Կոռուպցիոն ռիսկեր, բուլինգ, աղքատություն, ձեւական խորհուրդներ. հրապարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցը
Վերնագրում նշված ցանկը կարելի է երկար շարունակել՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման մարտահրավերներ, վերապատրաստումների եւ կամավոր ու պարտադիր ատեստավորման արդյունավետություն, դպրոցների ֆիզիկական մատչելիություն, մանկապարտեզների հասանելիություն եւ այլն: Այս եւ մի շարք թիրախային թեմաներ տեղ են գտել «Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցում: Այն համապարփակ ներկայացնում է հանրակրթության ոլորտի այսօրվա խնդիրներն ու մարտահրավերներն ու, ինչը կարեւոր է, առաջարկում է լուծումներ:
Զեկույցը ստեղծվել է 2024 թ. սեպտեմբերին տեղի ունեցած «Կրթական համաժողով 2024»-ի ընթացքում ներկայացված վերլուծությունների, հետազոտությունենրի եւ քննարկումների հիման վրա: Նախաձեռնությունը «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամինն է, որը համագործակցել է մի քանի կազմակերպությունների հետ:
Զեկույցի համակարգողն է «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը: «Հետքի» հետ զրույցում նա նշում է, որ մինչեւ «Կրթական համաժողով 2024»-ի անցկացումն աշխատանքային խմբեր էին ստեղծվել, որոնք իրականացրել էին հանրակրթության ոլորտի հետազոտություններ, վերլուծություններ եւ ուսւոմնասիրություններ: Դրանց հիման վրա էլ կազմակերպվել էր համաժողովը: Իսկ ահա 2025 թ. տվյալները թարմացվել են, եւ ներկա զեկույցը ներառում է ամենաթարմ տեղեկությունները:
Զեկույցի ստեղծման, հետազոտական, վերլուծական մասի վրա աշխատել են մի քանի տասնյակ փորձագետներ, ուսուցիչներ, քաղաքագետներ, տնտեսագետներ եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ:
Կոռուպցիոն ռիսկերն ու դրսեւորումները դպրոցներում
Զեկույցում անդրադարձ կա հանրակրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերին ու դրսեւորումներին: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Հովակիմյանն ասում է, որ ԹԻ-ն «Կրթական համաժողով 2024»-ի համար անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առցանց հարցում էր անցկացրել 331 ուսուցիչների շրջանում: Նպատակն էր գնահատել հանրակրթական համակարգում կոռուպցիայի տարածվածությունը: Հարցման մասնակիցների 21 տոկոսը բնակվում էր Երեւանում, 79 տոկոսը՝ մարզերում:
Հարցման արդյունքներով առանձնացվել են որոշ միտումներ եւ գործընթանցեր, որոնք հուշում են կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի կամ դրսեւորումների մասին: Դրանք են՝
- հովանավորչության դրսեւորումներ աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման գործընթացներում
- դպրոցի ղեկավար անձնակազմի կողմից անհավասար վերաբերմունք, հովանավորչություն
- աշակերտների նկատմամբ անհավասար վերաբերմունք
- մասնակցության ցածր մակարդակ դասագրքերի ընտրության գործընթացում
- անհարկի միջամտություն աշակերտների գնահատմանը
Հարցվողների 22 տոկոսը նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում դպրոցում աշխատանքի ընդունվելու կամ առաջխաղացման նպատակով իրենցից կամ իրենց ծանոթ ուսուցիչներից պահանջել են գումար, նվեր, հավելյալ ծառայություն, ստեղծել են արհեստական խոչընդոտներ կամ հովանավորել որեւէ թեկնածուի: Ըստ զեկույցի՝ պատասխաններում առավել ցայտուն են հովանավորչության դեպքերը, երբ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված անձինք առավելություն են ստանում աշխատանքի ընդունման եւ պաշտոնի առաջխաղացման հարցերում:
Զեկույցում պատկան մարմիններին առաջարկվում է կատարելագործել ուսուցիչների աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման կարգերը, ապահովել դրանց նկատմամբ վերահսկողությունը, իրականացնել դասընթացներ եւ քննարկումներ ուսուցիչների վարքագծի կանոնների եւ աշխատանքային գործընթացում դրանց կիրառման, ինչպես նաեւ ոչ բարեվարք վարքագծի հասցրած վնասների մասին, խրախուսել դպրոցներում առկա կոռուպցիոն եւ ոչ բարեվարք դրսեւորումների մասին ազդարարելու եւ բարձրաձայնելու պրակտիկան, ուսումնասիրել ստացված ահազանգերը եւ ձեռնարկել պատասխանատվության պատշաճ միջոցներ:
Բուլինգ
Անդրադառնալով դպրոցներում հալածանքի կամ բուլինգի, բռնության թեմային՝ Վահրամ Սողոմոնյանը նշում է, որ չնայած կան վերապատրաստման դասընթացներ, ուսուցիչների համար պետք է լինեն պետականորեն հատկացված հրահանգավորումներ՝ ինչպես կանխարգելել, վարել եւ հաղթահարել բուլինգի դեպքերը: «Դպրոցական անձնակազմի մեծ մասը չի զբաղվում, լսել են բուլինգի մասին, բայց այն, ինչ տեղի է ունենում, երբ դասղեկը դուրս է գալիս դասասենյակից, դպրոցը տեղյակ չէ եւ հասնում է, երբ դեպքն արդեն տեղի է ունեցել»,- նկատում է Սողոմոնյանը:
Աղքատությունն ազդում է կրթական առաջընթացի վրա
Զեկույցն առանձին անդրադառնում է կրթական առաջընթացի եւ աղքատության կապին: Ըստ այդմ՝ կրթական արդյունքների եւ աղքատության միջեւ կապը փաստագրված է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալ-տնտեսապես աղքատ երեխաները դպրոցում չհաջողելու ավելի մեծ ռիսկ ունեն, քան իրենց ավելի ապահովված հասակակիցները:
Զեկույցում մեջբերվում են Հայաստանում երեխաների աղքատության մասին ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալները: Միջազգային այս կառույցի 2016 թ. «Մանկան աղքատությունը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ պաշտոնական տվյալներով աղքատ է եղել Հայաստանում ապրող երեխաների 36 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 3 տոկոսը: Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ երեխաներն ավելի խոցելի են աղքատության առումով, քանի որ աղքատ բնակչության 26 տոկոսը երեխաներ են, իսկ ծայրահեղ աղքատների դեպքում այս տոկոսը 30 է:
«Հանրակրթությունը Հայաստանում 2025» զեկույցում նշվում է, որ ուսուցիչների վերապատրաստման կամ աշխատանքի ընթացքում գրեթե երբեք անդրադարձ չի կատարվում կրթական հաջողությունների վրա աղքատության ունեցած ազդեցությանը, չնայած մեր երկրում երեխաների աղքատության ցուցանիշը բարձր է:
Հաշվի առնելով թեմայի կարեւորությունն ու խնդրի տարածվածությունը՝ զեկույցն առաջարկում է հավասարության եւ աղքատության ազդեցության թեման ներառել ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման ծրագրերում: Կարեւոր է նրանց տրամադրել անհրաժեշը գործիքներ եւ մեթոդներ՝ աղքատության մեջ գտնվող երեխաների հետ աշխատելու համար:
Բացի նշվածից՝ զեկույցն առաջարկում է ուժեղացնել դպրոցների եւ սոցիալական ծառայությունների, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական մարմինների համագործակցությունը՝ խոցելի ընտանիքների երեխաներին արագ եւ նպատակային աջակցություն ցուցաբերելու համար:
Վահրամ Սողոմոնյանը նշում է, որ վերջերս քննարկված հարցերից էր հանրակրթությունից դուրս մնացած աշակերտների թեման: Ավագ դպրոցներից տեղեկացրել են, որ շատ ծնողներ դիմում են՝ երեխային դպրոցից հանելու եւ արտերկիր տեղափոխելու համար, ու դպրոցը չի կարող մերժել, բայց երբեմն պարզվում է՝ երեխան մնացել է իր բնակավայրում, սակայն ինչ-որ տեղ անցել է աշխատանքի: Ըստ Սողոմոնյանի՝ չկա տվյալների սինխրոնացում, որպեսզի պարզ լինի, թե այդ երեխան ՀՀ պետական սահմանն արդյոք հատել է, թե ոչ:
Ձեւական խորհուրդներ
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրենը նշում է նաեւ, որ հետազոտության շրջանակներում հարցում էին արել դպրոցների մանկավարժահոգեբանական խորհուրդների մասին: Ուսուցիչներին խնդրել էին նկարագրել, թե ինչպես են ընտրվել իրենց դպրոցների մանկավարժահոգեբանական խորհրդի անդամները: Ըստ Սողոմոնյանի՝ կա իրողություն, որ դպրոցների խորհուրդները՝ աշակերտականից մինչեւ մանկավարժական, կառավարման խորհուրդ, որոշակի առումով ձեւական բնույթ են կրում: Բանախոսի փոխանցմամբ՝ այդտեղ խոսակցություն տեղի չի ունենում, ինչի պատճառը նաեւ ժողովներ վարելու հմտությունների պակասն է:
«Ո՞վ կարող է 4-5 օրինակ բերել, երբ տնօրենի աշխատանքը քննադատական վերլուծության է ենթարկվել»
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի խորհրդի անդամ, հանրային ֆինանսների մասնագետ Արտակ Քյուրումյանն էլ, անդրադառնալով կառավարման եւ ֆինանսավորման խնդիրներին, ասում է, որ դրանք լուծում չեն ստանում տասնամյակներով:
«Կարող ենք ունենալ շատ լավ ուսուցիչներ, բժիշկներ, շինարարաներ, զինվորներ, սակայն եթե դպրոցը, հիվանդանոցը, շինարարությունը լավ չկառավարվի, ապա ողջ աշխատանքն ուղղղակի ջուրը կընկնի: Այսօրվա մեր կառավարման համակարգը, որը ենթարկվում է նաեւ փոփոխությունների, փաստահեն չէ»,- նշում է Քյուրումյանը:
Որպես օրինակ՝ նկատում է, որ 2020-2030 թթ. կրթության զարգացման պետական ծրագրում նշվում էր, որ դպրոցների կառավարման խորհուրդները չեն գործում, որովհետեւ դրանց աշխատանքն ուղղորդվում է կամ որոշումները կայացվում են միանձնյա: «E-draft-ում քննարկման ժամանակ անձամբ ես եմ գրել այդ հարցը. ո՞վ է ուղղորդում, ո՞վ է կայացնում միանձնյա որոշումներ: Այդ հարցերին չպատասխանեցին: Այդպես էլ չիմացանք՝ արդյոք այն մարդիկ, որոնք միանձնյա որոշումներ էին կայացնում, զրկվեցին այդ հնարավորությունից, արդյոք այն մարդիկ, որոնք ուղղորդում էին խորհուրդների գործունեությունը, այլեւս չեն կարողանում անել դա: Արդյունքում ի՞նչ կատարվեց՝ օրենքներում փոփոխությունենր կատարեցին, լիազորությունները կրճատեցին: Այսօր խորհուրդը, ըստ էության, մի քանի լիազորություն ունի, բայց կառավարման տեսակետից մի լիազորություն է մնացել՝ տնօրենի ծրագրի հաշվետվությունը քննարկելն ու գնահատական տալը»,- մանրամասնում է բանախոսն ու հարցնում, թե ով կարող է 4-5 օրինակ բերել, երբ տնօրենի կատարած աշխատանքը քննադատական վերլուծության է ենթարկվել, եւ խորհրդի անդամները որեւէ կերպ գնահատել են տնօրենի գործունեությունը:
«Բոլորովին համաձայն չեմ կառավարման խորհուրդներին ներկայացված պահանջներին,- արձագանքում է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը,- որովհետեւ դրանք ունեն դպրոցների ընդհանուր գործընթացները վերահսկելու բոլոր գործառույթները, ուղղակի չունեն ցանկություն եւ կոմպետենտություն այդ աշխատանքներն անելու համար: Երբ հանկարծ ինչ-որ մարդ է հայտնվում, ուզում են փեթակի պես մոմով ծածկեն, որ հանկարծ բան չանի: Դրա համար այդ խորհուրդների հետ նախարարությունն էլ է աշխատում»:
Նախարարի խորհրդականի խոսքով՝ հետազոտության մեջ չի տեսել կառավարման մասին առաջարկություններ, օրինակ՝ երբ կա տնօրեն, բայց դպրոցը վատ է կառավարվում. «Մենք հիմա շրջաբերականներ ենք ուղարկում դպրոցներ, որպեսզի իրենք ներկայացնեն, թե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տարեկան պլանով նախատեսված աշխատանքներն ինչպես են իրականացրել»:
Տնօրենների ու մասնագետների ընտրությունը
Անդրադառնալով տնօրենների ընտրությանը՝ Արտակ Քյուրումյանն ասում է, թե ենթադրվում է, որ կան բազմաթիվ մասնագետներ, որոնք ունեն կարողություններ եւ հմտություններ ու, որպես տնօրենի թեկնածուներ, կգան, եւ նրանց միջեւ գաղափարների պայքար կընթանա, կներկայացնեն զարգացման ծրագրեր, ինչի արդյունքում կընտրվի լավագույն թեկնածուն ու կգնա դպրոց:
Այս տեսությանը հանրային ֆինանսների մասնագետը հակադարձում է. «Մեր դպրոցների բացարձակ մեծամասնությունը գյուղական համայնքներում է: Ուզում եք ասել, որ այդ համայնքներում կրթության այնքան մասնագետներ կան, որ իրենք մրցակցելու՞ են իրար հետ, եւ մենք ընտրելու ենք դրանցից լավագույնի՞ն: Այս ամեն ինչը, ըստ էության, ձեւական բնույթ է կրում»:
Կարեւոր հարցերից մեկը, ըստ բանախոսի, կարողունակության խնդիրն է, որը Հայաստանի ոչ մի ռազմավարության մեջ չի դրվել: «Շատ լավ ուսուցիչներ ունենք, բայց գիտենք, որ վերջին 30 տարում կրթության համակարգ են ներթափանցել կամ սողոսկել ոչ մասնագետներ: Ու նրանք արատավորում են լավ մասնագետների անունը: Հիմա կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձերը բարձրացնում են, ինչը լավ է, բայց քանի որ դա կապված չէ կրթական արդյունքի հետ, ստացվում է, որ անարդյունավետ համակարգի մեջ ուղղակի ավելի շատ փող ենք լցնում՝ արդյունքներ չարձանագրելով»,- նշում է Ա. Քյուրումյանը:
Նրա դիտարկմամբ՝ թվում է, թե Հայաստանը փոքր երկիր է, ու Երեւանից կարելի է ամեն ինչ կառավարել, այնինչ պետք է քննարկել, թե արդյոք կառավարման ապակենտրոնացումը չի օգնի որոշ խնդիրների լուծմանը: Ըստ Քյուրումյանի՝ բոլոր որոշումները չեն կարող կայացվել Երեւանում:
«Համաժողովին պատրաստվելիս ԿԳՄՍՆ-ին հարցում ուղարկեցինք՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն դպրոցների մասին, որոնք տնօրեն չունեին, եւ նշել, թե ինչքան ժամանակ է, որ այդ դպրոցը տնօրեն չունի: Նախարարությունը հրաժարվեց տրամադրել տվյալները, նույնիսկ իր՝ ավագ դպրոցների մասով չտրամադրեց տեղեկություն: Դիմեցինք մարզպետարաններ, որոնք պատասխանեցին: Պարզվեց, որ 8 մարզում 200-ից ավելի դպրոց չուներ տնօրեն (ժամանակավոր պաշտոնակատարներ կային): Հաշվել էին՝ 57.000 ժամ դպրոցը տնօրեն չուներ: Բանավոր խոսակցություններում ասում էին, որ մնացած երկու մարզերն ու Երեւանն էլ հետը՝ տնօրեն չուներ 300 դպրոց: Արդյոք սա նորմալ է, արդյոք այսպես կարելի է դպրոց կառավարել»,- հարցնում է Արտակ Քյուրումյանը:
«Կարողունակության ձեւավորումն ամեմամեծ նպատակն է»
«Մասնակցային դպրոց» ԿՀ-ի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ներկայում ամենամեծ նպատակը կարողունակություն ձեւավորող կրթություն ունենալն է, որպեսզի աշակերտներն ունենան տարբեր իրավիճակները հաղթահարելու հմտություններ: Այսինքն՝ ոչ այնքան կենտրոնանան գիտելիքի վրա, ինչը եւս շատ կարեւոր է, բայց նաեւ տիրապետեն այդ գիտելիքը կիրառելու տարբեր ձեւերին:
«Կարողունակություն ձեւավորելը պետք է չափելի գործիքներ ունենա: Այստեղ է գլխավոր խնդիրը՝ արդյոք դա զուտ վերացական բառ կմնա, թե ուսուցիչները կկիրառեն: Հաջորդը գնահատման հարցն է. եթե գնահատման համակարգը չփոխվի, ուսուցիչները չսովորեն գնահատել կարողունակությունը, ապա ռեֆորմը արդյունավետություն չի ունենա: Մյուս հարցը հիերարխիկ կառույցներ հաղթահարելն է, հորիզոնական, ժողովրդավարական դպրոցներ ունենալը, որովհետեւ ամեն դեպքում դասարանում եւ հասարակության մեջ պետք է լինեն նույնատիպ արժեքներ»,- ասում է Սողոմոնյանը:
Զեկույցի յուրաքանչյուր բաժնից հետո առաջարկներ են ներկայացված: Վահրամ Սողոմոնյանը նշում է, որ պատրաստ են դրանք քննարկել պատկան մարմինների հետ, նպաստել լավ լուծումների, որպեսզի բարեփոխումը կայանա:
Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել