Հավաստագրով, բայց առանց տան. ինչ խնդիրների են բախվում արցախցիները պետական աջակցությամբ տուն գնելիս
Կառավարության տվյալներով՝ Արցախից բնակչության բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարձով ապրում էր մոտ 25 հազար արցախցի ընտանիք։ Նրանց սեփական բնակարաններով ապահովելու նպատակով 2024-ի մայիսից մեկնարկել էր բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին 2025-ի սեպտեմբերի դրությամբ դիմել է 4500-ից ավելի ընտանիք, բավարարվել է մոտ 2500-ի դիմումը։
Դիմումի հաստատումից հետո արցախցիներին տրամադրվում է բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագիր, անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր, կամ մարվում է նրանց գործող հիփոթեքային վարկը։ Մեկ անձի համար տրվող աջակցությունը 2-5 միլիոն դրամ է։
Կրիստինա Պետրոսյանի ընտանիքն արդեն 4 ամսից ավել է՝ բնակարան է փնտրում։ Ծրագրի շրջանակում հեշտությամբ սերտիֆիկատ են ստացել, բայց 4 հոգանոց ընտանիքը հատկացված գումարով տուն գտնել չի կարողանում։
«Հենց տուն ենք գտնում, ուզում ենք առնենք, 1-ին հարցը դայա՝ քա՞նի հոգի եք։ Հարցնում են, որ իմանան՝ ինչ գին ասեն։ Ասում ենք՝ 4, կամ էժան, վատ վիճակում գտնվող տան համար 16 միլիոն են ուզում, կամ էլ հրաժարվում են վաճառել՝ մտածելով, որ ավելի թանկ գնով, մեկ այլ ընատանիքի կտան»,- պատմում է Կրիստինա Պետրոսյանը։
Նախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ի դրությամբ իրացված հավաստագրերը 905-ն են։ 747-ը օգտագործվել է բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման նպատակով, 8-ը՝ կառուցապատման, իսկ 150-ը ուղղվել է գործող հիփոթեքային վարկի մարմանը։

Լիաննա Պետրոսյանը ծրագրի մեկնարկի առաջին օրվանից բարձրաձայնում է ծրագրի խնդրահարույց կողմերը։ Նա ստեղծել է բռնի տեղահանված անձանց աջակցության տեղեկատվական և խորհրդատվական կենտրոն, որի միջոցով օգնում է արցախցիներին դիմել պետական աջակցության ծրագրերին և դրանց ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումներ է տալիս։
Լիաննայի խոսքով՝ արցախցիների համար այս ծրագրին դիմելու ամենամեծ դժվարությունը քաղաքացիություն ստանալու հարցն է։ Քաղաքացիության դիմումները ընդունվում են մարզերում, բայց անձնագիրը ստանալու համար բոլորը պետք է մոտենան Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Դավթաշենի բաժին։
«Այստեղ հասնելը հեռավոր մարզերում բնակվող արցախցիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է և ժամանակի կորուստ, քանի որ անվերջանալի թվացող հերթեր են, որոնք որևէ կերպ չեն կարգավորվում։ Պատկերացրեք՝ ամբողջ հանրապետությունից բոլորը գալիս են էստեղ»,- ասում է Լիաննա Պետրոսյանը։
Միգրացիոն ծառայության փոխանցած տվյալների համաձայն՝ 2023-ի բռնի տեղահանությունից հետո քաղաքացիություն ստանալու համար դիմել է 17205 արցախցի, ստացել է 11664-ը։

Միգրացիոն ծառայությունում հերթերի և կուտակումների մասին խոսում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
«Հիմնականում մեր հայրենակիցները քաղաքացիություն ստանալու դիմում են բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար»,- ասում է Գայանե Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի դիմելիության ցուցանիշը ավելացել է ծրագրում կատարված բարեփոխումների շնորհիվ։
«Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկեցին միաժամանակ, այսինքն` մենք ակնկալում էինք, որ 25-ի հուլիսի 1-ին կմեկնարկի ծրագրի 2-րդ փուլը, 26-ի հուլիսին՝ 3-ը, բայց ըստ էության, ծրագիրը 2025-ի հուլիսի 1-ից բացվեց բոլոր թիրախային խմբերի համար։ Այս պահի դրությամբ ծրագրին կարող են դիմել բոլոր ընտանիքները` անկախ կազմից, անչափահաս կամ որևէ թիրախային խմբի պատկանող անդամ ունենալ-չունենալուց։ Դա էապես մեծացրեց դիմումների թիվը։ Շատ կարևոր փոփոխություն էր նաև 4 միլիոն դրամ արժողությամբ բնակավայրերի ցանկի ընդլայնումը»,- նշում է Գայանե Ղարագյոզյանը։
Ծրագրի մեկնարկի պահին այն բնակավայրերը, որտեղ տուն գնելու կամ կառուցապատում սկսելու համար մեկ անձին տրվում էր 4 միլիոն դրամ 148-ն էին, այժմ՝ 611-ը։ Սակայն, այս փոփոխությունը նոր խնդիրներ է ստեղծել արցախցիների համար։
«Այս բնակավայրերում հենց իմացել են, որ ծրագրում փոփոխություն է լինելու, տների գները կտրուկ բարձրացել են, երկրորդային շուկան առաջնայինին անցել է»,- ասում է Լիաննա Պետրոսյանը։
4 միլիոնանոց բնակավայրերի ցանկին ավելացել են Էջմիածինը, Աբովյանը, Գյումրին, Վանաձորը և այլ խոշոր քաղաքներ։ Բայց բնակարանների գնման և կառուցապատման վիճակագրությունը ցույց է տալիս, որ արցախցիները նախընտրում են բնակվել Երևանում և երևանամերձ մարզերում։

Հավաստագրերն ամենից շատ իրացվել են Երևանում՝ 116 հավաստագիր։ Մյուս բնակավայրերն են.
- Հրազդան- 75 հավաստագիր,
- Վանաձոր- 55 հավաստագիր,
- Էջմիածին-48 հավաստագիր,
- Արմավիր- 26 հավաստագիր,
- Աբովյան- 22 հավաստագիր,
- Գյումրի- 22 հավաստագիր,
- Սիսիան- 19 հավաստագիր,
- Գորիս- 15 հավաստագիր,
- Չարենցավան - 13 հավաստագիր,
- Բյուրեղավան- 11 հավաստագիր։
Մյուս 158 բնակավայրերից յուրաքանչյուրում իրացված հավաստագրերի քանակը 10-ից պակաս է (ընդհանուր 332 հավաստագիր)։
Սվետա Սարգսյանի ընտանիքը հավաստագրով տուն գնել է Կոտայքի մարզի Քաղսի գյուղում։ Հատկացված ողջ գումարն ուղղվել է տան գնմանը, բայց վերանորոգման և նվազագույն կոմունալ հարմարություններ ստեղծելու համար ընտանիքը միջոցներ չունի։ Միակ աջակցությունը, որ ստանում է պետությունից, 3 անչափահասներին տրամադրվող 90 հազար դրամն է։ Նոր բնակավայրում ո՛չ ինքը, ո՛չ ամուսինը դեռ աշխատանք չեն գտել։
Տեղահանված ավելի քան 115 հազար արցախցիներից շատերը, սակայն, շարունակում են լքել Հայաստանը։ Ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ 2025-ի սեպտեմբերի 12-ի դրությամբ 15926 արցախցի մեկնել է Հայաստանից և չի վերադարձել։

Լիաննա Պետրոսյանի խոսքով` բնակարանային ապահովման ծրագրից մեծապես օգտվել են այն ընտանքիները, որոնք հատկացված գումարը ուղղել են հիփոթեքային վարկի մարմանը, կամ այն ընտանիքները, որոնք բաղկացած են 5 և ավելի անդամից։ Մյուսների համար գումարը քիչ է։
Նախարարությունից հակադարձում են՝ իրացված հավաստագրերի դրական մնացորդով ավելի քան 100 ընտանիք կահույք և կենցաղային տեխնիկա է ձեռք բերել, 80-ից ավել ընտանիք վերանորոգման վարկ է ստացել։
Բնակարանի կամ տան գնումը ծրագրի շրջանակում անհնար է միայնակ արցախցիների համար, ովքեր ծրագրի չափորոշիչներով կարող են համարվել ընտանիք, դիմել և ստանալ հավաստագիր։ Նրանց բնակարանային ապահովման վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ պլաններ չունի։ Պարզ չէ նաև, թե ինչ են անելու այն ընտանիքները, երբ հավաստագրի ժամկետը կսպառվի մինչև դրանց իրացնելը։ Այս պահին ժամկետանց հավաստագրերը երկուսն են։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկ տարվա ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել։ Նախորդ տարի՝ նույն ժամանակահատվածում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պնդում էին, որ բնակավայրերի ցանկը և աջակցության գումարի չափը սահմանելիս Կառավարությունը լուրջ ուսումնասիրություններ ու վերլուծություններ է արել։ Ընտրել է համայնքներ և բնակավայրեր, որոնք թիրախային են պետության համար, այնտեղ մեծ ներդրումներ են նախատեսում անել։ Բայց ներկայիս վիճակագրությունը փաստում է, որ պետության առաջարկած բնակավայրերը, որտեղ տուն գնելու կամ կառուցելու համար մեկ անձին 5 միլիոն դրամ է տրվում, գրավիչ չեն արցախցիների համար։ Տեղահանությունից հետո շատ ընտանիքներ նախըտրում են մնալ այն բնակավայրերում, որտեղ ի սկզբանե վարձով են ապրել, աշխատանք են գտել, երեխաները սկսել են դպրոց կամ մանկապարտեզ հաճախել, հարմարվել ու որոշ չափով սովորել են տեղի կյանքին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել