
Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 26-ին մերժել է վարույթ ընդունել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի ու նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանի վճռաբեկ բողոքը։ Քանի որ Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը, հետևաբար այդ պահից ուժի մեջ է մտել Վերաքննիչ քրեական դատարանի 2025 թ․ հունիսի 18-ի որոշումը:
Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ էր թողել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Ջ․ Հարությունյանը պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում, պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ջալալ Հարությունյանի պաշտպանը վճռաբեկ բողոքում հայտնել է, որ Ջ. Հարությունյանի վերաբերյալ գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է ընդդատության կանոնների առերևույթ խախտմամբ։ Այդ հիմքով վերաքննիչ բողոք չի ներկայացվել, քանի որ պաշտպանական կողմն այդ փուլում տեղյակ չի եղել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ վարույթի ընդդատության հարցը լուծելու մասին 2025թ․ հունիսի 16-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին և սխալմամբ կարծել է, որ օրենքով գործը ենթակա է քննության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի՝ 2025թ․ փետրվարի 7-ի դատավճիռը, այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025թ․ հունիսի 18-ի որոշումը և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
«Վճռաբեկ դատարանը, մեղադրյալ Ջ. Հարությունյանի պաշտպան Ա. Ապրեսյանի բողոքի փաստարկների, սույն վարույթի նյութերի համադրված վերլուծության հիման վրա գալիս է հետևության, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վարույթի ելքի վրա կամ խաթարել արդարադատության բուն էությունը»,– եզրակացրել է դատարանը՝ վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ։
«Կարծում եմ՝ Վճռաբեկ դատարանը պատկերացնում է, որ այս ամենը միտումնավոր է արվում, իրավունքի չարաշահում է տեղի ունենում՝ նպատակ ունենալով վաղեմության ժամկետը լրացնել»,– մեր նախորդ հրապարակման մեջ հայտնել էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ նկատի ունենալով Ջ․ Հարությունյանին ու նրա պաշտպանին։
Մարզային դատարանի կայացրած դատավճռով ապացուցված համարվեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։
Կարդացեք նաև՝
- Ջալալ Հարությունյանի դատավճիռը․ «Չունենալով որևէ կոնկրետ տվյալ խմբավորման յուրային լինելու մասին, հստակ պատասխանել է՝ հաստատ մերոնք են»
- Լիպարիտ Սիմոնյան․ «Ջալալ Հարությունյանը և իր պաշտպանը իրավունքի չարաշահում են թույլ տալիս»
Մեկնաբանել