HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիպլոմ՝ կանխիկի դիմաց. հնդիկ ուսանողները` իրենց խաբած գործակալների մասին

Գյումրու «Պրոգրես» համալսարանի նախկին հնդիկ ուսանողները դիմել են «Հետք»-ին՝ պատմելով, որ համալսարանի տարածքում գրասենյակ ունեցող հնդիկ գործակալներ Ասիմ Շարման, նրա կինը և Յոգենդրա Գուրջարը ուսման վճարից ավել կանխիկ գումար են պահանջում ուսանողներից՝ դիպլոմի և բժշկի որակավորման համար: Նախկին ուսանողները պնդում են, որ գործակալները գործում են համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի թողտվությամբ ու նրա հետ ներքին պայմանավորվածությամբ: 

Նրանց խոսքով՝ համալսարանում բարձիթողի վիճակ է, իսկ հնդիկ ուսանողների հետ կապված բոլոր որոշումները կայացնում են հնդիկ գործակալները: 

Դեպի Հայաստան՝ դիպլոմի հույսով. Աայուշ Պատելի և Գուրանգ Ջագգիի պատմությունները

Աայուշ Պատելը 27 տարեկան է, Հնդկաստանի Ինդաուր քաղաքից է: Հայաստանում սովորելու մտադրություն առաջացել է այն ժամանակ, երբ իր քաղաքի կրթական խորհրդատուներից մեկը՝ Ֆահիմ Խանը, նրան պատմել է Հայաստանում գործող Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի մասին: Խորհրդատուն Աայուշ Պատելին ներկայացրել է Ասիմ Շարմային: 2018 թվականի հուլիսին Աայուշ Պատելը եկել է Երևան: 

Այդ ժամանակ Ասիմ Շարման Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում աշխատել է որպես գործակալ: Շարման Աայուշին դիմավորել է Երևանում՝ Զվարթնոց օդանավակայանում, տարել է նրան «Ալեպպո Հոթել» հյուրանոց: Նույն թվականին նա ընդունվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան: 

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորելու ժամանակ Աայուշ Պատելը և մյուս հնդիկ ուսանողները, որոնք սովորել են նույն համալսարանում, ապրել են «Ալեպպո Հոթել» և «Նուռ» հյուրանոցներում:  

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում Աայուշ Պատելը սովորել է 4 տարի՝ մինչև համալսարանի փակվելը: 2022 թվականի փետրվարի 18-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը դադարեցրել է իր գործունեությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիայի տրամադրման պայմանների, պրոֆեսորադասախոսական կազմի և այլ պահանջների խախտումները: 

Համալսարանի փակվելուց հետո դիմել է Հայաստանում գործող այլ համալսարաններ՝ ընդունվելու և ուսումը շարունակելու նպատակով: Նա դիմել էր «Հայբուսակ» համալսարան, «Գլաձոր» համալսարան, Հայկական բժշկական ինստիտուտ, սակայն դրանցից ոչ մեկը չի հաջողվել ընդունվել: Իր գործակալը՝ Ասիմ Շարման, առաջարկել է տեղափոխվել Գյումրու «Պրոգրես» համալսարան: Այլընտրանք չունենալով՝ Աայուշ Պատելը համաձայնել է սովորել Գյումրու «Պրոգրես» համալսարանում: 

Գրեթե նույն կերպ Գյումրու «Պրոգրես» համալսարանում է հայտնվել մեկ այլ հնդիկ ուսանող՝ Գուրանգ Ջագգին: Նրա հետ խոսել ենք հեռախոսազանգով, ներկայում նա ապրում է Հնդկաստանում: 

Ջագգին նույնպես ծանոթացել է Ասիմ Շարմայի հետ 2018 թվականին, երբ եկել էր Հայաստան՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորելու: Նա պատմում է, որ գործակալն իրեն խաբել է ի սկզբանե՝ ասելով, թե Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը Հայաստանի ամենամեծ ու ամենալավ համալսարանն է:

«Իրականում պարզվեց, որ Թերեզան փոքր համալսարան է, չէի հավանել, քանի որ մտածում էի՝ լավ կրթություն այնտեղ չեմ ստանա, ուզում էի տեղափոխվել: Իմ գործակալը՝ Ասիմ Շարման, ասել էր՝ եթե դուր չի գալիս համալսարանը, կարող եմ տեղափոխվել ուրիշ տեղ սովորելու»,- ասում է Գուրանգ Ջագգին: 

Նա պատմում է, որ 2019 թվականին Ասիմ Շարմայի միջոցով Ջագգին տեղափոխվել է Հայկական բժշկական ինստիտուտ: Այդ թվականին 8 հնդիկ ուսանող էր սովորում ինստիտուտում:  

«Համալսարանը լավն էր, ամեն ինչով պատրաստված ու հագեցած համալսարան էր: Մենք ժամանակին կատարում էինք համալսարանի վճարները գործակալին, բայց մեր գործակալի ու համալսարանի միջև հարաբերությունները վատն էին: Ինստիտուտում սովորելու երկրորդ տարում մեզ ասել են, որ չեն ուզում հնդիկ ուսանողների հետ աշխատել ու խնդրել էին տեղափոխվել ուրիշ կրթական հաստատություն»,- պատմում է Ջագգին: 

Ջագգին ասում է, որ Ասիմ Շարման Հայկական բժշկական ինստիտուտում սովորող հնդիկ ուսանողներին տեղափոխել է «Մխիթար Գոշ» համալսարան: 

«Սկզբում ամեն ինչ նորմալ էր, դասերը նորմալ էին, համալսարանը լավն էր, բոլորը գոհ էին: Սակայն, Ասիմ Շարման կորցրեց իր պայմանավորվածությունը համալսարանի հետ: Համալսարանը էլ չուզեց աշխատել Ասիմ Շարմայի հետ: Պատճառն այն էր, որ Ասիմ Շարման գումարները ուսանողներից վերցնում էր կանխիկով, հետո համալսարանին չէր տալիս: Մենք պնդում էինք, որ կարող ենք ինքներս վճարել համալսարանին՝ առանց գործակալի միջնորդության»,- ասում է Ջագգին: 

Նրա խոսքով՝ Ասիմ Շարման չի համաձայնել ուսանողների առաջարկին՝ պնդելով, որ իրենք չեն կարող համալսարանին ուղիղ փոխանցում անել, որ պետք է կանխիկ գումարը դոլարով իրեն տան, իսկ մնացածը ինքը կանի: 

«Բայց նա երբեք ժամանակին չէր վճարում: Ու քանի որ նրան հանեցին համալսարանից, մենք էլ մեխանիկորեն դուրս մնացինք»,- ասում է Ջագգին: 

«Մխիթար Գոշ» համալսարանում Գուրանգ Ջագգին սովորել է երկու տարի: 2022 թվականին այստեղ սովորող ուսանողները տեղափոխվել են Գյումրու «Պրոգրես» համալսարան: Նույն թվականի հոկտեմբեր ամսին «Պրոգրես» համալսարան են ընդունվել նաև Աայուշ Պատելն ու Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում իր հետ սովորող ուսանողների մի մասը: Նրանց մի մասը սովորել է բուժական գործ, մյուս մասը՝ ատամնաբուժության բաժնում: 

Գործակալի մոտ մտնել միայն կանխիկ գումարով՝ առանց հեռախոսի ու պայուսակի 

Մեզ հետ հանդիպած ու զրուցած ուսանողները պատմում են, որ Հնդկաստանում բժշկական համալսարաններում սովորելը 4-5 անգամ ավելի թանկ է, քան Հայաստանում: Այդ պատճառով են նրանք ուսման հնարավորություններ փնտրել Հնդկաստանից դուրս: Հայաստանում իրենց ուսման հարցերով զբաղվողհնդիկ գործակալները՝ Ասիմ Շարման, նրա կինը՝ Սոնա Շարման և օգնականը՝ Յոգենդրա Գուրջարը, նրանց բոլորին խոստացել են դիպլոմ և բժշկի որակավորում՝ պարտադիր կանխիկ գումարի դիմաց: Գործակալները նրանց վստահեցրել են, որ որևէ խնդիր չեն ունենա Հայաստանում՝ «միայն թե վճարեն»: Նրանց նաև ասել են, որ եթե նույնիսկ քննությունները ստանան անբավարար, դիպլոմ ու որակավորում կստանան՝ «կարևորը վճարները անեն ժամանակին»: 

«Առաջին իսկ օրվանից Ասիմ Շարմայի հետ շփումը բացասական էր: Բայց ես ուրիշ տարբերակ չեմ ունեցել, օտար երկրում միայնակ կողմնորոշվելը դժվար է: Միաժամանակ Ասիմ Շարման իր մոտ էր պահում իմ բոլոր փաստաթղթերը՝ նախորդ համալսարաններից, ու այդ իմաստով ես միշտ կախվածություն ունեի նրանից: Դրա համար ստիպված լսում ու կատարում էի իր պահանջները»,- պատմում է Ջագգին:

Ուսանողներն ասում են, որ իրենց փաստաթղթերի, դիմումների հանձնման և ուսման վճարները կատարելու ժամանակ համալսարանների հետ ուղիղ որևէ կապ չեն ունեցել: Այդ ամենը տեղի է ունեցել բացառապես գործակալների միջոցով: Պայմանագիր գործակալների հետ նույնպես չեն ունեցել: 

Միաժամանակ նրանք այս տարիների ընթացքում ուսման վարձը վճարելու ապացույց չունեն, քանի որ կանխիկ գումարը միշտ վճարել են առձեռն՝ Ասիմ Շարմային կամ Յոգենդրա Գուրջարին։ Ասում են՝ նրանք են այդպես պահանջել: Անդորրագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, որը կփաստի վճարելու մասին, նրանց երբևէ չեն տվել: 

Գյումրու «Պրոգրես» համալսարանում գործակալները՝ Ասիմ Շարմայի գլխավորությամբ, համալսարանի շենքի տարածքում ունեն գրասենյակ: Ուսանողները պատմում են, որ գործակալների հետ հանդիպումների մտնելուց առաջ իրենց կարգադրել են գրասենյակի ընդունարանում թողնել հեռախոսները, ժամացույցը, պայուսակները: 

Գործակալներից Յոգենդրա Գուրջարը զբաղվել է ուսման վարձի ու դիպլոմների վճարների հավաքագրմամբ: 

«Երբ տանում էինք գումարը, Յոգգին (Յոգենդրա Գուրջարը) իր համակարգչում կամ տետրում գրում էր մեր անունը և վճարած գումարի չափը: Դա էր միակ ապացույցը, որ մենք որևէ գումար ենք վճարել»,- պատմում է Աայուշ Պատելը: 

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում սովորելու առաջին տարում Աայուշ Պատելը Ասիմ Շարմային ընդհանուր վճարել է 6500 դոլար կանխիկ գումար՝ 3500 դոլարը՝ որպես ուսման վճար, 3000 դոլար՝ հյուրանոցի սենյակի համար, որը կիսել է երեք այլ հնդիկ ուսանողի հետ: 

Գյումրու «Պրոգրես» համալսարանում ուսանողները մեկ տարվա ուսման համար վճարել են 4000 դոլար, չնայած, ըստ պայմանագրի, իրենց ուսման վճարը եղել է 3000 դոլար: Ընդ որում, ուսանողների ու համալսարանի ռեկտորի միջև պայմանագրի մեջ, որն ուսանողներին տրամադրում են գործակալները, արժույթը դոլարն է: 2022-2023 թվականների պայմանագիրը նկարել էր ուսանողներից մեկը: 

Պայմանագրի նմուշը

 

Բացի դրանից, ուսանողները ավարտական քննություններից առաջ ևս կանխիկ գումար են վճարել՝ դիպլոմի և որակավորման համար՝ անձամբ գործակալներին: Այդ գումարը, ուսանողների խոսքով, տատանվում է 1000 դոլարից միչև 10 000 դոլարի սահմաններում: Աայուշ Պատելը 6-րդ տարվա տարեկան ուսման վճարից բացի, դիպլոմ ու որակավորում ստանալու համար գործակալներին վճարել է ևս 4000 դոլար: Նույնքան վճարել են նաև իր ընկերները: 

Աայուշ Պատելի խոսքով՝ եթե ուսանողը տարվա ուսման վարձը միանգամից չի վճարում, գործակալները պահանջում են հավելյալ 200 դոլար վճարել ուշացման համար: 2024-2025 ուստարվա շրջանավարտներից մեկից, որը խնդրել է անանուն մնալ (վախենում է, որ գործակալները չեն տա որակավորման փաստաթուղթը), պահանջել են 8000 դոլար վճարել՝ դիպլոմը և որակավորումը ստանալու համար, չնայած վերջինս արդեն հանձնել է քննությունները: Այս ուսանողը դեռ վճարել է միայն գումարի կեսը: Դիպլոմների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ նրան հանձնել են դիպլոմը: Գործակալները նրան ասել են, որ պետք է վճարի գումարի երկրորդ մասը՝ բժշկի որակավորման փաստաթուղթը ստանալու համար: 

Հայաստանում հնդիկ ուսանողների ուսումը կազմակերպելու համար գործում է երկու խումբ՝ մեկը Հնդկաստանում, մյուսը՝ Հայաստանում: Հնդկաստանում հավաքագրում են Հայաստանում սովորել ցանկացող ուսանողներին և կապում այստեղ աշխատող գործակալների հետ: Կան մի քանի կայքեր, սոցիալական էջեր, որոնք գովազդում են Հայաստանի մի շարք բժշկական համալսարաններ: Ինչպես օրինակ՝ Dr.Sush International education կայքը գովազդում է Գյումրու «Պրոգրես» համալսարանը, որը ներկայացված է որպես բժշկական համալսարան, Էրեբունի բժշկական ակադեմիան, «Հայբուսակ» բժշկական համալսարանը և «Գլաձոր»  համալսարանը: Հայկական համալսարանների գովազդով զբաղվում են նաև Arrange my university կայքը, educatly կայքը, բժիշկ ներկայացող Սուշմիտա Ռամեշը՝ իր ինստագրամյան էջում և յութուբյան ալիքում:  Նա նույնպես ակտիվ գովազդում է Գյումրու «Պրոգրես» համալսարանը: 

Բուժական գործ և ատամնաբուժություն՝ Գյումրու «Պրոգրես» համալսարանում՝ առանց հավատարմագրման 

Այս բոլոր կայքերում և սոցիալական էջերում գովազդվող համալսարաններից առավել ակտիվ գովազդում են Գյումրու «Պրոգրես» համալսարանը: Համալսարանն ամենուր ներկայացված է Գյումրու «Պրոգրես» բժշկական համալսարան անունով: 

1990 թվականին հիմնադրված համալսարանի ռեկտորը ստեղծման պահից Ռաֆիկ Խաչատրյանն է: Համալսարանը լիցենզիա է ստացել 2000 թվականին: 

2022 թվականից Գյումրու «Պրոգրես» համալսարանում առկա ուսուցմամբ գործում են «Բուժական գործ» և «Ատամնաբուժություն» մասնագիտություններով բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր: Հենց այս թվականին ու այս մասնագիտություններով են հնդիկ ուսանողները սկսել սովորել Գյումրու «Պրոգրես» համալսարանում: Համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի խոսքով՝ իրենք՝ գործակալներն են առաջարկել համագործակցել: 

«Ասել են՝ ուսանողները կան: Ես էլ, իրենց հավատալով, պայմանագիր եմ կնքել հետները»,- ասում է ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում: 

Համալսարանի կայքում գրված է, որ ուսուցումն իրականացվում է լիցենզավորված    գործունեության թույլտվությամբ, և որ 10 մասնագիտությունից միայն երկուսը չունի հավատարմագրում: Ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի խոսքով՝ «Բուժական գործ» և «Ատամնաբուժություն» մասնագիտություններն են, որ չեն ունեցել հավատարմագրում: Նա հավելել է, որ այս երկու մասնագիտությունների համար լիցենզավորում համալսարանն անցել է Ղազախստանում ու ստացել է այն 3 ամիս առաջ՝ 2025 թվականի հունիսին: Մենք հարցում էինք ուղարկել ու խնդրել էինք տրամադրել հավատարմագրման փաստաթղթերը, սակայն համալսարանը հրաժարվել է պատասխանել հարցմանը: Ստացվում է, որ առնվազն երեք ուսումնական տարի համալսարանը իրականացրել է երկու մասնագիտությունների կրթական ծրագիրը՝ առանց համապատասխան լիցենզիայի: 

Բացի այդ, ուսանողները պատմում են, որ դասապրոցեսը 1-6-րդ կուրսերի համար կազմակերպվում է 4-5 դասախոսի միջոցով, որոնք էլ իրենց հերթին լավ չեն տիրապետում անգլերենին:  Միաժամանակ հաճախ են լինում այլ կուրսերի հետ համատեղ դասեր: Չնայած Ռաֆիկ Խաչատրյանն ասում է, որ արտասահմանից մասնագետներ են հրավիրում «Պրոգրես» համալսարանում դասավանդելու համար, ուսանողները պնդում են, որ իրենց նման դասախոսներ չեն դասավանդել: 

Ուսանողներից Ջագգիի խոսքով՝ «Պրոգրես» համալսարանում սովորելու ժամանակ ինքը գրեթե դասի չի գնացել: 

«Ամսվա ընթացքում 4-5 անգամ կարող էի գնալ դասի: Գործակալները մեզ նույնիսկ վստահեցրել էին, որ եթե քննություններն անբավարար ստանանք, մեր դիպլոմները և որակավորումը ստանալու խնդիր չենք ունենա, միայն թե վճարենք»,- ասում է Ջագգին: 

2023-2024 ուսումնական տարում Աայուշ Պատելը, Գուրանգ Ջագգին, Ռավի Ռանջանը, Կունալը, Սոնու Բարուեն պետք է ավարտեին Գյումրու «Պրոգրես» համալսարանը՝ ստանալով բժշկի որակավորում: 

Գյումրու «Պրոգրես» համալսարանում ավարտական քննությունները հանձնելուց հետո Աայուշ Պատելի ու ևս երեք հնդիկ ուսանողների անունները չեն հրապարակվել հաջողությամբ ավարտածների ցանկում, ու մինչ օրս նրանք չեն ստացել դիպլոմ՝ բժշկի որակավորմամբ: Ուսանողները պնդում են, որ քննության ժամանակ անբավարար ստանալու մասին իրենց որևէ բան չեն ասել և դիպլոմ չտալը բացատրում են նրանով, որ հավելյալ գումարը գործակալներին վճարել են քննություններից հետո:

«Մենք պետք է քննություններից առաջ գնայինք Ասիմ Շարմայի մոտ, տայինք գումարը, որպեսզի ինքը ասեր հանձնաժողովին ու հանձնաժողովն էլ մեզ քննության ժամանակ բավարար նշանակեր»,- ասում է Աայուշ Պատելը: 

Ուսանողները պնդում են, որ հենց սրա պատճառով գործակալները որոշել են պատժել իրենց: Դիպլոմը չստացած ուսանողներից մեկի՝ Ռավի Ռանջանի, Ասիմ Շարմայի ու Յոգենդրա Գուրջարի նամակագրության վերծանությունից  երևում է, որ գործակալներից Ասիմ Շարման ուսանողին մեղադրում է սխալի համար՝ ասելով, որ Ռավի Ռանջանն ինքն է իրեն գցել խառնաշփոթի մեջ ու պետք է ինքն էլ դուրս գա դրանից՝ ակնարկելով գումարը նախապես չվճարելը: Այդ նամակագրությունը եղել է 2024 թվականի օգոստոսի 5-ին, երբ արդեն հրապարակվել էր քննությունն անցած ուսանողների նախնական ցանկը, իսկ Ռավի Ռանջանի, Աայուշ Պատելի, Կունալի և Սոնու Բարուեի անուններն այդ ցանկում չկային: Գործակալը հորդորում է սպասել վերջնական ցանկին: Իսկ մյուս գործակալի նամակագրության մեջ Ռավի Ռանջանը գրում է, որ գումարը պատրաստ է ու պայմանավորվում է հանդիպման համար: 

Ասիմ Շարմայի հետ նամակագրությունները

 

Վճարելուց հետո էլ Ռավի Ռանջանը, Աայուշ Պատելը և մյուսները, որոնք յուրաքանչյուրը հավելյալ 4000 դոլար էին վճարել, այդպես էլ չեն ստացել դիպլոմը և որակավորումը: 

Ուսանողները պատմում են, որ գործակալը՝ Ասիմ Շարման, իրենց խոստացել է՝ ուշացումով, բայց կստանան դիպլոմը: 2024 թվականի աշնանից մինչ այժմ ուսանողները մի քանի անգամ գնացել են Հնդկաստան, եկել Հայաստան՝ դիպլոմը ստանալու հույսով: Գործակալները նրանց ասել են, որ պետք է նորից քննություն հանձնեն, բայց նորից պետք է յուրաքանչյուրը վճարի 4000 դոլար: 2025-ի ամռանը նրանք փորձել են հանդիպել համալսարանի ռեկտորի հետ: Ռեկտորը նույնպես ասել է՝ պետք է նորից հանձնեն քննությունները, քանի որ անցած տարի անբավարար են ստացել: Իսկ ուսանողները պնդում են, որ ռեկտորը գործակալների բոլոր գործերի մասին տեղյակ է: 

Ռեկտորը գոհ է գործակալների աշխատանքից

Համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանն հարցրինք, թե ինքը տեղյակ է արդյոք, որ համալսարանում գործող հնդիկ գործակալները ուսանողներից գումարը պարտադիր կանխիկ են վերցնում։  

«Դա գործակալների ներքին կանոնադրության հարցն է, նրանք բիզնես են անում, ունեն գործակալություն ու զբաղվում են նման հարցերով, իրենք իրենց շահույթներն ունեն: Նրանք իրենց շահույթներն են վերցնում, իսկ մերը հստակ փոխանցում են մեզ»,- ասել է ռեկտորը: 

Մենք նաև հարցրինք, թե կասկածելի կամ մտահոգիչ չէր արդյոք գործակալների նախկին չհաջողված համագործակցությունները Հայաստանի այլ համալսարանների հետ: Ռաֆիկ Խաչատրյանն ասաց, որ ինքը գործակալների աշխատանքից գոհ է: 

Հարցին, թե արդյոք տեղյակ է, որ ուսանողներից ավելի շատ գումար են պահանջում, քան նշված է պայմանագրում, ինչպես նաև դիպլոմի համար առանձին մոտ մի տարվա ուսման վարձի չափ ու ավելի գումար են պահանջում, ռեկտորը պատասխանել է, որ «գործ չունի ու չի հետաքրքրվում, թե ինչ պայմանավորվածություն կա ուսանողների ու գործակալների միջև: 

«Մեր պայմանագիրը գործակալի հետ է, իսկ գործակալը կատարում է իր պարտավորությունները, մյուս հարցերին մենք չենք խառնվում»,- ասում է Ռաֆիկ Խաչատրյանը: Պայմանագրի պայմանների ու գործակալների հետ պայմանավորվածությունների մասին ռեկտորը հրաժարվեց պատմել: 

Մենք միաժամանակ հարցրել ենք՝ արդյոք ինքը տեղյակ է, որ գործակալներն ուսանողներին խոստանում են դիպլոմ, նույնիսկ եթե քննություններն անբավարար ստանան կամ չգան դասի: Ի պատասխան ասաց, որ գործակալների խոստումներն իրեն չեն հետաքրքրում, ու ինքը տեղյակ չէ դրանց մասին: Իսկ անցած տարի դիպլոմ չստացած ուսանողների մասին ասաց, որ խուլիգաններ են, քանի որ քննությունը չեն հանձնել ու համալսարանի դեմ բողոք են ներկայացրել Հնդկաստանի դեսպանատանն ու Կրթության նախարարությանը: Նրա խոսքով՝ ուսանողները պետք է նորից հանձնեն քննություն, այլ կերպ դիպլոմ չեն ստանա: 

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է դիմել Ոստիկանություն 

Հնդիկ ուսանողները՝ Աայուշ Պատելը, Ռավի Ռանջանը, Կունալը և Սոնու Բարուեն 2025 թվականի օգոստոսին դիմել են մի քանի գերատեսչություններ՝ Հնդկաստանի դեսպանատուն, ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև ԱԱԾ: 

Ուսանողներն ասում են, որ դեսպանատունը ոչինչ չի արել: Նրանք այցելել են դեսպանատուն երեք անգամ: Դեսպանը հրաժարվել է հանդիպել նրանց հետ:  Իսկ ԱԱԾ-ից ոչ մի պատասխան չունեն: ԿԳՄՍ նախարարությունից ասել են, որ եթե բողոք ունեն, կարող են դիմել Ոստիկանություն, իրենք չեն կարող զբաղվել այդ հարցով: Իսկ ի պատասխան բողոքի, կցել են Գյումրու «Պրոգրես» համալսարանի պատասխանը: Համալսարանի պատասխանի մեջ ասված է, որ իրենց դիմած ուսանողնեը 2023-2024 ուսումնական տարվա ավարտական քննություններից երկուսը ստացել են անբավարար, դիպլոմ ստանալու համար նրանք պետք է նորից հանձնեն քննությունները: Պատասխան նամակի մեջ գործակալներ Ասիմ Շարման և Յոգենդրա Գուրջարը ներկայացվում են որպես համալսարանի ներկայացուցիչներ: Նախարարությունը պատասխանի մեջ ոչ թե հերքում է, որ համալսարանի ներկայացուցիչները գումար չեն պահանջել ուսանողներից, այլ ասում է՝ քանի որ ուսանողները ձախողել են ամփոփիչ քննությունները, չի կարող լինել ֆինանսական պահանջ գոյություն չունեցող դիպլոմի տրամադրման համար: 

Ներկայացնում ենք համալսարանի պատասխանի այդ հատվածը. 

«Ինչպե՞ս կարող է դիպլոմ տրամադրվել անձանց, որոնք ձախողել են ամփոփիչ ատեստավորման քննությունները: Հետևաբար, չի կարող լինել որևէ իրավիճակ, երբ ֆինանսական պահանջը կարող է կապված լինել դեռևս գոյություն չունեցող դիպլոմի տրամադրման հետ»: 

Մինչդեռ ուսանողները շարունակում են պնդել, որ քննության պահին իրենց չեն ասել անբավարար ստանալու մասին: Նրանք համոզված են՝ եթե գործակալների պահանջած գումարը տային ավարտական քննություններից առաջ, ու գործակալներն էլ նախապես ասեին հանձնաժողովին, որ քննությունը բավարար նշանակեն, իրենք առանց ուշացման կստանային դիպլոմներն ու բժշկի որակավորումը: Միաժամանակ ուսանողները մտավախություն ունեն, որ եթե նույնիսկ նորից հանձնեն քննությունները, անկախ արդյունքներից, հանձնաժողովը բավարար չի նշանակի, և իրենք այդպես էլ չեն ստանա իրենց դիպլոմները, քանի որ բազմիցս դժգոհել են համալսարանից ու գործակալներից: 

«Հետք»-ը բազմիցս փորձել է կապ հաստատել գործակալների՝ Ասիմ Շարմայի, Յոգենդրա Գուրջարի, Սոնա Շարմայի, Սուշմիտա Ռամեշի հետ: Սակայն, նրանք չեն պատասխանել ո՛չ մեր զանգերին, ո՛չ նամակներին: 

Տարիներ շարունակ Հայաստանի մասնավոր բուհերում ձեւավորվել է մի ցանց, որում  հնդիկ ուսանողները հայտնվել են գործակալների վերահսկողության տակ։ Ամուսիններ Ասիմ և Սոնա Շարմաները, Յոգենդրա Գուրջարը ուսման վարձից բացի, վերցրել են կանխիկ գումարներ՝ դիպլոմ և որակավորում ստանալու համար։ Գործակալները փաստացի տնօրինել են ուսանողների ուսումնական պրոցեսը՝ պահանջելով վճարումներ քննություններից առաջ և հետո՝ իբր չհանձնած քննությունները ստանալու համար։ Բուհի ռեկտորը չի հերքում գործակալների ներգրավվածությունը, սակայն խնդիր չի տեսնում: Նրա համար կարևոր է միայն գործակալների՝ բուհին գումարների փոխանցումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter