
Ադրբեջանական ինքնաթիռն ուղիղ չի խոցվել ռուսական հրթիռից. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է տարեվերջին ադրբեջանական Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման թեմային, որը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարման պատճառ։
Պուտինը Ալիևին առաջարկել է հանդիպումը սկսել հենց այս թեմայով։ Նրա խոսքով՝ ադրբեջանական ինքնաթիռի ավիաաղետի պատճառը, մասամբ, «երկնքում ուկրաինական անօդաչուի առկայությունն էր»։ Նրա խոսքով՝ ռուսական երկնքում այդ օրը եղել է ուկրաինական երեք անօդաչու, որոնք հատել էին ռուս-ուկրաինական սահմանը։ Պուտինի պնդմամբ՝ դա պարզ է դարձել տեղի ունեցածի մանրակրկիտ ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո, որի մասին իրեն զեկուցել են միայն երկու օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին։
The causes of the AZAL plane crash are partly related to the fact that a Ukrainian drone was in the sky.
— Zmei 🇷🇺 (@zmei_ru) October 9, 2025
— Putin said during a meeting with Azerbaijani President Ilham Aliyev pic.twitter.com/O4jvYHwMkx
Պուտինը հայտնել է, որ երկու հրթիռները, որոնք արձակվել են Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, ուղղակիորեն չեն խոցել ադրբեջանական ինքնաթիռը, այլ պայթել են մի քանի մետր հեռավորության վրա։ Պուտինն այն համոզմանն է, որ ինքնաթիռը խոցվել է ոչ թե ՀՕՊ համակարգի հրթիռների մարտական մասնիկներից, այլ, ամենայն հավանականությամբ, բեկորներից։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ինքնաթիռի անձնակազմին ռուսական կողմն առաջարկել է վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն նրանք որոշել են շարժվել դեպի բազավորման օդանավակայան։
Պուտինը նաև ընդգծել է, որ պետք է տալ իրավիճակի օբյեկտիվ գնահատականն ու հայտարարել ինքնաթիռի կործանման իրական պատճառների մասին։ Նրա կարծիքով՝ ժամանակ է պետք, որպեսզի այդ գործը վերջնականապես ավարտվի։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն իրավական գնահատական կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք կապված են այս աղետի հետ՝ հավելելով, որ փոխհատուցում կտրվի նաև զոհերի ընտանիքներին։
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին այդ տեղեկությունների ու իրավիճակն իր հսկողության տակ պահելու համար։
Լուսանկարը՝ Haber Global-ից
Մեկնաբանել