«Ունենք ծերացող հասարակություն, երիտասարդների նվազող թվաքանակ, ցածր ծնելիություն եւ միգրացիա»
2024 թ. հոկտեմբերին Հայաստանի կառավարությունն ընդունել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ, UNFPA) հայաստանյան գրասենյակը եւս մասնակցել է ռազմավարության մշակմանը:
Գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշում է, որ փաստաթղթի ընդունմանը նախորդել է երեք տարիների երկար աշխատանք: Մասնավորապես՝ ՄԱԲՀ-ի մասնագետները միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ ներառել են միջազգային լավագույն փորձը, ուսումնասիրել այն երկրները, որոնք անցել են նույն ճանապարհով, ինչ Հայաստանը: Մասնագետները վերցրել են հաջողված օրինակներն ու տեղայնացրել Հայաստանի համար: Միաժամանակ ուսումնասիրել են մեր երկրի առանձնահատկությունները, աշխատել, որպեսզի ռազմավարությունը բազմաշերտ լինի: ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ասում է՝ գրեթե չկա ոլորտ, որը ներառված չլինի ռազմավարության մեջ, եւ այս առումով ամեն մեկն իր անելիքն ունի:
«Մենք ունենք ծերացող հասարակություն, երիտասարդների նվազող թվաքանակ, ցածր ծնելիություն եւ միգրացիա: Այս ամենի հետեւանքով մեր ժողովրդագրական պատկերը փոխվել է: Եթե մի ժամանակ ունեինք երիտասարդների ավելի մեծ թվաքանակ, ովքեր աշխատում էին, հավելյալ արժեք էին ստեղծում եւ հոգում էին ավելի տարեց բնակչության կարիքները, որոնք ավելի փոքր թվաքանակով էին, այսօր հակառակն է՝ փոքր թվով երիտասարդներն աշխատում են, որպեսզի հոգան ավելի մեծ թվով տարեցների սոցիալ-տնտեսական կարիքները»,- նշում է Լուսինե Սարգսյանը:
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը 4 թիրախային ուղղություն ունի: Առաջինը աջակցությունն է ընտանիքներին: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ Հայաստանում մարդիկ ավելի շատ թվով երեխա են ցանկանում ունենալ, քան ունենում են: Դրա մի քանի պատճառ կա, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական, բնակարանային, անհամատեղելիության խնդիրները: Ընտանիքների աջակցությամբ պետք է նրանց հնարավորություն տրվի ունենալ այնքան երեխա, որքան ցանկանում են:
Երկորդ ուղղությունը մահերի կանխարգելումն է, այդ թվում՝ առողջ ապրելակերպի քարոզումը, տրանսպորտային վթարների նվազեցումը: «Մենք այդպիսի բնավորություն ունենք, չէ՞, բժշկի ենք գնում, երբ դանակը ոսկորին է հասնում: Այս ռազմավարությամբ ցանկանում ենք փոփոխել դա, որ մարդիկ արդեն թիրախային կարողանան զբաղվել իրենց առողջությամբ»,- ասում է Սարգսյանը:
Երրորդ ուղղությունն ավագ սերնդի տնտեսական ակտիվությունը երկարացնելն է, որը կոչել են առողջ ծերացում: Դա ենթադրում է, որ տարեց մարդը կկարողանա ավելի երկար ժամանակ տնտեսական արժեք ստեղծել թե՛ իր, թե՛ պետության համար: Լուսինե Սարգսյանը նշում է, որ, ցավոք, այսօր Հայաստանում կենսաթոշակային տարիքից հետո ավագ սերունդը զբաղմունք չունի, ինչը հաճախ հանգեցնում է առողջական խնդիրների: Սա փոփոխելու համար ռազմավարությամբ նախատեսում են թիրախավորել ոչ միայն ավագ սերնդի առողջությունը, այլեւ հնարավորություն տալ այդ սերնդին գտնել ինչ-որ զբաղմունք: «Հետքի» զրուցակիցն ավելացնում է, որ, բնականաբար, դա չի կարող լինել նույնը, ինչ 20-25 տարեկանում էր, բայց ավագների որոշակի զբաղվածությունը կարող է օգնել ավելի համաչափ բաշխել սոցիալ-տնտեսական բեռը բնակչության տարբեր տարիքային շերտերի միջեւ:
Ռազմավարության չորրորդ ուղղությունը միգրացիան է եւ դրա կառավարումը: ՄԱ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշում է, որ ամբողջ աշխարհում միգրացիան երեւույթ է, որն առաջ է գնում տարբեր փուլերով: «Մեր պարագայում պետությունը ցանկանում է դա կառավարել այնպես, որ խրախուսվի հատկապես ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետների միգրացիան դեպի Հայաստան: Սա կլինի թե՛ քվոտաների, թե՛ հարկային ինչ-որ արտոնությունների միջոցով»,- ասում է Լուսինե Սարգսյանը՝ ավելացնելով, որ երկարաժամկետ ներդրումների ու գործողությունների միջոցով հնարավոր կլինի հաղթահարել ժողովրդագրական ճգնաժամը, ինչն այսօր տեսանելի է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել