%-ը, ինչը վերջինիս տալիս է խորհրդարանի 101 մանդատից 54-ը։ Դա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը միայնակ կձևավորի մոլդովական նոր կառավարությունը։ Սակայն, դա ավելի քիչ է, քան նախորդ խորհրդարանում իշխող կուսակցության մանդատների թիվը։ Նախկինում PAS-ը ուներ 61 մանդատ։

Եվս մեկ եվրոպամետ քաղաքական միավորում՝ «Այլընտրանք» դաշինքը, ըստ նախնական տվյալների, կստանա 8 մանդատ։

Ռուսամետ «Հայրենասիրական դաշինք»-ը հավաքել է ձայների 24,25%-ը, ինչը նշանակում է, որ կուսակցությունների այս դաշինքը կստանա 27 պատգամավորական մանդատ։ Դրա կազմում ներառված էին նախկին նախագահ Իգոր Դոդոնի Սոցիալիստների կուսակցությունը, նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորած Կոմունիստների կուսակցությունը, ինչպես նաև «Մոլդովայի ապագա» կուսակցությունը, որը գլխավորում էր 2001-2008 թվականներին այդ երկրի վարչապետ Վասիլի Տարլևը։

Բացի այս քաղաքական ուժերից, Մոլդովայի խորհրդարանում կհայտնվի ևս երկու կուսակցություն՝ ազգային-պահպանողական Վասիլե Կոստյուկի «Ժողովրդավարությունը տանը» կուսակցությունը, որը հանդես է գալիս Մոլդովայի և Ռումինիայի միավորման օգտին, ինչպես նաև պոպուլիստ քաղաքական գործիչ Ռենատո Ուսատիի «Մեր կուսակցությունը»։

Ընտրություններն ընթանում էին համամասնական ընտրակարգով։ Ընտրությունները կայացած համարվելու համար անհրաժեշտ էր, որ դրան մասնակցեին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն մեկ երրորդը։ Այս ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 52%-ը։ Խորհրդարանում հայտնվելու համար քաղաքական ուժերը պետք է հաղթահարեին ընտրական շեմը՝ 5% կուսակցությունների համար, 7%՝ դաշինքների և 2%՝ անկախ թեկնածուների համար։

Դիտորդներն այս ընտրություններն անվանում էին «պատմական», քանի որ դրա արդյունքն էր կանխորոշելու Մոլդովայի հետագա քաղաքական կուրսը։ Իշխող կուսակցությունը, քաղաքացիական հասարակությունն ու անկախ լրատվամիջոցները պնդում էին, որ Ռուսաստանը փորձում է ազդել ընտրությունների արդյունքների վրա, իսկ ռուսամետ կուսակցություններն ու ՌԴ-ում բնակվող գործարար Իլան Շորը փորձում են կաշառել ընտրողներին։

Չնայած որ նախնական տվյալներով իշխող կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը, Դոդոնը պնդում է, թե Մայա Սանդուի կուսակցությունը պարտվել է, իսկ ընդդիմությունը՝ հաղթել։ Ընդդիմադիր մյուս կուսակցությունները չեն կիսում այս տեսակետը։ «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդներից մեկը կոչ է արել երկուշաբթի ցերեկը բողոքի ակցիա իրականացնել խորհրդարանի շենքի մոտ, որ պաշտպանեն իրենց հաղթանակը։ Դեռ նախօրեին Դոդոնն ու Տարլևը բողոքի ակցիա էին իրականացնում ԿԸՀ շենքի մոտ։

Լուսանկարը՝ Vladislav Culiomza/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter