
Գնում եմ՝ Արարատը հոգուս եւ աչքերիս մեջ և հայոց լեզուն շուրթերիս... Ռուբեն Մամուլեան (մաս 1)
3 կանայք՝ չհաշված մայրը
«...խելացի, ամբողջ աշխարհում հայտնի մարդ և ո՞ւմ կին ընտրեց: Գրետա Գարբոն խենթանում էր իր համար: Ես ասում էի՝ ամուսնացիր հետը՝ համաշխարհային զույգ կլինեք: Նա պատասխանում էր՝ «Մամա՛, ես դերասանուհու հետ չեմ ամուսնանա, նա շուտով կբաժանվի: Ա՜խ, Վավա ջան, եթե դու լինեիր իմ հարսը, ես երջանիկ կլինեի… Հանդիպի՛ր Ռուբենին, չէ որ նա քեզ սիրել է և սիրում է ...»:
Վերժինե, Վավա և Ռուբեն
Այսպես, 1967թ. տարիքն առած 2 կանայք՝ մեկը զառամյալ Վերժինեն, մյուսը՝ 71 տարեկան Վարդանուշը՝ Վավան, Ամերիկայի մի ծայրից մյուսը քննարկում էին թատրոնի և շարժանկարի աշխարհահռչակ բեմադրիչ Ռուբեն Մամուլեանի անձնական կյանքը: Վավայի գեղեցկությունից և անդիմադրելի հմայքներից շատ տղամարդիկ էին գլուխները կորցրել, այդ թվում` Ռուբենը: Այս դեպքում գլուխ կորցնելը փոխադարձ էր: Եվ հոգ չէ, թե ամուսին ուներ՝ հանրահայտ նկարիչ Սարգիս Խաչատրեանը: Հիմա՝ Մատիսի և այլոց երբեմնի բնորդուհին եղած Տրապիզոնցի Վարդանուշ Սարեանը հայտնվել էր բողոքներ լսողի դերում, ավելի ճիշտ՝ կարդացողի: Բողոքող տիկինը Վերժինեն էր՝ Ռուբենի մայրը, որի ձեռքից որդուն հերիք չէ «առևանգել էր» վաշինգթոնցի, բազմաթիվ ապահարզաններով անցած Ազադիա անունով մի նկարչուհի, դեռ հանդգնում էր հիմա էլ անտերության մատնել նրան ռևմատիզմի ցավերի մեջ: «Անամո՛թ...այսպիսի ամուսնուն հոգ չտանե՞լ...»: Ազադիա Նիւմանին Ռուբենը հանդիպել էր Վաշինգթոնում, ցուցահանդեսի ժամանակ, 1941-ին: «Ինչպե՛ս 5 օրում հրապուրեց Ռուբենին ...և եկավ տարավ նրան: Ա՜խ իմ Ռուբենը... ծերացավ նրա ձեռքը...»: Իրականում ոչ միայն ծերացավ, այլ նաև տանջվեց այդ անհավասարակշիռ, խմող կնոջ պատճառով: Վերժինեն միշտ երազել էր, որ տղան հայուհու հետ ամուսնանա, «լավ, գոնե ռուսի»,- գրում է Վավային հասցեագրած նամակներից մեկում...: Բայց եղավ այն, ինչ եղավ: Անցյալում մնացին դերասանուհիներ Քերոլ Լենդիզի, Միրիամ Հոփկինսի հետ ունեցած մտերմիկ շրջանը և Գրետա Գորբոյի հետ մինչ օրս գաղտնիքներով լեցուն հարաբերությունները: Իսկ Վարդանուշը միշտ մնաց Ռուբենի սրտի մեջ: Բայց առայժմ մոռանանք Գրետա Գարբոյին և Վավա Խաչատրեանին, թեև այս տիկնանց անհնար է մոռանալ, և պատմենք գլխավոր տիկնոջ՝ Վերժինե Մամուլեանի մասին, որ 1897-ին լույս աշխարհ բերեց Ռուբենին՝ թատրոնի և շարժանկարի մեծ վարպետ-բեմադրիչին, ողբերգական հանգամանքներով կորցրեց աղջկան, 1966-ին հողին հանձնեց 100 տարեկան ամուսնուն, ինքն էլ հեռացավ կյանքից 1972-ին: Ի միջի այլոց՝ մինչև Ռուբեն Մամուլեանը կդառնար Ռուբեն Մամուլեան, մայրն արդեն սիրված և շատ հարգված մի դերասանուհի էր՝ անչափ բարի սրտով:
Հովհաննես Օձնեցու զարմից աղջիկը
Կյանքի վերջին շրջանը անցկացրեց Միշըն Հիլզի «Արարատ» տարեցների տանը` իր ամուսնու՝ Զաքարիայի հետ, որը համաձայնեց լքել այս աշխարհը միայն իր 100 ամյակը նշելուց հետո: Թեպետ առողջ էր միանգամայն, բայցև ուներ ծերունական տհաճ մի խնդիր՝ անմիզապահություն: Վերժինեն՝ իր երազած, բայց չստացված հարսին՝ Վավային գրում է, թե ինքը գիշերները, ասենք ցերեկներն էլ, 4 անգամ ստիպված է լինում ....փոխել, լվանալ և չորացնել... Այնպես եղավ, որ այդ խնդրի պատճառով Զաքարիան կարևոր օրգանը վնասեց և նրան ստիպված տեղափոխեցին բժիշկների և բուժքույրերի հսկողության տակ: Հէ՜յ գիտի, ինչ ջահել էին և ծովն էլ՝ ծնկներից: Երբ Վերժինեն դեռ երեխա էր և վայելում էր իր չքնաղ ծննդավայրի՝ Լոռիի Արդվին գյուղի գեղեցկությունը, լսում Քալանթարեան և Մելիքեան տոհմերի նախանձելի պատմությունները, հպարտություն էր ապրում Լորիս Մելիքեանի և Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի զարմից սերելու փաստից: Նա գիտեր, թե ինչպես էր իր հայրը՝ աշխատասեր Գևորգ Քալանթարեանը, կնության առել իր ապագա մորը՝ 15-ամյա գեղեցկուհի Շուշանիկ Բաժբեուկ-Մելիքեանին՝ նույնպես Գուգարաց սիրուն աշխարհից: Գիտեր նաև, որ Շուշանիկից և իր զավակներից բացի, իր հայրը սիրում էր իր անսահման հողերը և փողերը, բայց ամենից շատ՝ իր պանրագործարանը: Եվ մտապատկերում Վերժինեն ստեղծում էր իր ապագա ամուսնու կերպարը. թող լինի սպա՝ թախծոտ հայացքով դերասանի պես, անպայման անբեղ և անմորուս, ոչ մի դեպքում անունը Մուկուչ կամ Կարապետ չլինի: Երանի լինի Ռուբեն...
Զաքարիան, որ ապրեց 100 տարի
Ո՛չ Ռուբեն եղավ, ո՛չ էլ անբեղ, անմորուս մեկը: Բայց, գոնե սպա էր և սիրում էր թատրոնը: Ծագումով Նախիջևանի Ցղնա գյուղից Թիֆլիս տեղափոխված ընտանիքից էր: Քաղքենիական, քաղաքական, կամ գուցե այլ պատճառներով իրենց տոհմից շատերը կա՛մ վրացացել էին, կա՛մ էլ ռուսացել՝ ազգանվան վերջավորությունը համապատասխանաբար փոխելով: Պատմություն կա, թե իբր Պեպոյի նախատիպը հենց Պեպո Մամուլովն է եղել՝ ըմբոստ սոցիալական անարդարությունների նկատմամբ, որ «ղեկավարել է» Թիֆլիսի չարքաշների և հարուստների թաղերի Հավլաբար-Սոլոլակ «ճակատամարտը»: Նրանք ամուսնացան 1895-ին և մեկնեցին մեղրամիսը անցկացնելու չնաշխարհիկ Կարսում և, ոչ պակաս գեղեցիկ, Փարիզում: Բախտը ժպտում էր Զաքարիային: Բացի այն, որ իր կինը տաղանդավոր և հոգատար մեկն էր, աներհայրն էլ խիստ հարուստ մարդ էր, որ շուտով Թիֆլիսում, իր դրամագլխով հիմնած առևտրային դրամատան կառավարչի պաշտոնը, վստահեց փեսա Զաքարիային: Բայց ամուսնալուծվելու միտքը հաճախ էր «այցելում» Վերժինեին: Ոնց որ թե իր գեղեցկադեմ ամուսինը աջ ու ձախ մի քիչ շատ էր նայում... Մախլաս՝ շարունակեցին ապրել մեկ հարկի տակ: Նրանց միավորում էր հատկապես թատրոնը: Շուտով մարդ ու կին Թիֆլիսում, Զուբալովի հայտնի ժողովրդական տանը հայկական թատերախումբ հիմնեցին: Զաքարիան բեմ էր բարձրանում, դերասանություն անում: Նրանց շրջապատը խիստ արվեստային էր՝ Հովհ. Աբելեան, Արուս Ոսկանեան,Վահրամ Փափազեան, Գ. Սունդուկեան, Հովհ. Թումանեան, Գ.Բաշինջաղեան... մի խոսքով՝ Թիֆլիսի սերուցքը: Չմոռանանք նաև նկարիչ Սարգիս Խաչատրեանին, որի տիկինը՝ Վարդանուշը, հետագայում է՛լ ավելի մերձեցավ Մամուլեանների հետ, ընդհուպ մինչև սիրահարություն:
Ծնողների՝ Վերժինեի և Զաքարիայի հետ
Քաղաքական թոհուբոհից հեռու Փարիզում
Հավանաբար ռուսական կայսրությունում խաթարվող կյանքն էր, որ Մամուլեաններին ստիպեց, ժամանակավորապես հեռանալ երկրից: Եվ, աներհայր Գեւորգ Քալանթարեանի աջակցությամբ, նրանք շուտով Փարիզում էին: Տուն վարձեցին Բուլոնյան անտառի մերձակայքում, մի գողտրիկ, հանդարտ փողոցում, որտեղ ապրում էին հայ վտարանդի շատ մտավորականներ՝ Նիկողայոս Ադոնցը, Ավ. Իսահակեանի տիկինը և որդին՝ Սոֆիան և Վիգենը, նաև ուրիշներ: Փարիզում Վերժինեն սովորեց դիմահարդարման գաղտնիքները, մերսում, ֆղանսական աղոգանութեամբ սկսեց խոսել, շարունակեց թատերական գործունեությունը՝ ներկայացումներ կազմակերպելով հայկական շրջանակներից ներս: Իսկ Զաքարիան, չգիտես ինչու, սկսեց ուսումնասիրել անասնաբուծություն և օրենք: Ի դեպ, Թիֆլիսում արդեն ծնված էին նրանց զավակները՝ Ռուբենը՝ 1897-ին և Սվետլանան 1899-ին, որոնց մասին՝ հետո:
Շնորհակալագիր Ռուզվելտից
Մամուլեանները Փարիզում էին, երբ առան Սան Ֆրանցիսկոյի ահռելի երկրաշարժի լուրը: 1906թ. էր: Տիկին Վերժինեն հանգիստ և անտարբեր չէր կարող մնալ: Սկսեց բարեգործական ներկայացումներ կազմակերպել Փարիզում, կտրեց Լա Մանշը, հասավ Լոնդոն և Մանչեսթըր: «Մենք դո՞րա համար ենք եկել Փարիզ»,- կնոջը հանդիմանում էր Զաքարիան: Մինչդեռ Ռուզվելտը իր ստորագրությունն էր պատրաստվում դնել Վերժինեին հղվելիք շնորհակալագրի տակ: Հետագայում Ռուբենը մեծ գնահատանքով էր հիշում իր մոր այս քայլը, չէ որ այն փոխում էր հայ մարդու խեղճության և օգնության կարիք ունեցողի մասին գրեթե համատարած պատկերացումը և ձևավորում էր օգնության հասնող հայ մարդու կերպարը:
Վերժինե Մամուլեանը Վազգեն Ա Վեհափառի հետ
«Նյու Յորք Թայմս»-ի էջերին, որ հետո թարգմանբար տպագրվեց Նյու Յորքի «Հայրենիք»-ի 1943թ. օգոստոսյան համարներից մեկում, Ռուբեն Մամուլեանը նշել է, թե հայերին միշտ նույնացնում են սովյալների հետ, մինչդեռ իր մոր քայլը՝ աջակցություն հայերից Ամերիկայի սովյալներին, հակառակն է ապացուցում: Սան Ֆրանցիսկոյի աղետյալներին օգնելու մղումը ամենևին էլ միակը չէր: Գրականության և արվեստի թանգարանում Մամուլեանների թղթածրարում բազմաթիվ ստացագրեր և շնորհակալագրեր կան աշխարհի հայահոծ տարբեր քաղաքներից և բուն Հայաստանի կրթական, առողջպահական, մշակութային հաստատություններից: Զույգ Վեհափառներն էլ՝ Կիլիկիո և Էջմիածնի Գարեգին և Վազգեն Առաջինները, կոնդակներով պատվել են տիկին Վերժինե Մամուլեանին իր բարեսիրության համար: Որոշ ժամանակ անց, ընտանիքը թողեց Փարիզը և վերադարձավ Թիֆլիս: Բայց շուտով ամբողջ աշխարհը խառնվեց իրար: Սկսվեց 1-ին աշխարհամարտը:
Քաջարի կապիտան Զաքարիա Մամուլեանը
Եվ Զաքարիան, որպես ցարական բանակի նախկին սպա, մեկնեց ռազմաճակատ և իր զինվորական, հրամանատարական ողջ տաղանդով և քաջությամբ փայլեց Սարիղամիշի ճակատամարտում: Ասում են, եթե չլիներ նրա ռազմական հոտառությունը և խիզախությունը, թուրքերը կմտնեին Թիֆլիս: 65.000-անոց թուրքական բանակից միայն 3000-ը մի կերպ փախուստի դիմեց Զաքարիայի հաշվեհարդարից, դրանց մեջ, ցավոք, նաև Էնվերն էր: Թիֆլիսի «Տարազ» թերթը գրեց. «...Տաճկական 9-րդ և 10-րդ կորպուսների ոչնչացման գործում կապիտան Զաքարէ Մամուլեանը աչքի ընկնող քաջագործութիւնների համար ներկայացուած է զինւորական մի քանի պարգեւների»: Եվ իսկապես, Նիկոլայ 2-րդը անհապաղ զարդարեց Զ. Մամուլեանի փառապանծ կուրծքը ցարական 2 շքանշանով: Մինչ Զաքարիան մարտնչում էր թուրքերի դեմ Սարիղամիշում, Վերժինեն գործում էր թիկունքում՝ Հայ բարեգործական ընկերության հիվանդանոցում,ռազմաճակատ ուղարկելու համար հավաքում էր կապոցներ ծխախոտով, հագուստով: Անգամ իր զավակների դրամատուփերն էր դատարկել կռվող տղաների համար: Պատերազմից շատ տարիներ հետո էլ Վերժինեն չէր դադարում բարեգործություն անել: Եվ, հատկապես Սուրբ Ծննդյան տոների առիթով իր հայրենակիցներին հորդորում էր լինել բարեգութ: «Նստած թելեվիժընի առջեւ, դիտում եմ Քրիստոսի Ծնունդը եւ յիշում եմ, որ այսօր...օրն է չքաւորների համար խորհելու: Չմոռանաք Սրբազան Պատգամը Քրիստոսի. «Բոլոր առաքինութիւններից միայն ողորմութիւնն է, որ մարդու մօտեցնում է եւ նմանեցնում է Աստծուն: Նորէն դիմում եմ ձեզ, սիրելի հայ ժողովուրդ.. .Յիշե՛ք մեր կարօտեալները, դպրոցները եւ առ հասարակ բարեգործական նպատակները: Այս տարուայ ուղարկելիք քարտերի փոխարէն, կ’ուզեմ օգնել Թէքէեան Վարժարանին»:
1932 թ. չդիմանալով օվկիանոսից անդին գտնվող իրենց որդու՝ Ռուբենի կարոտին, տեր և տիկին Մամուլեանները մեկնեցին ԱՄՆ մշտական բնակության: Այսպիսով՝ ավարտվեց կյանքի մի հարուստ շրջան, որպեսզի սկսվի նորը՝ Ամերիկայում: Այս երկիրը նրանց շատ լավ ընդունեց և ոչ միայն Ռուբենի շնորհիվ: Իշխանությունները հիշում էին 1906 թ. տիկնի Մամուլեանի նպաստամատույցը Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժի աղետյալներին: Ռուզվելտը՝ ևս: Եվ, չնայած ներգաղթյալների համար գործող խիստ սահմանափակումների, Մամուլեաններին, իբրև երախտիք, շնորհվեց քաղաքացիություն: Իսկ Զաքարիան ասում էր՝ «...դորա՞ համար ենք եկել Փարիզ»:
շարունակելի
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Մեկնաբանել