HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջաջուռում գտնվող անասնագոմը մի շարք ՍՊԸ-ներ ներկայացնում են որպես շների ստերջացման համար նախատեսված կլինիկա

«Եթե հարցը չլուծվի, ես գոմը վառելու եմ: Եթե Հարություն Վիրաբյանի հիմնած «ձագ» ՍՊԸ-ների դեմն առնելու միակ միջոցը դա է լինելու, ես կգնամ էդ քայլին: Տանելու են նստեցնե՞ն, հա՞, թեկուզ, բայց գոնե կիմանամ, որ կենդանիները փրկված են»: Հարցը կրակի միջոցով լուծելու ցանկությունը երևանաբնակ կենդանասեր, «ԴՈԳՄԱ» կենդանապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Տեր-Անտոնյանի հուսահատության ճիչն է: Վերջինս, Երևանից մեկ այլ կենդանասերի՝ Աննա Մուրադյանի և Արթիկի կենդանասերների հետ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18-ի սահմաններում, հասել էր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռ գյուղ, որտեղ, իրենց տեղեկություններով, ստերջացման անվան տակ, հավաքել և տեղափոխել են շներ Զովունի, Նոր Հաճն, Եղվարդ, Մարտունի, Աբովյան համայնքներից:

«Ես ամեն օր մոտ 130 շուն եմ կերակրում և դա անում եմ արդեն 4 տարի: Իմ առավոտն ու երեկոները նույն գրաֆիկով են սկսվում և ավարտվում,- ասում է կենդանապաշտպան Աննա Մուրադյանը,- ես ոչ միայն կերակրում եմ, այլև զբաղվում եմ թափառող կենդանիների բուժմամբ, նաև գումարներ եմ տրամադրում, որ տարբեր մասնավոր կացարաններում կենդանիներին խնամեն: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պարզեցի, որ անհետացել են խնամքիս տակ գտնվող շներից մի քանիսը: Դուք հասկանում եք, չէ՞, որ հիմնական կերակրման վայր ունեցող կենդանին, որ երբեք տեղը չի փոխում, չի կարող ինքնուրույն անհետանալ տարածքից, նշանակում է՝ տարել են: Իսկ եթե տարել են ստերջացման նպատակով, ապա պիտի վաղուց հետ բերած լինեին»:

Լուրը, որ մի շարք համայնքներում «Նորոգում» ՍՊԸ-ն հաղթել է թափառող կենդանիների ստերջացման նպատակով հայտարարված մրցույթներում՝ առաջարկելով ցածր գին, կրկին անհանգստացրել էր կենդանասերին: Կասկածները, որ անհետացող կենդանիները կապ ունեն նշված կազմակերպության ծավալած գործունեության հետ, ստիպել էր Գոհարին փնտրել և գտնել շների տեղափոխմամբ զբաղվող վարորդին:

«Ես արդեն չգիտեմ՝ ինչ անուն տամ էս ամեն ինչին: «Նորոգում» ՍՊԸ-ն,  ցածր գին առաջարկելով, համատարած հաղթում է բոլոր մրցույթներում: Ստերջացման վայր բոլոր տեղերում նշված է Ջաջուռի էս տխրահռչակ գոմը: Ես չեմ հասկանում, էդ համայնքապետարաններում, որ մրցույթ են հայտարարում, խելքը գլխին մեկը չկա, որ գա, հասնի էստեղ, տեսնի պայմանները, հետ գնա, ասի՝ մերժում ենք,-ասում է Գոհար Տեր-Անտոնյանը։- Ես գտա էդ կազմակերպության վարորդին, անունը Արտակ է, հետը խոսել եմ, ասում է՝ իմ գործը շներին տեղափոխելն է, նաև հաստատել է, որ բերում է Ջաջուռ, թե հետո ինչ է լինում խեղճ կենդանիների հետ՝ պարզ չէ։ Սպանում են, բաց են թողնում, ստերջացնում են՝ անհայտ է: Իրենց անասնաբույժը սովետի ժամանակվա դիպլոմով մեկն է, էն որ կանչում են կովի ծնունդ ընդունի: Էդ մարդը կարո՞ղ է վիրահատել, մրցութային հանձնաժողով, թղթեր ես ուզել ստուգել, էդ հարցը տվե՞լ ես»: 

Արթիկից Ջաջուռ հասած կենդանասերները պատմեցին, որ երեք ամիս առաջ «ԱԴԵԼ ՇԻՆ» ՍՊԸ-ի ստերջացման գործընթացի հենց սկզբում իրենք ունեցել են պրոբլեմ: Նրանցից մեկը, ով չցանկացավ, որ անունը նշենք, պատմեց հետևյալը. «Ես Արթիկի շների մեծ մասին կեր կուդամ, ըսոնք էկել, խնամքիս տակ գտնվող հղի շներին տարել էին: Մեկ օր, երկու օր՝ ձեն չկա, ոչ հետ կբերեն, ոչ բան: Հետո իմացանք, օր բերել են Ջաջուռ, ես զանգեցի էդ տղուն, անունը Սեդրակ էր, կլոր երեսներ տղա էր, ըսի աղբեր ջան, էդ շներին հետ բեր, թե չէ սաղ կենդանասերներին կհավաքեմ գուքանք ըդտեղ, լավ չի էղնի,- պատմում է զրուցակիցս,- որ շատ պնդեցինք, ինքն ելավ-եկավ Արթիկ, քաղաքապետարանի աշխատողների ու մեզի հետ հանդիպավ, ինչ-որ սարեր կխոստանար, թե ես ռեմոնտ բդի էնեմ, էս բդի էնեմ, էն բդի էնեմ, ամեն ինչ նորմալ կեղնի: Հետո իմացանք, օր ինքը ինչ-որ էլիտար շենքում ինչ-որ կլինիկայի նկար է ցույց տվել հանձնաժողովին, բայց իրականում էդ խեղճ շներին Ջաջուռի գոմերը կտանի: Ցույց էր տվել մեծ, սպիտակ գազելի ֆոտո, որպես փոխադրամիջոց, բայց շներին տարել է բուտկա մասկվիչով՝ իրար վրա լցրած: Ինքը դաժե չիդեր՝ ինչ բան է վակցինան, զարմացավ, որ հարց տվեցինք պատվաստումից»:

Արթիկցիներին այդ ժամանակ հաջողվել է վերադարձնել շներին և Արթիկում, ներկայում, ստերջացման ծրագրի հետ կապված որևէ գործողություն չի ընթանում: Զրուցակիցս պնդեց, որ զրուցել են Սեդրակ Վիրաբյանի հետ, թեպետ, որպես «ԱԴԵԼ Շին» ՍՊԸ-ի տնօրեն փաստաթղթերում նշվում է Ա. Պողոսյանի անունը: Արթիկցի կենդանասերները փոխանցեցին, որ աչալուրջ են և կարող են վստահաբար ասել, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում որևէ շուն քաղաքից չի տարվել, կազմակերպության մեքենան չեն նկատել: 

Հիշեցնենք, որ Սեդրակ Վիրաբյանը «Կումնի» ՍՊԸ-ի հիմնադիր Հարություն Վիրաբյանի որդին է։ Արթիկում տեղի ունեցածից և հանդիպումներին նշված անձի մասնակցությունից հետո, կարելի է ենթադրել, որ «ԱԴԵԼ ՇԻՆ» ՍՊԸ-ն ևս պատկանում է Վիրաբյաններին: Կենդանասերների պնդմամբ, նույն ընտանիքին են պատկանում «Նորոգում» ՍՊԸ-ն, արևային վահանակների տեղադրումով զբաղվող «Սոլարիս» ՍՊԸ-ն և այլն: Նշված կազմակերպությունները մասնակցում են տարբեր համայնքներում հայտարարված ստերջացման ծրագրերին, առաջարկելով ցածր գին՝ դուրս մղում մասնագիտացված կլինիկաներին մրցակցությունից: 

«Մենք գուցե չբողոքեինք, եթե տեսնեինք, որ գործ է արվում, բայց էն, ինչ 2024թ․-ին հայտնաբերեցինք Ջաջուռում՝ «Կումնի» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում, էն, ինչ տեսել ենք «ԱԴԵԼ ՇԻՆ»-ի դեպքում Արթիկում, հիմա արդեն «Նորոգում» ՍՊԸ-ի արածն ենք տեսնում, կենդանասերներս չենք կարող էս ամեն ինչին հանգիստ հետևել: Սրանք ստիպում են, որ գնանք ծայրահեղ քայլերի, իսկ ծայրահեղն այն է, որ ես պատրաստ եմ անգամ էս գոմը վառել,- զգուշացնում է Գոհար Տեր-Անտոնյանը։-Մենք էստեղ կմնանք էնքան, մինչև սրանց տերերը գան, Ոստիկանությունը գա, քննիչ գա, հասնելու ենք նրան, որ էս կազմակերպությունների նկատմամբ լուրջ վերահսկողություն լինի»:

Կենդանասերները Ջաջուռում մնացին, մինչև Ախուրյանի ոստիկանության բաժնից երեք ոստիկան ժամանեց: Տեղում արձանագրվեց, որ գոմում առկա են սոված, առանց ջրի պահվող 4 շուն: Ոստիկանությունում հայտարարություն տալու նպատակով, արդեն երեկոյան ժամը 20-ի սահմաններում, կենդանասերները մեկնեցին Ախուրյան համայնք, որտեղ հաղորդում տվեցին հանցագործության մասին: Կեսգիշերին Աննա Մուրադյանը և Գոհար Տեր-Անտոնյանը ակցիա էին անում Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ ուղիղ եթերով պահանջելով քննիչների ներկայություն, քննչական գործողություններ: 

Ժամը 01:00-ին ակցիայի մասնակիցներին ընդունել է Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի պետը: Բանակցությունների արդյունքում, կենդանասերները հասել են նրան, որ երեք քննիչ, արդեն ժամը 04:00-ին մեկնոլ է Ջաջուռ գյուղ: Տեղում, կենդանասերների ներկայությամբ, կատարվել են քննչական գործողություններ, գոմի տարածքից, որտեղ պահվել են շները, հայտնաբերվել է մեկ ներարկիչ՝  ինչ-որ լուծույթով, որն առգրավվել է: Վիրահատական սենյակ կոչվածում ներկաները արձանագրել են դատարկ սառնարան, այնինչ, եթե ստերջացում կատարված լիներ, այդտեղ պետք է լինեին կենդանիների օրգաններ: Բացակայել է գրանցամատյանը, չեն եղել անհրաժեշտ դեղորայք ու վիրահատության համար անհրաժեշտ այլ պարագաներ:

 «Գոմում գտնվող շների վիդեոն տարածել էինք համացանցում և Նոր Հաճնից գտնվեց նրանց խնամակալը, արդեն լուսաբացին, կարծեմ ժամը 06։00-ի կողմերը շներին ուղարկել ենք այնտեղ,- պատմում է Գոհարը,- ես ու Աննան Երևան ենք հասել ժամը 08։00-ին։ Ողջ գիշեր եղել ենք Շիրակի մարզում, ահազանգել ենք Ոստիկանություն, Քննչական, Դատախազություն, երկու անգամ եղել ենք Ջաջուռի գոմի տարածքում, էդքան աղմուկ, էդքան եսիմ ինչ ու տվյալ կազմակերպության հեչ վեջն էլ չի: Ոչ մեկ չեկավ, ոչ մեկ չարձագանքեց, ոչ մեկ չուզեց հասկանա, թե լավ, էդքան անծանոթ մարդ հավաքվել է իրենց կլինիկա կոչված գոմի մոտ, ի՞նչ են անում, բա չգնա՞նք տեսնենք, էնտեղ կենդանի ենք բրախել սոված-ծարավ, բա դրանք ի՞նչ եղան: Զրո արձագանք գոմի տերերի կողմից»:

Հանրության և պատկան ատյանների ուշադրությունը գրավելու, բարձրացված հարցերին հիմնովին լուծում տալու նպատակով, այսօր՝ ժամը 14:30-ին, Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ, կենդանասերները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter