
«Միասնության թևեր» շարժումը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն Արման Թաթոյանն է
Այսօր` հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ «Միասնության թևեր» շարժման հիմնադրման միջոցառումը։ Շարժումն առաջնորդելու է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, Լուսինե Ղազարյանը և Արեն Մեհրաբյանը:
Թաթոյանն անդրադարձավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, առողջապահական, անվտանգային հարցերին և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությանը: Խոսեց նաև եկեղեցի-պետություն և Հայաստան-սփյուռք հարաբերությունների՝ իր պատկերացրած մոդելի մասին:
«Մենք պետք ենք իրար: Հայաստանն առանց սփյուռքի թույլ է, իսկ սփյուռքը առանց Հայաստանի երկար գոյատևել չի կարող»,- ասաց Թաթոյանը:
Նախկին ՄԻՊ-ը նաև կարծիք հայտնեց, որ հարմարվողական արտաքին քաղաքականությունից պետք է անցում կատարել ճկուն արտաքին քաղաքականության:
«Հակադրության դարաշրջանն ավարտվել է, եկել է համագործակցության ժամանակը»,-ելույթն ավարտելով՝ նշեց Թաթոյանը:
Շարժման տնտեսական բլոկը ներկայացրեց Դավիթ Անանյանը: Նա խոսեց Հայաստանի արդյունաբերական պոտենցիալի ընդլայնման և տնտեսության կերպափոխման անհրաժեշտության մասին:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում կառուցել երկու արդյունաբերական ձեռնարկություն, արհեստական բանականությունը ինտեգրել ռազմադյունաբերության մեջ, մեծացնել մասնակցությունը տիեզերքի ուսումնասիրությանը. սրանք էին տնտեսական ոլորտում Անանյանի նշած առաջնահերթությունները:
Սոցիալական ոլորտի բարեփոխման վերաբերյալ շարժման մոտեցումները ներկայացեց Լուսինե Ղազարյանը:
Ղազարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ապահովել հավասար ելակետային հնարավորություններ բոլորի համար: «Սոցիալական արդարությունը համերաշխության հիմք է»,-ասաց Ղազարյանը:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ շարժման առաջնորդ Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում Թաթոյանը հայտարարեց, որ մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Թե ինչ ձևաչափով կլինի մասնակցությունը` առանձին, թե դաշինքով՝ Թաթոյանը չհստակեցրեց:
Մեկնաբանել