HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

7.1% աճ. որ ոլորտների հաշվին է տնտեսությունն աճել հունվար-օգոստոսին

2025 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 7.1%-ով աճել է։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն օգոստոսին ՏԱՑ-ն աճել է 7.5%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Ութ ամսվա կտրվածքով (հունվար-օգոստոս) առավել բարձր աճ է գրանցվել շինարարության ոլորտում։ Նշված ժամանակահատվածում շինարարության ծավալը կազմել է մոտ 375 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 20.4%-ով։ Հունվարից սկսած շինարարության ոլորտն աճում է երկնիշ տեմպով, աճն արագացել է հատկապես մայիսից։

Աճի տեմպով ծառայությունների ոլորտը զիջում է միայն շինարարությանը։ Նշված ոլորտում 10.2% աճ է գրանցվել։ Բացարձակ թվով ծառայությունների և մյուս ոլորտների ծավալները մի քանի անգամ գերազանցում են շինարարությանը։ Դա է պատճառը, որ չնայած շինարարության աճի տեմպն ավելի մեծ է, սակայն տնտեսական աճին նպաստելու չափով ծառայություններն ու առևտուրը գերազանցում են շինարարությանը։ Ութ ամսում ծառայությունների ծավալը կազմել է 2 տրլն 596 մլրդ դրամ։

Նույն ընթացքում առևտրաշրջանառությունը երկրում կազմել է 4 տրլն 141 մլրդ դրամ՝ աճելով 3.9%-ով։

Ութ ամսվա կտրվածքով արդյունաբերության ոլորտում 7.8% անկում է գրանցվել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 1 տրլն 771 մլրդ դրամ է։ Ուշագրավ է, որ ամսական կտրվածքով դիտարկելիս տեսնում ենք, որ հուլիսին և օգոստոսին արդյունաբերության ծավալները սկսել են աճել։ Նախորդող ամիսներին գրանցված անկումները, որոնց հետևանքով ութ ամսվա կտրվածքով անկում կա, պայմանավորված են նախորդ տարվա բարձր բազայով՝ ոսկերչության ոլորտի կասկածելի աճերով։

Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ 2026 թվականին Հայաստանում 5.4% տնտեսական աճ կգրանցվի, համախառն ներքին արդյունքը կկազմի 11.9 տրլն դրամ։

Այս ցուցանիշն ամրագրված է Բյուջե-2026-ի նախագծում։

Արտաքին առևտուրը մեծ թափով կրճատվում է

2025 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանը աշխարհի հետ 12.9 մլրդ դոլարի առևտուր է արել։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն 41.1%-ով աճել է։

Անկում է ապրում ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը։ 

Մասնավորապես, նշված ամիսներին Հայաստանից արտահանվել է 5 մլրդ դոլարի ապրանք, որը նվազել է 48.8%-ով։ Այս կտրուկ անկումն առաջին հերթին պայմանավորված է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման (այս դեպքում՝ վերաարտահանման) կրճատմամբ։ 

Նույն ընթացքում ներմուծումը կազմել է 7.9 մլրդ դոլար՝ նվազելով 34.9%-ով։ Ներմուծման անկումը ևս վերաարտահանումների կրճատման հետևանքն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter