HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ձեռքով երկաթ ձուլողը

Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Ստեփան Հայրապետովը 2023թ հոկտեմբերին է Հայաստան տեղափոխվել: Նա 1992 թվականի պատերազմի ժամանակ վիրավորվել է՝ կորցնելով աջ դաստակն ու ձախ աչքը։ 16 տարեկանում հայրենի գյուղի՝ Ազոխի կամավորական ջոկատով ռազմաճակատ է մեկնել։ Նռնակը պայթել է Ստեփանի ձեռքում, կտրել ձեռքի դաստակն ու վնասել ձախ աչքը։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն, որտեղ 11 օր մնալուց հետո ուղղաթիռով տեղափոխել են Երևան։

Երևանում բժիշկներին չի հաջողվել վերականգնել նրա տեսողությունը, քանի որ վիրավորում ստանալուց բավականին ժամանակ էր անցել և այդ ընթացքում համապատասխան բուժում չէր ստացել։

Ստեփանն Արցախից բռնի տեղահանվելուց հետո կնոջ և հորաքրոջ հետ վարձով բնակվում է  Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում։ Տանտերն օրեր առաջ հայտնել է, որ մինչև գարուն պետք է ազատեն տունը։  

Ստեփանի կինը վերջերս է վիրահատվել, աշխատել չի կարող, դեռևս վերականգնման շրջանում է։ Մինչ այդ, Ռանչպարի դպրոցում հավաքարար էր աշխատում։ Հորաքույրը՝ 88-ամյա Լենա Ավանեսյանը, առաջին կարգի հաշմանդամություն ունի, նրա ձախ ձեռքը պարալիզացված է։ Ընտանիքի միակ ապրուստի միջոցը պետական աջակցությամբ տրամադրված գումարն է։ 

«2020թ-ին դուրս ենք եկել Ազոխից, սկզբում տեղափոխվեցինք Ստեփանակերտ, հետո՝ Գորիս, այնտեղից՝ Մասիս, հետո եկանք ստեղ։ Հիմա էլ տանտերն ա եկել, ասում ա՝ դուրս եկեք։ Դուրս գանք ու՞ր գնանք, ի՞նչ անենք»,- ասում է Լենա Ավանեսյանը։

Ստեփանի հայրն ու պապը Ազոխ գյուղի դարբիններն են եղել։ Երբ հայրն արդեն աշխատել չի կարողացել՝ Ստեփանն է սկսել դարբնություն սովորել։ «Ինձ սպանելով էի անում, ձեռնոց եմ սարքել, մուրճը գցում եմ մեջը, ձգում, էդ կտրված ձեռքովս ծեծում եմ երկաթը, մյուս ձեռքով բռնում եմ ու պահում։ Սկզբում շատ դժվար էր, բայց ինչ արած»,- ասում է Ստեփան Հայրապետովը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։

Արցախում նա 25 տարի դարբնությամբ է զբաղվել, Ազոխում իր տան բակում արհեստանոց ուներ, որտեղ էլ պատրաստում էր պատվերները, Ստեփանակերտից, Շուշիից հաճախորդներ ուներ։ «Ժամանակ էր լինում, որ չէի հասցնում էնքան պատվերները շատ էին լինում, հիմա էս գյուղում դեռ ոչ ոք չի ճանաչում ինձ, պատվերներ չունեմ, պիտի փորձեմ էստեղ էլ մի բան ստեղծել»,-ասում է նա։

Ստեփանը ցանկանում է Ռանչպարում աշխատել, այնտեղ փոքրիկ դարբնոց է սարքել։ Դարբնությամբ գումար աշխատելու համար մի բանի կարիք ունի՝ տարածքը ծածկ չունի, անձրևոտ օրերին չի կարող աշխատել։ 

«Դժվար է, նեղված ապրում ենք։ Չգիտե՞մ՝ կօգնեն, որ մի նավես սարքեմ, շարունակեմ աշխատել։ Տարածքը սարքել եմ, մնացել ա ծածկը»,- ասում է նա։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter