HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հանրային մեղադրողը միջնորդեց Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօր լրացուցիչ դատական նիստը տեղի ունեցավ։ Հանրային մեղադրողը միջնորդեց Աջապահյանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։  Նա հունիսի 28-ից կալանավորված էր։ 

Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանն իր ելույթում դատավորին ևս մեկ անգամ «հիշեցրեց», թե մինչև ազատազրկում քանի պատժատեսակների հնարավորություն է տալիս առաջադրված հոդվածը։ Նա մեջբերեց այլ դատական գործեր, որոնցով գրեթե նույն իրավիճակներում անձանց նկատմամբ չեն կիրառել ազատազրկում խափանման միջոցը։ Երեմ Սարգսյանը միջին ծանրության հանցագործությունների հատկանիշներով հենց դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում գտնված դատական գործեր էլ հիշատակեց՝ ցույց տալով, որ դատավորն ինքը տարբեր գործերով ազատազրկում խափանման միջոցը չի նշանակել, եթե առաջին անգամ է անձը տվյալ արարքը կատարել։ 

Դատական նիստի մեկնարկին Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, քանի որ դատավորը մեղադրական վերդիկտը կայացնելուց հետո կողմերին չի հայտնել, որ կարող են միջնորդություններ ներկայացնել։ Արա Զոհրաբյանը ևս մեկ անգամ պնդեց, որ դատարանն ունի խտրական վերաբերմունք։ Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը։

Նշենք, որ մեղադրանքի հիմքում ընկած են երկու արտահայտություններ, որոնք մեղադրանքի կողմը որակել է ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։ Դրանցից առաջինում «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Աջապահյանն ասել էր, որ իշխանությունը փոխելու երեք եղանակ կա՝ ընտրություն, հեղաշրջում և ժողովրդական ապստամբություն։ «Ուրիշ կա՞․․․ չկա ուրիշ։ Երեքն էլ անհնարին են սուբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն հնարավոր են,- նշել է Աջապահյանը, ապա ավելացրել,- ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում․ քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։

Երկրորդ հարցազրույցում, ըստ մեղադրանքի, Աջապահյանը վերահաստատել է իր միտքը՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ նշելով․ «Շատ էլ լավ եմ արել, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:

Ընդամենը 10 նիստով դատարանն ավարտեց այս գործի քննությունը։ Գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 15-ին։ Գործի քննության սկզբում գրեթե ամեն օր դատական նիստ էր նշանակվում, քննությունը հաճախ ձգվում էր աշխատանքային ժամից հետո։

Միքայել Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա և իր պաշտպանական խումբը պնդում են, որ Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իշխանության կողմից եկեղեցականներին հալածելուն ուղղված գործողությունների շրջանակում։ Ըստ պաշտպանների՝ Աջապահյանի խոսքը կոչ չի եղել։ 

Դատավարության ընթացքում պաշտպանները խոսել են նաև կանխակալ դատավարության մասին՝ նշելով, որ դատավորն իր գործողություններով կողմնակալ է։ Ըստ պաշտպանների՝ դատավորն անհիմն մերժել է իրենց ներկայացրած բոլոր միջնորդությունները, Աջապահյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատավորի որոշումները ևս պաշտպաններն անհիմն են որակում։ Վերդիկտի հրապարակումից հետո Աջապահյանի պաշտպանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ կանխատեսելի էր իրենց համար դատավորի այս որոշումը և նրանք հետագայում բողոքարկելու են դատավճիռը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter