HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե-2026. պաշտպանության ծախսերը կրճատվում են, պետական պարտքի տոկոսներն՝ աճում

Կառավարությունն՝ ի դեմ Ֆինանսների նախարարության, արդեն ծրագրել է ինչպես ծախսել 2026 թվականի պետական բյուջեն։ Գործադիրը հաստատել է նախագիծը, և շուտով այն կհայտնվի Ազգային ժողովում՝ քննարկման։ 

Կառավարությունը կանխատեսել է 2026 թվականին բյուջե հավաքագրել 3 տրլն 91 մլրդ դրամ, որի հիմնական մասը կգոյանա հարկերից, և ծախսել մոտ 3 տրլն 629 մլրդ դրամ։ Ծախսերը 537.5 մլրդ դրամով կգերազանցեն եկամուտները։ Բյուջեի այդ դեֆիցիտը՝ պակասուրդը, կփակվի նոր պետական պարտքեր ներգրավելով։

Թոշակներ և նպաստներ, պաշտպանություն, պարտքի տոկոսներ. ինչի վրա է ծախսելու պետությունը

Ինչպես և նախորդ տարիներին, 2026-ին ևս բյուջեի ծախսերի ամենամեծ հատվածը՝ 27.4%-ը, կուղղվի սոցիալական ոլորտի պաշտպանությանը։ Դա կկազմի մոտ 993 մլրդ դրամ։ Այդ գումարով կվճարվեն ծերության կենսաթոշակները, նպաստառու ընտանիքների նպաստները, գործազրկության, վատառողջության, անաշխատունակության նպաստները:

Բյուջեի ծախսային երկրորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են՝ մոտ 851 մլրդ դրամ։ Այստեղ ամենամեծ հատվածը պետական պարտքի տոկոսավճարներն են, որոնք եկող տարի Հայաստանը պարտավոր է փակել։ Գրել էինք, որ միայն տոկոսավճարներին պետությունը գալիք տարի կհատկացնի 423 մլրդ դրամ։ Դա ներառված է ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերում։ Իսկ մայր գումարների մարումները պետությունը կատարում է նոր պարտքեր վերցնելով։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ տողով պլանավորված ծախսերը ներառում են նաև պետական ապարատի պահպանման ծախսերը, այդ թվում՝ Կառավարության, Ազգային ժողովի, նախարարությունների և այլն։ 

Երրորդ տեղում այս տարի շատ քննարկված պաշտպանության ոլորտի ծախսերն են։ 2026 թվականին Հայաստանի կառավարությունը մտադիր է 566 մլրդ դրամ ուղղել պաշտպանության ոլորտին, առյուծի բաժինը՝ ռազմական պաշտպանությանը, փոքր հատվածը՝ մոտ 5 մլրդ դրամ, պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներին։ 2025 թվականին հաստատված բյուջեով պաշտպանության ծախսերի համեմատ՝ 2026-ի ծախսերը կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով։

Դեռևս սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում պաշտպանական ոլորտի ծախսերի կրճատումը բացատրեց նախորդ տարվա բարձր բազայով։ 

«Մենք 2025 թվականին, 2024 թվի համեմատությամբ, ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ։ Մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր, և այդ ծախսերի մի մասը ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Այսինքն՝ այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը։ Այն, որ մենք պետք է, ասենք, 2030-2035 թվականներին մարեինք, մենք հարմար ենք գտել հետագա պարտաքին բեռը նվազեցնենք, բայց՝ ոչ միայն։ Եվ հիմա, եթե այս տրամաբանությամբ ենք նայում, միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թվականի պաշտպանական ծախսերը ունեն բնականոն աճ 2024 թվականի նկատմամբ»,- հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։

Ծախսային հաջորդ խոշոր ուղղությունը կրթությունն է՝ մոտ 362 մլրդ դրամ։ Ծախսերի մեծությամբ առաջին հնգյակը եզրափակում է «Տնտեսական հարաբերություններ» տողը՝ 257 մլրդ դրամով։ Այն ներառում է գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի, ոռոգման, էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում կատարվող պետական ծախսերը։ 

Ստորև ինֆոգրաֆիկայում Բյուջե-2026-ի ծախսերն են՝ ըստ գործառնական դասակարգման։ Երևում է, թե որ ոլորտը որքան տեսակարար կշիռ ունի ծախսերում։ Հատկացվելիք չափով նշված հինգ ոլորտներին զիջում են, օրինակ, առողջապահությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, իրավական համակարգը և այլն։

Ծախսերի ամենամեծ կրճատումը՝ պաշտպանության ոլորտում, ամենամեծ աճը՝ սոցիալական պաշտպանության

Բյուջեն ընդունելուց հետո տարվա ընթացքում Կառավարության տարբեր որոշումներով ծախսերի և եկամուտների սպասումները փոփոխվում են։ 

2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ 2026-ին, ըստ նախագծի, բյուջեի ծախսերը կաճեն 187 մլրդ դրամով կամ 5.4%-ով (փոփոխված՝ սպասվող ցուցանիշի համեմատ՝ 5.7%-ով)։

Կանախատեսվում է նաև բյուջեի եկամուտների ավելացում, որին կանդրադառնանք առանձին հոդվածով։

2026 թվականին բացարձակ թվով ծախսերի ամենամեծ աճը սպասվում է սոցիալական պաշտպանության ոլորտում (աճը՝ 87 մլրդ դրամ կամ 9.6%) և ընդհանուր բնույթի հանրային ծառայություններում (աճը՝ 73 մլրդ դրամ կամ 9.3%)։ Ինչպես նշվեց վերևում, ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ տողի ներքո է նաև պետական պարտքի սպասարկումը, որին ուղղվող գումարները տարեցտարի աճում են։

Կավելանան նաև կրթության ոլորտի ծախսերը, առողջապահության և տնտեսական հարաբերությունների։ 

Ծախսերի ամենամեծ կրճատումը, ինչպես ասացինք, կլինի պաշտպանության ոլորտում․ 2025-ին հաստատված բյուջեի համեմատ կկրճատվի մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով։

Կկրճատվեն նաև բնակարանաշինության և կոմունալ ծառայությունների ոլորտի պետական ծախսերը, մշակութային ոլորտի ծախսերը։ Փոքր չափով նախատեսվում է կրճատել հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ծախսերը (ցուցանիշները տե՛ս ստորև ինֆոգրաֆիկայում)։

Նախորդ տարիների փաստացի ցուցանիշները վկայում են, որ բյուջեի ծախսային առաջնահերթությունները հիմնականում նույնն են մնացել։

Ծախսերն անհրաժեշտ չափով կատարելու համար պետությունը պետք է պարտք վերցնի։ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 4.5 %-ի չափով և կազմում է 537.5 մլրդ դրամ: Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հիմնական մասը 2026 թվականին ձևավորվելու է պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից, տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձի մուտքերից:

Զգալի են արտաքին աղբյուրներից` միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվելիք վարկերի հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող միջոցները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter