
ԳՆ. եթե կարտոֆիլի ցեցը ժամանակին չկանխվի, ապա կարող է ի հայտ գալ նաև հարևան տարածքներում
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը համատեղ խորհրդակցության են հրավիրել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Արարատի ԳԱՄԿ-ի, Բանջարաբուստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի մասնագետներին, մարզպետարանի և առանձին համայնքների ներկայացուցիչների, հողօգտագործողների:
Խորհրդակցության նպատակն էր քննարկել մարզի մի շարք համայնքներում նկատված, կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի միջոցառումները:
Երևույթը նոր է ու վտանգավոր հանրապետության համար, և չնայած կարտոֆիլի ցեցը դեռևս տեղական բնույթի է, սակայն վերջինիս դեմ պայքարը օրախնդիր ու կարևոր է, և եթե վնասատուն ժամանակին չկանխվի, չի բացառվում, որ ի հայտ գա նաև հարևան տարածքներում:
Ցեցի դեմ պայքարը միասնական ջանքեր է պահանջում: Գյուղատնտեսության նախարարությանը, մարզպետարանին և վտանգված համայնքներին առաջարկվեց համատեղ իրականացնել կոնկրետ միջոցառումներ, մասնավորապես, բաց տարածքներում իրականացնել ցանքաշրջանառություն, ջերմոցներում օգտագործել քիմիական պայքարի առաջարկվող մեթոդները, ամբողջովին և մանրակրկիտ ախտահանել վարակված բերքը:
«Առաջարկվեցին պայքարի նաև այլ մեթոդներ, որոնց համատեղ և հետևողական կիրառումը հնարավորություն կտա կանխարգելել վնասատուի հետագա զարգացման և տարածման վտանգը»,- հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը:
Մեկնաբանել