HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյուզաննա Օհանյան

Որքան թոշակ են ստանում նախկին նախագահներն ու ԱԺ պատգամավորները

2025թ․-ի 9 ամսվա ընթացքում պետական բյուջեի միջոցներից ՀՀ նախկին նախագահների կենսաթոշակների վճարման համար հատկացվել է մոտ 31 միլիոն 450 հազար դրամ։

Այս պահին կենսաթոշակ է ստանում 3 նախկին նախագահ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալներով՝ նրանց յուրաքանչյուրի ամսական կենսաթոշակը 1 միլիոն 164 հազար 800 դրամ է։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանվում է, որ պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

«Հետքի» հարցմանն ի պատասխան նախարարությունը չի նշում, թե նախկին 4 նախագահներից, ով չի ստանում թոշակ, քանի որ հարցը պարունակում է երրորդ անձի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ։ 

Օրենքը նախատեսում է, որ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, և նրան նշանակվել է կենսաթոշակ:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ կենսաթոշակի համար չի դիմել 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, քանի որ վերջինս հրաժարական տալուց հետո Հայաստան չի վերադարձել։

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի իրավունք ունի առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած … անձը՝ 65 տարին լրանալու դեպքում։

Ազգային ժողովի նախկին պատգամավորներից այս պահին կենսաթոշակ է ստանում 189-ը: Պատգամավորների միջին ամսական թոշակը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մոտ 190 հազար դրամ է։ 

Պատգամավորական ամենացածր թոշակը 157 հազար դրամ է, 4.4 անգամ բարձր Հայաստանում սահմանված նվազագույն՝ 36 հազար դրամ թոշակից։ Ամենից շատ թոշակ ստացող պատգամավորը նվազագույն թոշակից մոտ 10 անգամ ավել թոշակ է ստանում՝ 356 հազար դրամ։ 

ԱՍՀ նախարարության տվյալներով՝ 100-ից 200 հազար դրամ կենսաթոշակ ստանում է 134 պատգամավոր, 50 պատգամավոր ստանում է 200-300 հազար դրամ թոշակ, իսկ 300-ից 400 հազար դրամ կենսաթոշակ ստանում է ԱԺ 6 նախկին պատգամավոր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter