HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Սպարտակ» մարզադաշտը չի վերադարձվի պետությանը․ գնորդն էլ սնանկ է ճանաչվել

Կասկածելի գործարքներով վաճառված Երևանի առաջին մարզադաշտը՝ «Սպարտակը», չի վերադարձվի պետությանը։ Մոտ 2 տարի է՝ Գլխավոր դատախազությունը փորձում էր վիճարկել մարզադաշտի սեփականաշնորհման որոշումները եւ վաճառքի գործարքը։ «Հետքը» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Դատախազության՝ 2024թ․-ի հայցը Վարչական դատարանը վարույթ չի ընդունել, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չի ընդունել Դատախազության բողոքը։ Դատական երեք ատյանների որոշումների արդյունքում մարզադաշտը չի վերադարձվի պետությանը։ 

Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող մարզադաշտն իր շենք-շինություններով պատկանում էր «Հայաստան» մարզական ՀԿ-ին։ «Սպարտակ» եւ «Աշխատանք» մարզահամալիրների վաճառքի մասին 2024թ․-ին «Հետք»-ն էր գրել։ «Սպարտակ» համալիրը շուկայականից բազմապատիկ ցածր գնով գնել էր «Հայաստան» մարզական ՀԿ-ի նախագահի ծանոթը՝ որդու ստեղծած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի միջոցով։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գնորդը գումարը ՀԿ-ին պետք է վճարի մինչև 2028թ.՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։ Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանը պատկանած «Սպարտակ» եւ «Աշխատանք» մարզահամալիրները օտարելու գործով երկու քրեական վարույթ կա։ Մեկը Քննչական կոմիտեում է քննվում, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Երկու քրեական վարույթով էլ պետք է քրեաիրավական գնահատական տրվի «Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավարի գործողություններին։ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կազմակերպության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը, որն էական վնաս է պատճառել կազմակերպության շահերին։

Համալիրն արտոնյալ պայմաններով գնած ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել

«Սպարտակ» մարզահամալիրը գնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանավել։ «Էկո պետրոլ» ընկերությունը հիմնադրվել է 2021թ․-ին, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Երևանում գտնվող սպարտային համալիրները ձեռք բերելու գործարքներից հետո։

Ընկերությունը սնանկ ճանաչելու համար դատարան էր դիմել ՍՊԸ-ի բաժնետերերից Լեւոն Բաբոյանը։ Ըստ նրա՝ ինքը «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին 1 միլիարդ 115 միլիոն դրամի փոխառություն է տվել, սակայն ընկերությունը ժամանակին չի վերադարձրել գումարը։ Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը բավարարել է հայցը եւ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել։ Ուշագրավ է, որ ստորադաս դատարանի կայացրած վճռի դեմ «Էկո պետրոլ» ՍՊ ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել օրենքով սահմանված ժամկետից ուշ։ Վերաքննիչ դատարանն այդ հիմքով մերժել է բողոք բերած կողմի «բաց թողնված ժամկետը հարգելի համարելու» միջնորդությունը, եւ վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել։

Սնանկության դատարանի որոշմամբ՝ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տարոն Բանդուրյանը։ 2025թ․-ի նոյեմբերի 14-ին Սնանկության դատարանում տեղի կունենա ընկերության պարտատերերի առաջին ժողովը։ 

«Հետքը» դեռեւս 2024թ․-ին էր գրել, որ «Սպարտակ» մարզադաշտը «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի վերցրած 1 միլիոն դոլար վարկի դիմաց գրավադրվել էր «Էվոկաբանկում»։ Մեկ տարի անց մարզադաշտն արդեն գնել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն։ Սեփականատիրոջ փոփոխությունից հետո գույքի նկատմամբ «Էվոկաբանկի» գրավի իրավունքը պահպանվել է։

Սնանկության կառավարիչ Տարոն Բանդուրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի պարտատերի նախնական ցուցակ է կազմվել, որը կարող է տարբերվել վերջնական ցուցակից, իսկ պարտատերի առաջին ժողովում սնանկության կառավարիչը հաշվետվությամբ է հանդես գալու, ներկայացվելու է սնանկացած ընկերության գույքը, բաշխվելու են պարտատերի ձայները։ Հետագայում բոլոր որոշումները հաստատվելու են Սնանկության դատարանի կողմից։

«Էկո պետրոլ» ՍՊԸ-ի պարտատերերի նախնական ցուցակը եւ պահանջը`

  • Պետեկամուտների կոմիտե- 849 հազար դրամ, «Գ հերթ»
  • Պետեկամուտների կոմիտե- 124․9 միլիոն դրամ, «Է հերթ»
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ– 4․643 միլիոն ԱՄՆ դոլար (ապահովված)
  • Լեւոն Անտոնի Բաբոյան- 1 միլիարդ 118 միլիոն դրամ եւ 1 միլիոն 560 հազար ԱՄՆ դոլար, «Է հերթ»
  • «Հայաստան» մարզական ՀԿ- 6 միլիարդ 234 միլիարդ դրամ, «Է հերթ»
  • «Հայաստան» մարզական ՀԿ- 186 միլիոն դրամ, «Է հերթ»։

Այս ցանկից կարելի է ենթադրել, որ «Սպարտակ» մարզադաշտն, ամենայն հավանականությամբ, կդառնա «Էվոկաբանկի» սեփականությունը։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter