HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առողջապահության ապահովագրություն. ի՞նչ է սպասվում արդեն ապահովագրվածներին, սոցփաթեթի մասնակիցներին

2026 թվականից աշխատող այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը 200 հազար դրամից (ներառյալ հարկերը) բարձր է, իրենց աշխատավարձից ամսական 10 800 դրամ պետք է վճարեն առողջապահության ապահովագրության համար։ Դա պարտադիր է լինելու առողջապահության համապարփակ ապահովագրության շրջանակներում։ Տարեկան գումարը կկազմի 129 600 դրամ։

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առողջապահության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը։

Օրենքի ուժ ստանալու համար այն դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում և ընդունվի, բայց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ ընդունվելու է, քանի որ 2026-ի պետական բյուջեում այն արդեն ներառվել է։ Նախարարն այս մասին հոկտեմբերի 1-ին ասել է լրագրողների հետ հանդիպմանը։

Համակարգի վերաբերյալ քաղաքացիների հարցերը շատ են։ «Հետք»-ը փորձել է մեկտեղել մի քանի հարցի պատասխան, այդ թվում՝ արդյոք արդեն իսկ առողջապահության ապահովագրություն ունեցողները պետք է միանա՞ն պետական՝ համապարփակ ապահովագրությանը, ի՞նչ է սպասվում սոցփաթեթի մասնակիցներին։

Նախատեսվում է, որ քաղաքացիների կողմից «Զինապահ» հիմնադրամին վճարվող գումարները կնվազեցվեն, ինչպես նաև՝ վճարված եկամտային հարկից որոշակի գումար հետ ստանալու հնարավորություն կլինի։

Ովքեր 2026-ին կդառնան առողջապահության համապարփակ ապահովագրության պարտադիր մասնակից

Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը մեկնարկում է 2026 թվականից։ Համակարգի մասնակից կդառնան այն աշխատող քաղաքացիները, որոնք ամսական ստանում են 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարներ, մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարին լրացած անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ զինհաշմանդամները, անապահովության բալ ունեցող քաղաքացիները։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդող երկու տարում։ Իսկ մինչ այդ, կշարունակեն օգտվել պետական այն ծրագրերից, որոնց շահառու են։ Ցանկը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը։

Թեև նշված խմբերի մի մասը, օրինակ՝ մինչև 18 տարեկան երեխաներն, այսօր էլ անվճար օգտվում են բժշկական որոշ ծառայություններից, սակայն, ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը, այս խմբերը դուրս կգան պետպատվերի շրջանակից և կներառվեն առողջապահության ապահովագրության համակարգում։ Նրանց համար պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի ապահովագրության ծախսերը։

​​Այսինքն՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները գոյանալու են երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեից և համակարգին միանալու համար նախատեսված քաղաքացիների ապահովագրավճարներից:

Ինչպես նշված է նախագծում, 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները 2026-2027 թվականներին տարեկան կվճարեն 129 600 դրամ, 2028 թվականից՝ արդեն 164 400 դրամ։

Անահիտ Ավանեսյանն ասում է, որ գումարի այս շեմերն են որոշվել՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերն ու պետական բյուջեի հնարավորությունները։ Մեկնարկից հետո նախատեսվում է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգն ընդլայնել, մեծացնել ծառայությունների փաթեթը։

«Նախատեսվում է բոլոր ապահովագրված անձանց համար նախատեսել միևնույն ծածկույթը՝ անկախ վճարունակությունից և սոցիալական կարգավիճակից (տարբերությունները կարող են պայմանավորված լինել միայն տարիքով և սեռով պայմանավորված ծառայությունների առանձնահատկություններով)»,- նշված է նախագծում։

Ընդհանուր առմամբ, առաջին փուլով առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգին միացող քաղաքացիների թիվը հաշվարկված է 1 մլն 600 հազար, որից 190 հազարը, ըստ Առողջապահության նախարարության, 200 հազար դրամ և ավելի բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներն են։

Ընդ որում՝ բոլոր այս խմբերի քաղաքացիները պետք է լինեն միաժամանակ և՛ ՀՀ քաղաքացի, և՛ ռեզիդենտ, որն ապահովագրման օրվան նախորդող տասներկու ամիսների ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել է 183 և ավելի օր։ Խոսքը նաև Արցախից տեղափոխված հայրենակիցների մասին է։

Արդեն իսկ առողջության ապահովագրություն ունեցողներն ու սոցփաթեթից օգտվողները ևս պարտավոր են միանալ համապարփակ ապահովագրությանը

Հայաստանում մի շարք քաղաքացիներ արդեն իսկ օգտվում են առողջության ապահովագրությունից՝ մասնավոր ապահովագրական ընկերություններից։

Ընդ որում, ապահովագրության որոշ փաթեթներ ներկայում ծառայությունների բավականին լայն շրջանակ ունեն։

Սակայն, ինչպես ենթադրում է ներկա նախագիծը, նրանք ևս պարտավոր են միանալ համապարփակ ապահովագրությանը։

Եթե առողջության ապահովագրություն ունեցող քաղաքացու ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը, ապա նա համակարգին պետք է միանան 2026 թվականից, իսկ եթե չի գերազանցում՝ ապա 2027 թվականից։ 

«Ունենալու ենք մեկ բազային փաթեթ, որին ի լրումն շարունակելու են գործել մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրող հավելյալ ծառայություններ ներառող փաթեթները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ավանեսյանը։  

Ըստ նրա՝ պետության դերն է մարդկանց հիմնական առողջական խնդիրները լուծել, բայց նաև հնարավորություն տալ, որ մարդիկ մասնավոր ապահովագրական փաթեթներով ունենան շատ ավելի ընդլայնված ծառայություններ, որոնք կարող են տրամադրել արդեն մասնավոր ընկերությունները։ 

«Առողջության համապարփակ ապահովագրության հետ մեկտեղ կամավոր բժշկական ապահովագրությունը գործելու է ի լրումն ապահովագրված և չապահովագրված անձանց հիմնական փաթեթի և նվազագույն ծառայությունների ծավալների` ներառելով դրանցում չընդգրկված ծառայություններ»,- նշված է առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ օրենքի նախագծում։

Նույն տրամաբանությամբ նաև սոցփաթեթի շահառուներն են միանալու համապարփակ ապահովագրությանը։ Եթե նրանց աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը, նրանք ևս միանում են համակարգին 2026-ին։

Եթե աշխատավարձը 200 հազար դրամից ցածր է, ապա սոցփաթեթում փոփոխությունները կլինեն 2027 թվականից։

Նրանց սոցփաթեթի առողջության բաղադրիչն արդեն փոխվում է։ «Այն տարեկան 72 հազար դրամները, որն իրենք ունեն և կարող են օգտագործել իրենց հանգստի, հիփոթեքի ուղղություններով, դրան ավելանում է նաև առողջության համապարփակ ուղղությունը, և նրանք կարող են ապահովագրության շրջանակներում իրենց ապահովագրավճարն այդ չափով սուբսիդավորել»,- ասում է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը։ 

Ստացվում է, որ սոցփաթեթից օգտվողները կարող են 72 000 դրամը չօգտագործել և դա ուղղել ապահովագրությունը։ Արդյունքում, 129 600 դրամի փոխարեն կարող են տարեկան վճարել 57 600 դրամ։ Բացի այդ, ինչպես նրանց, այնպես էլ մյուս ապահովագրվող քաղաքացիների համար, սպասվում է դրոշմանիշային վճարների նվազեցում։ Դա այն գումարն է, որը քաղաքացիները իրենց աշխատավարձից վճարում են «Զինապահ» հիմնադրամին։

Շեշտենք՝ այդ փոփոխությունները կլինեն, եթե նախագիծն ընդունվի այն տեսքով, որով հիմա դրված է հանրային քննարկման։ 

«Զինապահ» հիմնադրամին կատարվող վճարները կարող են նվազեցվել, վճարված եկամտային հարկից՝ որոշ գումար վերադարձվել

Ըստ Սամվել Խարազյանի՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներառված քաղաքացիների համար նրանց կողմից «Զինապահ» հիմնադրամին վճարող գումարների նվազեցում է նախատեսվում, ինչպես նաև՝ վճարված եկամտային հարկի որոշակի վերադարձ։

«Զինծառայողների հիմնադրամին կատարվող վճարները մինչև 1 մլն դրամ ամսական աշխատավարձ ստացողների համար կնվազի և կսահմանվի ամսական 1000 դրամ, ինչը զգալի ֆիսկալ տարածք կստեղծի ապահովագրավճարների կատարման համար»,- ասում է Խարազյանը։ 

Ինչ վերաբերում է եկամտային հարկի որոշակի վերադարձին, ըստ Խարազյանի, դա ենթադրում է, որ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կարող են ամսական մինչև 6 հազար դրամի չափով, 500 հազար դրամից բարձր ստացողները՝ ամսական 4 հազար դրամի չափով իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ ապահովագրության համակարգում ընդգրկվելուց հետո։

Լրագրողների հետ հանդիպմանը Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ըստ հետագա տարիների պետական բյուջեների՝ կորոշվի՝ այս սուբսիդավորումները կմնա՞ն, թե՞ կփոփոխվեն։ 

Պոլիկլինիկա՞, թե՞ հիվանդանոց

Ապահովագրության շրջանակներում քաղաքացին գանգատների դեպքում պետք է դիմի նախևառաջ պոլիկլինիկա։ Կգնահատվի ախտորոշումը, վիճակը, ախտանիշները և կորոշվի՝ տեղու՞մ բուժել, թե՞ հոսպիտալացման ցուցումներով ուղարկել հիվանդանոցային բուժօգնության, որը ևս ապահովագրությունը կփակի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հոկտեմբերի 1-ին ասել է Անահիտ Ավանեսյանը։

«Հիվանդանոցային բուժօգնության մեջ մենք ունենք դեղորայքային ամենօրյա ծախսի շրջանակներ։ Օրինակ՝ օրական 50 հազար դրամից ավելի դեղորայքային կարիքը, որը շատ բացառիկ դեպքերում է լինում, կփակի ապահովագրությունը։ Հավելյալ ծառայությունները, որոնք այս շրջանակներում չեն տեղավորվում, արդեն կփակի անձը կամ մասնավոր ապահովագրությունը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ չպետք է մտածել, որ ապահովագրությունն ամեն ինչ փակելու է։ Որևէ երկրում նման համակարգ չկա։

Ըստ նախարարի՝ առողջապահության ապահովագրության վճարների դիմաց քաղաքացիներին կմատուցվի կանխարգելիչ, հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծառայություններ, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ և այլն։

Այս ծառայությունները Կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են։ 

Կգործի Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը։

Գործատուն կարող է վճարել աշխատողի փոխարեն

Առաջարկվող նախագծով հնարավորություն է տրվում, որ աշխատողի փոխարեն գործատուն վճարի սահմանված ապահովագրավճարները։

«Այսօր էլ շատ գործատուներ իրենց աշխատողների ապահովագրությունը վճարում են։ Եվ այստեղ էլ օրենքը նույնական թողնում է հնարավորությունը՝ դա կվճարի գործատու՞ն, թե՞ աշխատողը, իրենց համաձայնության հարցն է։ Գործատուներին շատ ավելի ձեռք է տալիս իրենց աշխատողների առողջ լինելը, ճիշտ ժամանակին այդ հոգսերը հոգալը, և որպես նաև խթանող երաշխիքներ մեր գործատուները տալիս են»,- ասում է Անահիտ Ավանեսյանը։

Նա շեշտում է, որ պետությունը գործատուների համար շահութահարկի որոշակի նվազեցում է անում, քանի որ այն ապահովագրավճարները, որոնք նրանք տալիս են աշխատողի փոխարեն, կարողանում են ծախսագրել։

«Վստահ եմ, որ գործատուները շատ լավ արձագանքելու են, և շատ պարագաներում բեռը իրենց վրա վերցնեն»,- ասում է առողջապահության նախարարը։

2026-ի բյուջեն ներառում է առողջության համապարփակ ապահովագրության ծախսերը, որոնք 2025-ին չներառվեցին

Ինչպես նշվեց, առողջության համապարփակ ապահովագրության համար ոչ միայն քաղաքացիներից է գումարներ գանձվելու, այլև պետական բյուջեն է սուբսիդավորումներ նախատեսելու։

Օրեր առաջ ասուլիսին Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ առողջապահության ապահովագրության համակարգը փուլային տարբերակով է ներդրվում նաև այն պատճառով, որ պետական բյուջեն չի բավականացնի այն միանգամից ներդնելուն։

Ըստ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ 2026 թվականի բյուջեի նախագծով Առողջապահության նախարարությանը հատկացվում է 210 մլրդ դրամ, որը մոտ 40 մլրդ դրամով գերազանցում է 2025-ի բյուջեի ցուցանիշը։ «Սա պետք է բավարարի 2026 թվականին գործարկվելիք համակարգի ֆինանսավորմանը»,- «Հետք»-ի տաղավարում ասել է Վահե Հովհաննիսյանը։ 

Հարցին՝ ի՞նչն էր խնդիրը, որ համակարգը չմեկնարկեց 2025-ին, թեև այդ մասին արդեն իսկ հայտարարվել էր, Վահե Հովհաննիսյանը նշեց, որ եղել են տարբեր հարցեր, որոնց շուրջ Առողջապահության նախարարության հետ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Հիմա կա կոնսենսուսային տարբերակ։ «Չենք կարող սկսել, հետո չանել։ Դրա համար մենք պետք է վստահ լինենք, որ կարողանալու ենք շարունակաբար ֆինանսավորել այս ծախսերը»,- նշեց ֆինանսների նախարարը։

Ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտին հատկացվելիք ծախսերը կազմում են 2026-ի պետական բյուջեի ծախսերի 5.9%-ը։ Բյուջեի նախագիծը Կառավարությունն ընդունել է, և դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ 

Տես նաև՝

Լուսանկարը՝ pixabay.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter