HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղերում բնակվող արցախցի երեխաներին հասանելի չէ նրանց համար ստեղծված սոցիալ-հոգեբանական կենտրոնը

«Բազմաթիվ հետազոտություններ կան այն մասին, թե տարհանումն ու պատերազմը ինչ երկարաժամկետ հետևանք են թողնում երեխաների հոգեբանության վրա, և մեր ինստիտուցիոնալացումը հենց դրան է ուղղված»,– համայնքներում իրենց ստեղծած սոցիալ-հոգեբանական կենտրոնների անհրաժշտությունն այսպես է հիմնավորում «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հիմնադրամը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ–ի մանակական հիմնադրամ) գրասենյակի ֆինանսավորումով երեխաներին սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող չորս կենտրոն է ստեղծել՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Արարատի մարզի Վեդի քաղաքում 2023թ դեկտեմբերից գործող «ԶարՄան» ցերեկային կենտրոնը դրանցից մեկն է։

2025թ փետրվարին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Ճապոնիայի կառավարությունը ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացնում՝ Հայաստանի ամբողջ տարածքում էթնիկ հայ փախստական երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող համայնքների հասակակիցներին հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրելու նպատակով: 

«Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանն ասում է, որ պատերազմը, տեղահանությունն ու կորուստները վախեր ու տագնապներ են առաջացրել արցախցի երեխաների մոտ։ Նրանք նոր միջավայրին, նոր դպրոցին հարմարվելու, տնից դուրս գալու և այլ դժվարություններ ունեն։ Դրան էլ հավելած լեզուն՝ երեխաների համար շատ դժվար է բարբառով հաղորդակցվելը։

Կենտրոնի հոգեբանի ամփոփագրի համաձայն՝ երեխաների մոտ բարձր էր հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) ձևավորման և խորացման ռիսկը, տագնապայնությունը, տրամադրության խանգարումները, վարքային դժվարությունների ավելացումը, դպրոցական միջավայրում և համայնքում ինտեգրման դժվարությունները, ընտանիքների սոցիալական մեկուսացման վտանգ կար։

«Երբ եկել են մեզ մոտ, բացահայտել ենք, որ նրանց մեջ նաև զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ կան՝ հաշմանդամություն, մտավոր թերզարգացում և այլն, որոնց համար Արցախում ծառայություններ չեն ստացել։ Վեդիի կենտրոնում ունենք հոգեբանի, լոգոպեդի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, սոցիալական աշխատողի, նաև մանկավարժի ծառայություն, ով փորձում է նրանց կրթական առաջընթացը խթանել»,– ներկայացնում է Լուսինե Սիմոնյանը։

Կենտրոնն իր գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ծառայություն է մատուցել 105 երեխայի, որից 55-ն են Արցախից տեղահանված (50 ընտանիքից)։ Դրական ի՞նչ փոփոխություններ են նկատում կենտրոն հաճախող երեխաների մոտ, իրենց աշխատանքը որքանո՞վ է նպաստել կորուստների հետ համակերպվելուն, նոր միջավայրին հարմարվելուն, հարցնում եմ կենտրոնի տնօրենին։

«Մեզ համար դրական դինամիկան այն է, որ սթրեսների, վախերի հետևանքով դպրոց չհաճախող, հասակակիցների հետ չշփվող երեխան հիմա հաճախում է, հարմարվել է միջավայրին, առաջադիմությունն է բարձրացրել։ Եթե երեխան կակազում էր՝ կակազելը փոխարինվել է կմկմոցով կամ առհասարակ քչացել է»,– հայտնեց Լ Սիմոնյանը։ Հիմնադրամի տնօրենը հավելեց, որ յուրաքանչյուր երեխայի դեպքը փակելուց հետո էլ մասնագիտական վերահսկողությունը պահպանում են՝ ձեռք բերված արդյունքն ամրապնդելու համար։

Կենտրոնի մասնագետները նաև ծնողների հետ են աշխատանք իրականացնում։ Սկզբնական շրջանում ինքնօգնության խմբեր են ձևավորել, երբ երեխաները ստանում էին իրենց խմբային ծառայությունը, հոգեբանն ու սոցիալական աշխատողը մայրիկների ու տատիկների հետ թերապևտիկ խմբային աշխատանք էին իրականացնում։ «Թեյախմություն էինք կազմակերպում, տարբեր հնարքների միջոցով փորձում էինք նաև նրանց հոգեբանական աջակցություն ցուցաբերել»,– ասում է «Մանկական զարգացման հիմնադրամի» սոցիալական աշխատող, Վեդիի «Զարման» կենտրոնի համակարգող Օֆելյա Սերոբյանը։

«Ծառայությունները պետք է լայն ընդգրկում ունենան, և մենք արել ենք հնարավորը, որպեսզի բոլոր երեխաները, ովքեր թե՛ զարգացման, թե՛ աջակցության կարիք ունեն, ծառայություններ ստանան»,- ասում է «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրենը։ Վերջինս չի բացառում, որ բացթողումներ եղել են, բայց մի քանի անգամ շեշտեց՝ «ովքեր կարողացել են երեխաներին բերել-տանել, ծառայությունը մատուցել են»։

Լ Սիմոնյանի ասելով՝ համայնքային բոլոր կառույցները տեղեկացված էին ծառայության մասին և դպրոցներից, պոլիկլինիկաներից պարտադիր ուղղորդում էին այն երեխաներին, որոնք վախերի, տագնապների պատճառով դպրոց չէին հաճախում։ Համայնքի սոցիալական աշխատողն է ուղղորդում, որն ընդգրկված է նաև Վեդի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովում։

Լուսինե Սիմոնյանի խոսքով՝ ինքօգնության խմբերի անելիքը սկզբում միտված էր զուտ երեխաներին շոկային վիճակից հանելուն։ Ավելի ուշ ծնողավարման հմտություններ էին փոխանցում նրանց։ Կենտրոնում շատ են կարևորում ծնողների հետ համագործակցությունը՝ ցանկալի արդյունք ունենալու համար։ Ամիսը մեկ–երկու անգամ սեմինարներ են կազմակերպում նրանց համար։

«Երեխաները շաբաթական 2-4 անգամ են գալիս մեզ մոտ` կախված իրենց ծառայության փաթեթներից։ Մնացած ժամանակը տանն են լինում, եթե ծնողը տեղյակ չլինի կատարվող աշխատանքից, չաշխատի երեխայի հետ, բնականաբար, արդյունքը կարող է շատ փոքր լինել»,- ասում է Օֆելյան։

Բժշկությունը հանգել է այն հաստատ համոզման, որ այդ պսիխոսոմատիկան (մարդու բացասական հույզերի ազգեցությունը օրգանիզմի վրա) առողջական խնդիրներ է ստեղծում երեխաների մոտ։

Լուսինե Սիմոնյանը նշում է, որ Վեդիի «Զարման» կենտրոնի գործունեությունը հնարավորություն է տվել արագ արձագանքել՝ ինչպես տեղահանված, այնպես էլ տեղացի ընտանիքների սոցիալ-հոգեբանական կարիքներին։ Կանխարգելել է երկարաժամկետ վնասները և նպաստել երեխաների առողջ ու ապահով զարգացմանը՝ նոր պայմաններում։ Նրա ասելով՝ առաջընթացի մասին վկայում են ծնողները, որոնք համագործակցում են կենտրոնի հետ և տեսնում են արդյունքը։

Վեդիի կենտրոն հաճախող տեղացիների ու տեղահանված արցախցիների թվային հարաբերակցությունը հետզհետե փոխվել է։ Ներկա պահին 45 երեխա է հաճախում, որից 2–ն են արցախցի։ Արցախից տեղահանված ընտանիքներում խնդրահարույց երեխաներ չկա՞ն այլևս, թե՞ չեն ներգրավվում։

Վեդիի կենտրոնի համակարգող Օֆելյա Սերոբյանն ավելացնում է, որ հիմնադրամը նույնպես հայտնաբերում է երեխաներին՝ սոցիալական մեդիայով հայտարարություններ տարածելու միջոցով, համայնքի սոցիալական աշխատողի հետ տնայցեր են իրականացրել և իրազեկել ծառայության մասին։

«Մենք չենք սահմանափակվում միայն Վեդի քաղաքով, բայց պայմանն այն է, որ ընտանիքը կարողանա բերել և տանել երեխային»,– ասում է Օֆելյան՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ իրենք տրանսպորտ չեն հատկացնում։ Բայցևայնպես, հիմնադրամում չցանկացան ստույգ հայտնել, թե կենտրոն հաճախած արցախցի երեխաներից քանի՞սն են գյուղաբնակ եղել։

Լուսինե Սիմոնյանը հայտնեց, որ «Զարման» ցերեկային կենտրոնին տարածքը տրամադրել է Վեդիի համայնքապետարանը, նաև կոմունալ ծախսերն է վճարում, բայց գյուղերից երեխաների տեղափոխման հարցը բաց է մնացել։ Տեղեկացրեց, որ հիմնադրամը կենտրոններ ունի նաև Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Արենի համայնքներում։ Այդ համայնքապետարանները նաև փոքր դրամաշնորհներ են հատկացրել բնակավայրերից երեխաներին կենտրոն հասցնելու համար։

2025թ փետրվարին Վեդի համայնքի ղեկավարը մեր գրության պատասխանում հայտնել է, որ համայնքում բնակվում է Արցախից բռնի տեղահանված 436 ընտանիք (1550 շունչ), որից 110–ը (371 շունչ) բնակվում են Վեդի քաղաքում։ Մնացյալ 326 ընտանիքը կամ 1179 շունչը բնակվում են համայնքի տարբեր գյուղերում։ Այսինքն՝ Վեդի համայնքի գյուղերում երեք անգամ ավելի շատ տեղահանված ընտանիքներ են բնակվում, քան համայնքային կենտրոն Վեդիում։ Նկատի ունենանք նաև, որ արցախցի ընտանիքները բազմազավակ են, հիմնականում 4 և ավելի երեխա կա ընտանիքներում։

Վեդի խոշորացված համայնքում ընդգրկված է 18 գյուղ, իսկ համայնքային կենտրոնին կապող տրանսպորտ քչերն ունեն։ Նաև բոլորը չէ, որ անձնական ավտոմեքենաներ ունեն և կարող են երեխաներին բերել-տանել։ Ծառայությունը բոլորին հասանելի դարձնելու հնարավորությունների մասին արդյոք մտածե՞լ են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը և Վեդիի համայնքապետարանը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակին խնդրեցինք մեկնաբանել այս թվային անհամամասնությունը։ Թվային պատկերից ստացվում է, որ նրանց հյուրընկալող համայնքների տեղացի հասակակիցներն ավելի շատ են տրավմաների ենթարկվում, քան Արցախից բռնի տեղահանվածները։ Որքանո՞վ է այս աջակցությունը հասանելի գյուղական բնակավայրերում հաստատված արցախցիներին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանն ասում է, որ գրասենյակի համագործակցությունը եռակողմ է՝ ՅՈՒՆԻՍԵՖ, տեղական ՀԿ–ներ և համայնքապետարան։ Ծառայություններ մատուցող կենտրոնները փորձում են ներգրավել ողջ համայնքը՝ գյուղերով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրերը հաստատելու ժամանակ համայնքապետարանների հետ քննարկում է՝ անհրաժեշտության դեպքում պատրա՞ստ են տրանսպորտ տրամադրել, աջակցել, որ երիտասարդները, դեռահասները գյուղերից կարողանան գնալ կենտրոն։

«Կարծում եմ՝ խնդիրը նաև այդտեղ է, համայնքապետարանի հետ պետք է հստակ պայմանավորվել։ Մենք ներդրում արել ենք, և այս ծառայությունները մատուցում ենք։ Համայնքապետարանի ներդրումն էլ պետք է լինի հեռավոր գյուղերից երեխաների մասնակցությունն ապահովելը»,– հայտնեց Զ Սարգսյանը։ Միաժամանակ նշեց, որ տեղյակ չէ Վեդիի դեպքում այդ հարցը քննարկվե՞լ է համայնքապետարանի հետ։

Հաղորդակցման ծրագրերի ղեկավարը որպես օրինակ ներկայացնում է Արթիկ համայնքը, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ երիտասարդական կենտրոն է գործում։ Համայնքապետարանը տրանսպորտ է տրամադրել, որ գյուղերից երիտասարդները գան, ստանան իրենց ծառայությունները ու վերադառնան։

Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարության աջակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակին արվել էր առաջին հերթին Արցախից բռնի տեղահանված և համայնքներում վերաբնակություն հաստատած արցախցիներին սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու համար։ Քանի որ ծրագրի ժամկետը երկարաձգվել է մեկ տարով և այդ գումարով ստեղծված սոցիալ-հոգեբանական կենտրոնները հնարավորություն ունեն ևս մեկ տարի շարունակելու իրենց աշխատանքը, անհրաժեշտ է լուծումներ գտնել ծառայությունները բոլորին հասանելի դարձնելու համար:

Լուսանկարները` Գայանե Հովսեփյանի

Լուսինե Սիմոնյանի լուսանկարը իր ֆեյսբուքի էջից

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter