HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բորիս Ավագյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության հասցնելը)։

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերի 24-ին Բորիս Ավագյանին մահացած էին գտել Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքում։ Նա դատարանից փախուստի էր դիմել, որտեղ որոշվում էր քրեական գործով նրա խափանման միջոցի հարցը, և գնացել էր ՀՀ հյուպատոսարան: 

2025թ. սեպտեմբերի 23-ին, «Փաստինֆոն» գրել էր, որ իրենց հետ կապ է հաստատել Բորիս Ավագյանը՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։ 

«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել Ոստիկանություն՝ փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստան»,- լրատվամիջոցին ասել էր Բ. Ավագյանը։ 

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բորիս Ավագյանը Ռուսաստանում մեղադրվել է ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի հարկերից խուսափելու մեջ, սակայն գործը կասեցվել էր, քանի որ 2025թ. օգոստոսի 22-ին նա պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ «հատուկ ռազմական գործողություններին» մասնակցելու համար։ Սակայն, գործը վերաբացվել է, քանի որ Ավագյանը չի կատարել պայմանագրի պահանջները:

Քննչական կոմիտեից էլ «Հետք»-ին հայտնել էին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բորիս Ավագյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (փողերի լվացումը) և 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը): Վերջինիս գտնվել է հետախուզման մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter