
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով:
22 հոկտեմբերի, 2025թ.
Ռուբեն Վարդանյանի մեկնաբանությունը ներկայացվում է ստորև.
«Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են:
- Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է. ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:
- Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց:
- Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից: Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան:
- Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից:
Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ: Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»:
Մեկնաբանել