
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի հետ
Բրյուսելում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
«Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին և դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են առաջիկա անելիքներին և համագործակցության խորացման հեռանկարներին՝ շեշտելով, որ վերջին տարիներին Հայաստան–ԵՄ հարաբերությունները նոր որակ ու խորություն են ձեռք բերել:
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում և ընդգծել ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրման հարցում:
Իր հերթին, Մարթա Կոսը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ տարբեր ուղղություններով կապերի խորացման և ընդլայնման քայլերը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են վիզաների ազատականացման շուրջ արդյունավետ երկխոսության փաստը և նշել, որ այդ ուղղությամբ ևս արձանագրվել է զգալի առաջընթաց:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տարածաշրջանում ստեղծված հնարավորությունների, մեր երկրում TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շուրջ»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Մեկնաբանել