HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փարաքարում հոկտեմբերի 7-ին կընտրեն համայնքի ղեկավար 

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին այսօր՝ 2025թ. հոկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ էր հրավիրել, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը: Օրակարգում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության ժամկետ սահմանելու և համայնքի տոնը նշելու միջոցառումները չեղարկելու հարցերն էին:

Ավագանին որոշեց, որ համայնքի ղեկավար կընտրեն 2025թ. հոկտեմբերի 7-ին:

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ նախատեսվում էր մի շարք միջոցառումներ՝ հոկտեմբերի 3-ին Փարաքար համայնքի տոնը նշելու համար: Այդ նպատակով իրականացվել էր գնանշման հարցում, հայտարարվել էր մրցույթ: Մրցույթը կայացել էր, ընտրվել՝ հաղթող: Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սպանության հանգամանքը, ավագանին որոշեց գնման պահանջը համարել վերացած և տոնական միջոցառումներ չիրականացնել: 

Նշենք, որ 2025թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կալանավորվել է երկու անձ:

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով:  Համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ էր ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Վալոդյա Գրիգորյանը գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը։

Ընտրությունների արդյունքներով ընտրվել է երեք քաղաքական ուժ՝  «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց» կուսակցություններն ու «Միասնություն» կուսակցությունների դաշինքը: Վերջինս մեծամասնություն է Փարաքար համայնքում, հետևաբար, ենթադրվում է, որ հոկտեմբերի 7-ին այս քաղաքական ուժի առաջադրած թեկնածուն էլ կընտրվի համայնքի ղեկավար:

Այսօրվա արտահերթ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 7 անդամներից մասնակցում էր միայն մեկը՝ Արմինե Հակոբյանը: Իսկ «Ազգային Առաջընթաց» խմբակցության ավագանու երկու անդամից որևէ մեկը չէր մասնակցում նիստին:

Հարկ է նշել, որ այս քաղաքական ուժերի ընտրական ցուցակները ղեկավարել են Փարաքար համայնքի երկու նախկին ղեկավարները, համապատասխանաբար՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը և Դավիթ Մինասյանը: Նրանք նույնպես ավագանու անդամներ են:

Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter