HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

Հոկտեմբերի 21-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։

«Ազերթաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ գաղտնի հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և հայտարարվել է կարճատև ընդմիջում։

Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է ևս մեկ միջնորդություն՝ հայտարարելով իր փաստաբան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին։ Միջնորդությունը հիմնավորելով՝ Վարդանյանը նշել է՝ հրաժարվում է իր փաստաբանից, քանի որ, ընդհանուր առմամբ, դժգոհ է դատավարության ընթացքից։

Փաստաբան Աբրահամ Բերմանը հայտնել է, որ միջնորդությունը բավարարելու որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը։

Մեկնաբանելով միջնորդությունը՝ գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևն ասել է, որ Ռուբեն Վարդանյանը չի ​​նշել իր փաստաբանից հրաժարվելու պատճառը, բայց այնուամենայնիվ իրավունք ունի դա անելու։ Գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է նաև, որ եթե Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է իր փաստաբան Աբրահամ Բերմանից, նա պետք է պայմանագիր կնքի մեկ այլ փաստաբանի հետ, կամ, եթե միջոցներ չունի, պետությունը պետք է նշանակի մեկ այլ փաստաբան։

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը որևէ համաձայնություն չունի մեկ այլ փաստաբանի հետ, և որ դեմ չէ պետության կողմից իրեն պաշտպան նշանակելուն։ Դատարանը բավարարել է Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը։ Ռուբեն Վարդանյանին պետության կողմից փաստաբան տրամադրելու դատարանի որոշումը ուղարկվել է Ադրբեջանի Հանրապետության փաստաբանների միություն։

Դատավարությունը հետաձգվել է։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հոկտեմբերի 28-ին։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։

Գլխավոր լուսանկարը՝ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter