
«Դու իրանց՝ դրամ, իրանք ինձ՝ կրիպտո, ես քեզ՝ պլան». մարիխուանայի վաճառքի նոր մեխանիզմը տելեգրամում
Թմրանյութ վաճառողները տելեգրամյան ալիքներով Հայաստանում նոր մեխանիզմ են կիրառում՝ մարիխուանայի վաճառքն իրականացնում են կրիպտոարժույթի փոխանակման միջոցով։ Դրանցից մեկը՝ «Կանաչ» ալիքը, վերջին շաբաթներին ակտիվորեն գովազդվում է ինստագրամում՝ նշելով, որ մարիխուանան հասանելի է ոչ միայն Երևանում, այլև մարզերում։
«Կանաչ» տելեգրամյան ալիքն առաջարկում է գնել մարիխուանա: «Ինստագրամ»-ի գովազդի հղումը տանում է տելեգրամյան «Կանաչ» (ներկայանում է նաև «Կանաչուտ» անունով) ալիք:
Տելեգրամյան ալիքն այս պահին ունի 97 հետևորդ: Հոկտեմբերի 9-ին հետևորդների թիվը 68 էր: Ըստ ալիքում արված առաջին հրապարակման՝ «Կանաչի»-ն գործում է արդեն 6 տարի: Բայց տելեգրամյան այդ ալիքը ստեղծվել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին: Առաջին գնման համար ալիքը 10 տոկոս զեղչ է խոստանում, իսկ գնում անելու համար առաջարկում են անձնական նամակով գրել «Կանաչ» տելեգրամյան հաշվին:
Մենք գրեցինք ու ներկայացանք որպես գնորդ: Վաճառողը նախ ճշտեց, թե արդյոք ինստագրամյան գովազդով ենք գտել էջը։ Որից անմիջապես հետո ուղարկեց այսպես կոչված «մենյուն»՝ չորս տարբերակով՝ կես գրամը՝ 27 դոլար, 1 գրամը՝ 47 դոլար արժողությամբ։ Ասաց, որ ապրանքի որակը «քաղաքի ամենալավերից» է։ Վաճառողը միանգամից առաջարկեց կես գրամի համար գրել «չենջին» (կրիպտոարժույթի փոխանակման էջ) 27 դոլարի դաշ (կրիպտոարժույթի տեսակ) փոխանցելու համար։ Որից հետո ուղարկեց կրիպտոարժույթի փոխանակման էջերի ցուցակ։ Դրանք վեց տելեգրամյան հաշիվներ ու էջեր են՝ @coinland_operator, @BitcoinOperator, @AM_TT_Change, @Ka_Btc, @kokochange, @Exchange777arm, որոնք զբաղվում են կրիպտոարժույթի գովազդով ու փոխանակմամբ։ Հարցին՝ թե ինչո՞ւ չեն ուղիղ փոխանցումով աշխատում, վաճառողը պատասխանեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով են այդպես աշխատում։ Նա նաև հավելեց, որ ամբողջ քաղաքն այդպես է գնում։
«Կանաչ»-ի վաճառողի հետ նամակագրության հատվածները
Այնուհետև գրեցինք կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող էջերից մեկին՝ «Bitcoin Operator»-ին։ Ասացինք, որ մարիխուանա ձեռք բերելու համար ենք գրում։ Ի պատասխան էջին հետևողն ասաց, որ էջը զբաղվում է կրիպտոարժույթի փոխանակմամբ։ Պարզաբանելով, որ «Կանաչի» էջից են ուղղորդել՝ 27 դոլարի դաշ փոխանցելու համար։ Էջին հետևողը դա ասելուց անմիջապես հետո ուղարկեց հաշվարկ՝ ընդհանուր գումարը 11 900 դրամ։ Խոսակցությունից պարզ դարձավ, որ կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող էջը տեղյակ է, որ փոխանակումը արվում է մարիխուանա ձեռք բերելու նպատակով։
Ասացին, որ գործարքը հաստատելու համար պետք է հեռախոսահամար տրամադրել։ Տրամադրելուց հետո հեռախոսահամարին ուղարկեցին քառանիշ կոդ, որը խնդրեցին փոխանցել՝ գործարքը հաստատելու համար։ Որից հետո ուղարկեցին հաղորդագրություն, նշելով, որ կատարված փոխանցումները չեղարկման ենթակա չեն։ Փոխանցեցին նաև Tellcell և EasyPay էլեկտրոնային դրամապանակների տվյալներ՝ գումարը փոխանցելու համար։
«Bitcoin Operator»-ի հետ նամակագրությունից հատվածներ
Երկու էջերն էլ՝ «Կանաչ»-ն և «Bitcoin Operator»-ը բացատրել են, որ փոխանցումն անելուց հետո պետք է փոխանցման կտրոնն ուղարկել կրիպտոփոխանակման էջին, որից հետո «Կանաչ»-ի էջից պետք է ճշտել կրիպտոարժույթի փոխանցման հասցեն։ Այն տառերի ու թվերի խառնուրդ է։ «Կանաչ» էջի վաճառողն ասաց, որ մարիխուանայի վաճառքի հետ կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող էջերը կապ չունեն։ Նույնը պնդել է «Bitcoin Operator» էջը վարողը՝ նշելով, որ իրենք միայն փոխանակմամբ են զբաղվում։
«Կանաչ» էջի վաճառողի խոսքով՝ օրական հարյուրից ավել հաճախորդ են ունենում։ Պատվերի կշռի կես կամ մեկ գրամ լինելու դեպքում, վաճառողի խոսքով, ապրանքը թողնում են պատվիրողի նախընտրած հասցեում, հետո պատվիրողը վերցնում է այն։
Այսպիսով, տելեգրամյան «Կանաչ» ալիքը, կրիպտոարժույթի փոխանակման մեխանիզմ օգտագործելով, զբաղվում է մարիխուանայի վաճառքով։ Փորձնական նամակագրությունը ցույց է տալիս, որ փոխանակման էջերը տեղյակ են փոխանցման նպատակի մասին։
Գործարքներն իրականացվում են անանուն, իսկ ապրանքը հաճախորդին հասնում է առանց վաճառողի հետ հանդիպման՝ ապահովելով անօրինական վաճառքի փակ մեխանիզմ։
Ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնել են, որ նշված էջն իրենց դիտարկման տակ է։ Այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել։ Հարցում ենք ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու, արդյոք տելեգրամյան այս ալիքի մարիխուանայի վաճառքով զբաղվելու դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։
Գլխավոր նկարը՝ Գայանե Հովսեփյան
Մեկնաբանել