
Անցյալը չկա, ներկան՝ Ռանչպարում
Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղից տեղահանված Ավանեսյանների վեց հոգանոց ընտանիքն այսօր բնակվում է Մասիսի Ռանչպար գյուղում։ 2023 թվականին՝ տեղահանումից հետո, ընտանիքն անցել է Վազաշեն և Կալավան գյուղերով, ապա հաստատվել Ռանչպարում՝ աշխատելու հնարավորություն լինելու պատճառով։ Վազաշենը մետ է Թուրքիայի սահմանին, երեխաները վախեցել են, Կալավանում աշխատանք չի եղել։
Ռանչպարում տուն են վարձակալել, ամսական 60.000 դրամ են վճարում։ Ընտանիքի հայրը աշխատում է, պետությունից էլ 120.000 դրամ են ստանում տան չորս անչափահաս երեխաների համար։ Չնայած ֆինանսական դժվարություններին՝ ընտանիքը ձգտում է վերականգնել կենցաղը, նորից զբաղվել անասնապահությամբ՝ երեխաների համար կայուն ապագա ստեղծելու համար։
Ավագ երեխան՝ Իրինան ևս ունի իր հեռանկարը։ Վարսավիրություն է սովորել արցախցիների համար նախատեսված ծրագրով, հիմա փորձաշրջան է անցնում, որ դպրոցն ավարտի, մասնագիտական գիտելիքների պակաս չունենա։ Սովորածն ընտանիքի անդամների վրա է փորձում։ Տան կրտսերը՝ Գոռը, որոշել է շուն պահել, քանի որ իր շանը չի բերել, թողել է Քերթում։ Ամեն օր հիշում է ու մտածում՝ մեծացե՞լ է շունը, ի՞նչ տեսք ունի, ի՞նչ է ուտում։
Մեկնաբանել