 
			Գործադիր մարմնի 72 պաշտոնյա 578 մլն դրամին համարժեք կրիպտոարժույթ ունի
Գործադիր մարմնի՝ Կառավարության և վարչապետին ենթակա մարմինների 72 պաշտոնյա 2024թ․ մոտ 578 մլն դրամին համարժեք կիպտոարժույթ է հայտարարագրել: Նրանց նախընտրած կրիպտոն «Բիթքոին»-ն (Bitcion) է՝ մոտ 295 մլն դրամ, այնուհետև «Fasttoken»-ը՝ 192 մլն դրամ։ Կրիպտոարժույթ ունեցող պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում այդ արժույթը ևս օրենսդրական մակարդակով վերահսկելի է դառնում, ինչն ավելի է բարձրացնում գրավչությունը:
.jpg)
Կրիպտոարժույթը «վիրտուալ» գումար է, որը հիմնված է «բլոկչեյն» (blockchain) կոչվող տեխնոլոգիայի վրա: Վերջինս օգտագործում է կոդավորման մեթոդներ, որով ապահովվում է գործարքների անվտանգությունը:
Կրիպտոարժույթը չի կառավարվում բանկերի կամ կառավարությունների կողմից, այլ ստեղծվում է համակարգչային ծրագրերի միջոցով:
2024թ․-ին գործադիր մարմնի պաշտոնյաներից արժեքով ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
.jpg)
Ըստ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի 2024թ. տարեկան հայտարարագրի՝ 7 անուն կրիպտոարժույթ ունի, որոնց ընդհանուր արժեքը՝ 2024թ. դեկտեմբերի 31-ի փոխարժեքով, մոտ 282 մլն դրամ է: Ա. Ջիվանյանի ամենաթանկ կրիպտոն «Բիթքոին»-ն է:
Արամ Ջիվանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 2010թ․-ից զբաղվում է կրիպտոգրաֆիա գիտությամբ և ստեղծել է առաջին ստարտափը, որը կրիպտոգրաֆիայի հիման վրա է եղել: Օրինակ՝ կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ է վաճառել «Սամսունգ» ընկերությանը, իսկ 2015թ.-ին իր առաջին ընկերությունը տվյալների գաղտնագրության արտադրանք է ստեղծել Ֆրանսիայում: Այնուհետև կրիպտոարժույթի մի ընկերության գլխավոր գիտնականն ու համահիմնադիրն է եղել:
Կրիպտոգրաֆիան գիտություն է, որն ուսումնասիրում է տեղեկատվության գաղտնագրումն ու պաշտպանությունն այնպիսի ձևով, որ միայն թույլտվություն ունեցող անձինք հնարավորություն ունենան կարդալ կամ դրանք փոփոխել:
.jpg)
«Այժմ ինչ կրիպտո որ ունեմ, իմ ստեղծած կրիպտոյով ձեռք բերված կրիպտո է: Այսինքն՝ իմ ստեղծած կրիպտոն փոխարինել եմ այլ կրիպտոյով, մասնավորապես՝ «Բիթքոին»-ով: Ունեմ 7 «Բիթքոին», որը ձեռք եմ բերել «Ֆիրոյով», իսկ ես եղել եմ «Ֆիրոյի» տեխնոլոգիա ստեղծողը: Ես ոչ թե սեր ունեմ կրիպտոարժույթների նկատմամբ, այլ կրիպտոգրաֆեր գիտնական եմ և եղել եմ բիզնեսմեն՝ սարքելով կրիպտոգրաֆիայի հիման վրա արտադրանքներ կամ ալգորիթմներ դեռևս 2010թ․-ից»,- ասում է Արամ Ջիվանյանը:
Անդրադառնալով հարցին, որ Հայաստանում կրիպտոարժույթը նոր-նոր է հետաքրքրություն առաջացնում և այդ արժույթի նկատմամբ Հայաստանում չկան վերահսկողության պատշաճ մեխանիզմներ՝ Արամ Ջիվանյանն ասաց, որ այս տարի արդեն նման կարգավորումներ սահմանվել են:
«Իհարկե, ժամանակ է պետք, քանի որ ամբողջ աշխարհը դեռ չգիտի, թե ինչպես հարաբերվի այս երևույթի հետ»,- հավելեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:
Նշենք, որ 2025թ. մայիսի 25-ին ընդունվեց «Կրիպտոակտիվների մասին» օրենք, որը կարգավորում է Հայաստանի կրիպտոակտիվների շուկայում գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ օրենքով սահմանվում են կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի և առք ու վաճառքի, կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակները, ինչպես նաև դրանց մատուցման և իրականացման կարգերը, կրիպտոակտիվների շուկայի կարգավորման և վերահսկողության բնագավառում Կենտրոնական բանկի իրավասությունները, պարտականությունները և օրենքի, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:
Նշենք, որ կրիպտոարժույթ ունեցող պաշտոնյաները բավականին ուսումնասիրել են ոլորտը և նույնիսկ այն իրավիճակներում, երբ ֆինանսական շուկաները ցնցվում են՝ չեն վախենում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը 2024թ.-ին հայտարարագրել է 5 անուն կրիպտոարժույթ: 2024թ. դեկտեմբերի 31-ի փոխարժեքով գումարային արժեքը կազմում է մոտ 63 մլն դրամ:
Նախարարի տեղակալը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ շատ հետաքրքրված է աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումներով՝ հատկապես վերջին 20-30 տարիների ընթացքում: Իսկ կրիպտոարժույթ ունի 2022թ․-ից:
.jpg)
«Հաշվի առնելով, որ մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ունեմ որոշակի պատկերացումներ ապագա տրանսֆորմացիայի վերաբերյալ՝ հատկապես նորարար տեխնոլոգիական ակտիվների մասով: Կարծում եմ, որ կրիպտոարժույթի տեխնոլոգիան բավական հետաքրքիր է, և արագ կիրառում է ստանում: Շատ պետություններ սկսել են բլոկչեյն տեխնոլոգիան դիտարկել ապահով և կիրառել տարբեր համակարգերում: Կարծում եմ, որ դրա հանդեպ ունեցած պահանջարկն առաջիկա տարիներին բավականին կաճի, ինչն էլ կբերի ակտիվների գնի բարձրացման»,- ասում է Դավիթ Խաչատրյանը:
Նախարարի տեղակալն ասում է, որ կրիպտոարժույթներն ունեն թողարկման սահմանաչափ, ինչն ավելի կանխատեսելի է դարձնում: Օրինակ՝ «Բիթքոին»-ի հայտարարված չափը 21 մլն միավորն է, որը չի փոխվում:
Դ. Խաչատրյանի խոսքով՝ երկրագնդի բնակչության 5-6%-ն արդեն ունի կրիպտոարժույթ, որը մոտավոր հավասար է 1998-1999թթ. աշխարհում «Գուգլ» (Google) օգտագործողների թիվին: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում կրիպտոարժույթ ունեցողների թիվն ավելի մեծ է:
Դավիթ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք մտահոգվել է, վերջին ամիսներին կրիպտոարժույթի շուկայում եղած ցնցումներից, քանի որ իր ունեցածն արժեքով բավականին մեծ է:
«Այդ ցնցումները ոչ միայն կրիպտոյում տեղի ունեցան, այլ առհասարակ ֆինանսական շուկաներում: Եթե նայեք, մի քանի հետաքրքիր օրեր եղան և հատկապես ամերիկյան բորսայում ցուցակված ակտիվները տատանվեցին: Իհարկե, կրիպտոյի տատանողականությունն ավելի բարձր է: Վերջին ամենախոշոր տատանումը կապված էր ԱՄՆ-ի կողմից Չինաստանի ապրանքների վրա բարձր տարիֆ սահմանելու հետ, ինչն անհանգստություն էր առաջացրել ֆինանսական աշխարհում, այդ թվում՝ կրիպտոյում: Մարդիկ ռիսկեր էին նկատել և որոշել էին կանխիկի վերածել»,- ասում է Դ. Խաչատրյանը:
Նախարարի տեղակալը նշում է, որ ինքը նույնպես անհանգստացել է այդ տատանումներից, սակայն գիտակցելով ռիսկայնությունը՝ իր համար անակնկալ չի եղել: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ դա նույնն է, որ ինչ-որ կոնֆլիկտային երկրում մարդն անշարժ գույք գնի, բնական է, որ պետք է գիտակցի բարձր ռիսկը: Կարող է ոչ միայն ամբողջությամբ գույքը կորցնել, այլև նույնիսկ հնարավոր է չկարողանա ապացուցել, որ ընդհանրապես գույք է ունեցել, հետևաբար միջազգային ատյաններում չի էլ կարող վեճի առարկա դարձնել: Սակայն, նույն իրավիճակում հնարավոր է շատ մատչելի գնով անշարժ գույք գնել, և կոնֆլիկտն արագ լուծվի, միջազգայնորեն ընդունվի, ու այդ գույքի արժեքը մի քանի անգամ թանկանա:
«Ասածս այն է, որ ցանկացած ներդրող պետք է գիտակցի իր ռիսկերը և հասկանա՝ իր ռիսկի ախորժակը բավարարում է այդ պայմաններին, թե ոչ: Անհանգստություն կա, բայց դրա լուծումներն էլ կան՝ դիվերսիֆիկացնում ես, դարձնում կանխիկ: Բայց երկարաժամկետ կտրվածքով կրիպտոն ինձ համար հետաքրքիր ակտիվ է, այսինքն՝ ավելացնել, պահել ու այսպիսի տատանումներից էլ չեմ վախենում»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն ունի մոտ 99 մլն դրամին համարժեք կրիպտոարժույթ: Նրա միակ ունեցածը «Fasttoken»-ն է: Դեսպանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց:
.jpg)
Նշենք, որ 2025թ. մայիսին լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում: Մասնավորապես՝ հայտարարագրման ենթակա են նաև կրիպտոակտիվները:
Կրիպտոակտիվների դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ կրիպտոակտիվի անվանումը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն: Իսկ գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝ հարթակի օպերատորի անվանումը: Նախկինում սա պարտադիր հայտարարագրման ենթակա չէր և, կարծես թե, թողնված էր պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց բարեխղճության վրա:
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել