
Շնողի ավագանու անդամներն արձագանքել են «Հետքի» հրապարակմանը
Ի պատասխան Լարիսա Փարեմուզյանի՝ «Հետք» համացանցային թերթով 14.08.2012 թ. հրապարակված «Շնողի գյուղապետը՝ «Հետքի» թղթակցին. «Գյուղ էլ չմտնեք»» վերնագրով հոդվածի, մենք՝ Լոռու մարզի Շնող համայնքի ավագանու անդամներս, անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել մի շարք պարզաբանումներ:
Հոդվածի ուշադրության կենտրոնում Համայնքը պատշաճ որակի խմելու ջրով ապահովելու հարցն է, որը միշտ եղել է գյուղապետի և ավագանու ուշադրության կենտրոնում: Մանստև-Շնող ջրագծից մատակարարվող ջուրը ամռան ամիսներին (հատկապես օգոստոս ամսին) չի բավականացնում համայնքի բնակչությանը: Բնակլիմայական պայամաններով և գյուղի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ ակունքում ջրի մակարդակը նվազում է 1/3 –ով, և ջուրը չի հասնում առանձին թաղամասեր՝ առաջացնելով բնակիչների արդարացի դժգոհությունը: Այդ խնդրի լուծմամբ ամենամտահոգ մարդկանցից մեկը հենց գյուղապետ Հայկազ Քոչինյանն է, ում նախաձեռնությամբ հարցը կարգավորելու խնդրանքով համայնքի ավագանին դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Երախտիքով ենք ընդգծում, որ նախարար Արմեն Գևորգյանն օպերատիվ է մոտեցել խնդրին և անմիջապես ընթացք է տվել Ստեփանավան-Նոյեմբերյան ջրագծից Շնող համայնքին խմելու ջուր մատակարարելու տարբերակով խնդրի լուծմանը: 2011-2012 թթ. համայնքի բյուջեից 1.300 հազար դրամ է ուղղվել համապատասխան խողովակների ձեռք բերմանը: Դրանք մոնտաժվել են 3 թաղամասերում (փող. 5, 11, 12), որոնք այսօր ապահովված են Ստեփանավան - նոյեմբերյան ջրագծից շուրջօրյա մատակարարվող խմելու ջրով: Ծրագիրը շարունակական է, և մյուս թաղամասերը մոտ ապագայում նույնպես կսկսեն օգտվել այդ ջրագծից: Այդ խնդրի լուծման գործում գյուղապետ Հայկազ Քոչինյանի ներդրած ջանքերն ու սրտացավությունն ամբողջ Շնողի աչքի առաջ է, և պարզապես անհեթեթ ենք համարում հոդվածում բերված այն պնդումը, որ հարցի լուծումը ձեռնտու չէ գյուղապետին:
Հոդվածում նշված է նաև, որ գյուղապետը չի վճարում հողի հարկ: Դա այդպես չէ: Հայկազ Քոչինյանն ունի 6000 մ հող, որի համար տարեկան վճարում է 39.500 դրամ հարկ: Նշենք նաև, որ Հայկազ Քոչինյանը ֆերմերային տնտեսությամբ զբաղվել է դեռևս 1990 թ-ից՝ մինչև համայնքապետ դառնալը:
Հոդվածում առանց հավաստիության որևէ ստուգման ներկայացվել է կարծիք, թե ԱԺ պատգամավոր Միքաել Վարդանյանի տրամադրած խողովակները օգտագործվել են ոչ ըստ նպատակային նշանակության: Մինչդեռ դա նույնպես չի համապատասխանում օբյեկտիվ փաստերին և յուրաքանչյուր ցանկացող կարող է դյուրությամբ ստուգել այս հանգամանքը՝ պարզապես համեմատելով համայնքի բյուջեից տրամադրված միջոցներով և այլ աղբյուրներից (այդ թվում՝ Միքայել Վարդանյանի տրամադրած) ձեռք բերված խողովակների գումարային գծամետրը գյուղի ջրագծի վերանորոգման համար փաստացի օգտագործված խողովակների գումարային գծամետրի հետ:
Գյուղապետ Հայկազ Քոչինյանի նախաձեռնությամբ կատարվել և շարունակվում են կատարվել բազմաթիվ աշխատանքներ.
Փողոցային լուսավորության համակարգի նորոգում, ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի,մշակույթի տան, արվեստի դպրոցի,մանկապարտեզի տանիքների կապիտալ վերանորոգում, համայնքային ենթակայության օբյեկտների ներքին հարդարման աշխատանքների կատարում և գույքի ձեռքբերում: Համայնքում անվճար հիմունքներով գործում է 3 խմբով նախադպրոցական ուսումնական հաստատություն: 2012 թվականի հունվարի 1-ից արվեստի դպրոցի բոլոր բաժինների վարձավճարները զեղջվել են 50%-ով: Պարբերաբար ֆինանսական օգնություն է տրամադրվում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին և բուհերում սովորող ուսանողներին: Կատարվել և ընթացքի մեջ են նաև այլ աշխատանքներ:
Ամփոփելով՝ հարկ ենք համարում նշել, որ վերոհիշյալ հոդվածը մենք համարում ենք Շնող համայնքի նկատմամբ անմաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված տեղեկատվական սադրանք, որը միտված է ՏԻՄ ընտրություններին ընդառաջ լարելու իրադրությունը համայնքում և սրելու առկա հակադրությունները: Մենք համոզված ենք, որ Շնող համայնքը կկողմնորոշվի ըստ փաստացի արված աշխատանքի և չի տրվի սադրանքների: Լրագրող Լարիսա Փարեմուզյանին կոչ ենք անում այսուհետ Շնող համայնքին վերաբերող հրապարակումներում ձգտել լինել առավել անկողմնակալ և չփորձել վարկաբեկել Շնող համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մարդկանց:
Շնող համայնքի ավագանու ամդամներ՝
Լևոն Ալիխանյան
Գևորգ Ավետյան
Հովհաննես Թումանյան
Մկրտիչ Մարգարյան
Գեղամ Պետրոսյան
Կամո Շահնազարյան
Լևոն Հոբոսյան
Արտակ Ազարյան
Մեկնաբանություններ (64)
Մեկնաբանել