HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

160 տարի առաջ Ալեքսանդրապոլ-Գյումրիում ծնվեց հայկական առաջին թատրոնը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 160 տարեկան է: Ամեն ինչ սկսվել է հեռավոր 1865թ․-ին, երբ Ալեքսանդրապոլում ռուսական բանակի հրետանու սպա Ալեքսանդր Մելիք-Հայկազյանցի ջանքերով ստեղծվում է թատերական առաջին օջախը:

Սակաjն, ցարական ինքնակալության շրջանում ազգային թատրոն հիմնելու մասին ավելի հեշտ էր խոսելը, քան կազմակերպելը: Հարկ եղած գումարը հավաքելու համար հայտարարվում է համաքաղաքային հանգանակություն:

Փոքրիկ քաղաքի բնակչությունն իր սուղ միջոցներից թատրոնի ստեղծման համար տրամադրում է 117 ռուբլի: Բավական պատկառելի գումար սեփական գրպանից նվիրաբերում է նաև Ալեքսանդր Մելիք-Հայկազյանցը և առկա դրամագլխով անցնում գործի՝ իր շուրջը համախմբելով ալեքպոլցի թատերասերներին: 1865թ․-ի մայիսի 23-ին բացվում են քաղաքային «կլուբի» վարագույրները և նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին է ներկայացնում իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ.Կարենյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը:

Անցած 160 տարիները թատրոնի կյանքում լի են եղել հիշարժան տարեթվերով ու իրադարձություններով, դադարներով ու վերաբացումներով, ճգնաժամերով ու հաղթարշավներով: Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու թատրոնի բեմում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Սիրանույշը, Գալֆայանը, Հ. Աբելյանը, Հ. Զարիֆյանը, Վրույրը, Արմեն Արմենյանը, Ցոլակ Ամերիկյանը, Արուս Ազնաուրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Նինա Բոխյանը, Արտավազդ Փաշայանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը և այլք:

Թատրոնն այն վայրն է, որտեղ գյումրեցին մտնում է երկյուղածությամբ, իսկ դերասանները՝ մեծագույն պատասխանատվությամբ: Այստեղ, ամեն մի ներկայացումից հետո, ծափողջյունների տարափով միմյանց «սեր են խոստովանում» դերասանն ու հանդիսատեսը: Գուցե այդ մեծագույն սերն էր, որ պաշտպանեց 1971թ․-ին կառուցված շինությունը փլուզումից՝ ավերված քաղաքում վերածվելով թունելի վերջում երևացող փրկարար լույսի:

1988թ․-ի երկրաշարժից հետո Գյումրիում անխաթար մնացած երկու լուսավոր վայր կար՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին և Գյումրու դրամատիկական թատրոնը: Քաղաքի երկու հզոր հոգևոր կենտրոնները չէին սասանվել ստորգետնյա ցնցումներից՝ դառնալով հույսի մարմնացում փլատակներով ծածկված քաղաքի փողոցներում դեգերող մարդկանց համար: Եկեղեցին սփոփանք էր վիրավոր հոգուն՝ դռները մշտապես բաց բոլորի առաջ, թատրոնը՝ հույս, որ «հետո»-ն լավ է լինելու:

Նման մասշտաբի աղետի ոչ ոք չէր սպասում՝ քաղաքն ապրում էր իր սովորական կյանքով: Գյումրու դրամատիկական թատրոնում գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանը Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» կատակերգության փորձերն էր անում: Ներկայացման մեջ զբաղված դերասանները գրեթե չէին լքում թատրոնը: Սակայն, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11-ին, նշանակվածը փորձ չէր, ժողով էր, եկել էին ոչ բոլորը, բայց հենց այդ ժողովի շնորհիվ փրկվեցին նրանք, ովքեր թատրոնում էին: Թատրոն, որ հետագայում դարձավ բեմի մի շարք երախտավորների համար ապրելավայր, որտեղ կարճ ժամանակով տեղակայվեց նաև նորաստեղծ «Շիրակ» ստուդիան, վայր, որի պատերից այն կողմ դերասաններն ու հանդիսատեսը մի քանի ժամով մոռանում էին քաղաքի գորշությունն ու «դոմիկների» անհրապույր միջավայրը:

1989թ․-ին թատրոնի ղեկավար է նշանակվում Հակոբ Ղազանչյանը: Երևան տեղափոխված դերասանների մեծ մասը վերադառնում է հարազատ օջախ: Աղետից մեկ տարի անց բացվում են բեմի վարագույրները: Կուլիսներում հավաքված դերասանների աչքերում զարմանքախառը ուրախություն էր՝ դահլիճը լեփ-լեցուն էր: Շքեղ զգեստներ, շքեղ ձևավորում, Ռուբեն Հախվերդյանի երաժշտական և Գրիշա Սահակյանի նկարչական ձևավորմամբ բեմում Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգեր» երաժշտական կատակերգությունն էր՝ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի մեկնաբանմամբ:

1995-99թթ․-ին թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար է նշանակվում Ալբերտ Մկրտչյանը: Նրա՝ «Ավերված քաղաքի ակորդը» ներկայացումը, որ հետո վերածվելու էր «Ուրախ ավտոբուս» ֆիլմի, հանդիսատեսը պիտի մշտապես դիտեր արցունքախառը ժպիտով: Սա ներկայացում էր, որտեղ անգամ մահվան մահճում գերիշխում էր հումորը, իսկ ավարտին հանդիսատեսը ոտքի էր կանգնում՝ արցունքոտ աչքերով ծափահարելու մոր և որդեգիր զավակի գրկախառնությունը:

2004թ․-ին թատրոնում Նիկոլայ Ծատուրյանի նշանակումը և հետագայում մի խումբ երիտասարդ դերասանների մուտքը նոր թարմություն է հաղորդում դրամատիկի աշխատանքներին: 2013թ․-ին Գյումրիում առաջին անգամ անցկացվում է «Դուետ» թատերական փառատոնը: 2014թ․-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնում է Լյուդվիգ Հարությունյանն, ում ղեկավարությամբ էլ թատրոնում շարունակում են ստեղծագործել մինչև օրս: 2014-2016թթ․-ին թատրոնում բեմադրվում են մեծամասշտաբ ու մասսայական տեսարաններով հարուստ «Մեսրոպ Մաշտոց» (ռեժ. Հովհաննես Հովհաննիսյան) և «Լիր Արքա» (ռեժ. Արթուր Սահակյան) ներկայացումները: Շեքսպիրի Լիրը ստիպում է Գյումրու թատրոն հաճախել թատերասեր հանրությանը նաև այլ մարզերից ու Երևանից՝ հետագայում ձևավորելով փոխայցերի կայուն ավանդույթ:

160-ամյա թատրոնի մասին կարելի է հատորներ գրել: Այն, ինչ արվել է այս տարիների ընթացքում, հնարավոր չէ սեղմագրել լրագրողական հոդվածներում: Գուցե նույն մտայնությունն էին ունեցել աճեմյանցիները, երբ փորձում էին հասկանալ՝ ինչպես ներկայանալ բեմում իրենց այդքան պատկառելի ծննդյան օրը, ինչով նշանավորել ու ինչպես մնալ հանդիսատեսի հիշողության մեջ: Մտածել էին և գտել տարբերակ: Հոկտեմբերի 25-ին բեմում երաժշտական հրավառություն էր: Ներկայացում չէր, մյուզիքլ չէր, շոու էր՝ համեմված երգերով ու խաղային տեսարաններով:

Երաժշտական շոու ներկայացման ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն ասում է՝ ողջ անձնակազմով են որոշել ներկայանալու ժանրը՝ ցանկություն ունենալով հանդիսատեսին զարմացնել նաև իրենց երգող դերասաններով: «Ես այն համերգ չեմ կոչի, որովհետև գրեթե բոլոր կատարումները համեմված էին դերասանական խաղով, սակայն այն, ինչ ներկայացվեց, բնականաբար,  դասական իմաստով մյուզիքլ էլ չես կոչի,- ասում է Ռաֆայել Ասատրյանը,- ահավոր մեծ պատասխանատվություն կար, նաև վախ: Վեց ամիս տևել են փորձերը: Համագործակցել ենք երիտասարդ, նորահայտ, բայց արդեն սիրված «Ֆոլկաստիկ» բենդի հետ: Երգացանկն ընտրվել էր համատեղ: Ինձ համար շատ մեծ աջակցություն էր Արինա Արարատյանի մասնակցությունը աշխատանքներին, քանի որ պարերի բեմադրությունն իրենն էր: Կարող եմ փաստել, որ ահռելի գործ է արվել թատրոնի ողջ կոլեկտիվի կողմից»:

«Արտիստիկ համերգ» կոչվող յուրահատուկ շոուին մասնակցում էր 30-40 դերասան: Սոլո համարներով հանդես եկան թատրոնի դերասաններից Գայանե Մանուկյանը, Արկադի Ղարագուլյանը, Սարգիս Ղարիբյանը, Նառա Սանթոյանը, Արմինե Միքայելյանը, Լիլիթ Խառատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Գաբոյանը, Հասմիկ Վիրաբյանը, Արսեն Միքայելյանը, Ասպրամ Բաղդասարյանը, Սոֆյա Սարգսյանը: Երգեցին հայկական ժողովրդական, գնչուական, իսպանական, սերբական, ռուսական, ֆրանսիական և այլ ազգությունների երգեր՝ ծրագիրը եզրափակելով «Օպերայի ուրվականը» մյուզիքլից կատարումով:

«Ֆոլկաստիկ» բենդի հիմնադիր-ղեկավար Տաթև Ժաքյանն ասում է, որ սիրով են ընդունել թատրոնի ղեկավարության առաջարկը: «Շոուի համար ընտրված բոլոր երգերի մշակումները մենք ենք արել, ոչ միայն օտարալեզու, այլև հայերենով կատարումների: Շատ հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք էր: Ճիշտ է` սոլո կատարումների համար ընտրվել էին երգող դերասաններ, բայց դե, վոկալի վրա պիտի պարտադիր աշխատեինք: Դերասաններից Հովհաննես Հովհաննիսյանը միակն է եղել, որ միանգամից ստացվել է իր կատարմամբ «Մախմուր աղջիկ» երգը: Բենդն ևս մի քանի կատարումներով հանդես եկավ՝ բացի էն որ բեք վոկալով մասնակցություն ուներ բոլոր համարներում»:

Ինչպես բոլոր ծննդյան տոները, թատրոնի 160-ամյակն էլ դերասաններից շատերի համար նշանավորվեց պետական պարգևներով ու շնորհակալագրերով: Իսկ ինչ վերաբերում է շուո ծրագրին, ապա այն, որոշակի ձևափոխումներից հետո, տեղ կգտնի թատրոնի խաղացանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter