HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Ղուկասյանի որդին վարորդից պահանջել է Գյումրի համայնքի գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի. ՔԿ

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ս.Ղ.-ի (Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի - խմբ․) կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով, մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի և վարորդի գործողությունները հսկելու նպատակով՝ ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը և ուղղորդել:

Բեռնատարի վարորդը, վախի ազդեցության տակ, բացասական հետևանքներից խուսափելու նպատակով, կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում Ս.Ղ.-ն իրենն է դարձել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:  

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթումը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Սպարտակ Ղուկասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter