Վաղարշապատի ընտրական ցուցակներում հիմնականում գործազուրկներ են
Վաղարշապատ համայնքում 2025թ. նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ են: «Հետք»-ն ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները եւ պարզել, որ դրանցում ընդգրկված 355 անձանց մեծ մասը՝ 193 մարդ կամ 54%-ը գործազուրկ է: Աշխատանքով ապահովված են ցուցակում ընդգրկվածներից միայն 145-ը կամ 41%-ը: 5%-ը կամ 17 մարդ աշխատում է հասարակական հիմունքներով, այսինքն՝ չի վարձատրվում: Նրանց թվում են ավագանու անդամները, որոնք չեն վարձատրվում իրենց աշխատանքի դիմաց:

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից: Այս քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված է 355 անձ: Նրանցից 307-ը կուսակցական է, 48-ը՝ անկուսակցական:
2021թ. համայնքների խոշորացումից հետո, երբ համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունը (մեծամասնական ընտրակարգ) փոխարինվեց համամասնական ընտրակարգով ավագանու ընտրության, ըստ որի՝ ավագանին ընտրվում է քաղաքացու կողմից, իսկ ընտրված ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար, սահմանափակվեց ոչ կուսակցական անձանց ընտրվելու հնարավորությունը: Համամասնական ընտրակարգի էությունն այն է, որ ընտրությունը կատարվում է ոչ թե անձերի միջև, այլ՝ կուսակցությունների: Անձերն ինքնուրույն չեն կարող թեկնածություն առաջադրել, ընտրվել ավագանու անդամ և հավակնել համայնքի ղեկավարի պաշտոնին: Վերջիններս կամ պետք է ստեղծեն իրենց կուսակցությունները և որպես քաղաքական ուժ մասնակցեն ընտրություններին կամ դառնան որևէ կուսակցության անդամ, կամ առնվազն աջակցեն այդ կուսակցությանը, որպեսզի վերջինիս ցուցակում տեղ ունենան, քանի որ համայնքի ղեկավար կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող անձը: Բացառություն են այն համայնքները, որոնք ունեն մինչև 4000 ընտրող։ Այստեղ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:

Դրանով է պայմանավորված, որ Վաղարշապատի 8 քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց միայն 14%-ն է անկուսակցական, իսկ 86%-ը կուսակցական է: Մինչդեռ Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձին:
Ինչ վերաբերում է կուսակցական ցուցակներին, ապա «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակն ամենաբազմամարդն է, ընդգրկված է 98 հոգի, հաջորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն է՝ 85: Ամենաքիչը «Ժառանգություն» և «Հանրապետություն» կուսակցությունների ընտրական ցուցակներում են՝ համապատասխանաբար 19 և 22 մարդ:
Ինչ տարիքի են են ավագանու թեկնածուները
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում գերակշռում են 31-40 տարեկան անձինք՝ 355-ից 114-ը կամ 32%-ը, հաջորդում են 41-50 տարեկանները՝ 91 մարդ կամ 26%-ը: 50-ից բարձր տարիքի անձինք ընտրական ցուցակներում ավելի շատ են, քան 18-30 տարեկանները: Մասնավորապես՝ 8 քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված է 18-24 տարեկան 24 մարդ կամ 8%, 25-30 տարեկան 38 մարդ կամ 11%, իսկ 50-ից բարձր տարիքի՝ 84 մարդ կամ 24%: «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքում 18-24 տարեկան 12 մարդ կա, ցուցակում գերակշռում են 31-50 տարեկանները՝ 60 մարդ։ «Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում 18-24 տարեկան անձ չկա: Այստեղ շատ են 31-40 տարեկանները՝ 11 մարդ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում էլ չկան 25-30 տարեկան անձինք, գերակշռում են 50-ից բարձր տարիք ունեցողները՝ 12 մարդ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում շատ են 31-40 տարեկանները՝ 39 հոգի, քիչ՝ 18-24 տարեկանները՝ 1 հոգի:

Ընտրական օրենսգրքով՝ համայնքի ղեկավար և ավագանու անդամ կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը։
Ընտրական ցուցակներում համամասնությունը պահպանված չէ նաև սեռերի հարցում, կանայք ավելի քիչ են։ 65%-ը կամ 232 մարդ արական սեռի է, 35%-ը կամ 123 մարդ՝ իգական: Բոլոր քաղաքական ուժերի ցուցակներում կանանց թիվը զիջում է տղամարդկանց թվին:

8 քաղաքական ուժերից ամենից շատ կին թեկնածու ունի «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 32 հոգի, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 31 հոգի:
Կանանց ներգրավվածությունը ՏԻՄ ընտրություններում վերջին տարիներին աճել է։ 2020 թվականից կիրառվում է քվոտա, ըստ որի՝ կուսակցության և դաշինքի ընտրական ցուցակների 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Մինչև 2020թ․ գենդերային քվոտան գործում էր միայն Երևանի, Գյումրու և Վանաձորի ընտրություններում, իսկ 2020թ-ից՝ 4000-ից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև՝ միավորված համայնքների ընտրություններում։
«ՕքսԵՋեն» հիմնադրամի 2024թ․ ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի 71 համայնքների ավագանիներում կանանց ընդգրկվածությունը 28․5% է։ Համեմատության համար՝ 2012թ․ այդ ցուցանիշը եղել է 9․6%։ Այդուհանդերձ, ավագանիների մոտ մեկ երրորդում կանանց ներկայացվածության ցուցանիշը զգալիորեն ցածր է սահմանված քվոտայից։ Ընտրվելուց հետո կանայք ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում կամ հրաժարվում մանդատներից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել