«ՄԱՊ»-ի Ալիկի գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանը
Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 10-ին մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (առավել հայտնի է որպես «ՄԱՊ»-ի Ալիկ) բողոքը վերաքննիչ ատյանի որոշման դեմ, որով վերջինս բեկանել էր նախկին պաշտոնյայի օգտին կայացված վճիռն առաջին ատյանի կողմից եւ գործն ուղարկել նոր քննության:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2003-2017 թթ. պատգամավորի պաշտոն զբաղեցրած գործարար Ա. Պետրոսյանին մեղադրում է այն բանում, որ նա օժանդակել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն, այլ կերպ ասած՝ փողերի լվացմանը։ Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած կաշառքի գումարները լվանալուն է վերաբերում: Պետրոսյանի դրվագը Արամ Հարությունյանին վերաբերող մեծ գործի մի մասն է, որն անջատվել է առանձին վարույթ, իսկ հետո հասել է դատարան:
Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022-ի հունիսին անմեղ էր ճանաչել նախկին պատգամավորին: Դատարանի այս վճիռը Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ ատյան: 2023-ի սեպտեմբերին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր մեղադրող կողմի բողոքը, բայց ոչ թե ազատազրկման էր դատապարտել Պետրոսյանին, այլ գործն ուղարկել էր ստորին ատյան՝ նոր ձեւավորված Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
Ալեքսան Պետրոսյանն իր հերթին վերաքննիչի այս որոշումը բողոքարկել էր վճռաբեկ ատյան, որն այն վարույթ էր ընդունել 2024-ի հունիսին: Եվ ահա գրեթե 1,5 տարի անց Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Պետրոսյանի գործը պետք է քննվի Հակակոռուպցիոն դատարանում:
Արամ Հարությունյանին վերաբերող քրգործը հարուցվել էր դեռ 2015-ի աշնանը, սակայն Պետրոսյանը դրանում ներգրավվել է 4 տարի անց միայն: 2019-ի նոյեմբերին նա ձերբակալվել էր, ապա դարձել գործով մեղադրյալ, նույն ամսում նախկին պատգամավորը կալանավորվել էր, կալանք էր դրվել նաեւ «ՄԱՊ» ՓԲԸ-ում նրան պատկանող 97 % բաժնետոմսերի վրա: 2019-ի դեկտեմբերին Պետրոսյանի մասով անջատվել էր առանձին վարույթ, որն էլ օրեր անց մտել էր դատարան: 2020 թ. հունվարին դատարանը Պետրոսյանի կալանքը փոխարինել էր գրավով, որն ուժի մեջ է մինչ օրս:
Ինչպե՞ս է Պետրոսյանն, ըստ մեղադրանքի, աջակցել Հարությունյանին փող լվանալ
Ըստ Գլխավոր դատախազության մեղադրանքի՝ Ալեքսան Պետրոսյանը, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲԸ-ի սեփականատեր, նաեւ լինելով ԱԺ պատգամավոր, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանի հետ: Նկատենք, որ Պետրոսյանն ու Հարությունյանը, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ լինելով, 2003-ին դարձել էին ԱԺ պատգամավոր, 2004-ին Հարությունյանը նշանակվել էր քաղաքաշինության նախարար, իսկ 2007-ին՝ բնապահպանության: Իր հերթին Պետրոսյանը շարունակել էր պաշտոնավարումը ԱԺ-ում: Ընդ որում՝ 2006-ին երկուսն էլ դուրս էին եկել ՕԵԿ-ից ու շուտով միացել իշխող ՀՀԿ-ին:
2007-ի աշնանը Ալեքսան Պետրոսյանի որդու՝ Մակարի «Լուլիար» ՍՊԸ-ն հաղթող էր ճանաչվել Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքավայրի ուսումնասիրման իրավունք ձեռք բերելու աճուրդում, որը կազմակերպել էր բնապահպանության նախարար Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը: Շուտով հայտնվել էր գործարար Սիլվա Համբարձումյանը, որը հետաքրքրություն էր ցուցաբարել Հայաստանի մի շարք հանքավայրերի նկատմամբ: Ըստ Դատախազության՝ կին գործարարն Արամ Հարությունյանից տեղեկացել էր, որ Սառնաղբյուրի հանքի հանդեպ իրավունքը պատկանում է Պետրոսյանների «Լուլիարին», սակայն նախարարը Համբարձումյանին հայտնել էր, որ կարող է գումարի դիմաց կազմակերպել Սառնաղբյուրի եւ գործարար կնոջը հետաքրքրող մյուս լիցենզիաների տրամադրումը վերջինիս: Համբարձումյանը համաձայնել էր, ինչից հետո Արամ Հարությունյանը, նյութական շահագրգռվածությունից ելնելով, կազմակերպել էր լիցենզիա ունեցող «Լուլիար» ՍՊԸ-ի փոխանցումը Սիլվա Համբարձումյանին: Հետագայում դատարանում վերջինս հայտարարել էր, որ ինքն ու Հարությունյանը «Լուլիարի» ձեռքբերման համար պայմանավորվել էին 1 մլրդ դրամի սահմաններում, որն ինքը «ՎՏԲ-Հայաստան Բանկում» տվել է նախարարին: Իսկ Մակար Պետրոսյանը դատարանում հայտնել էր, որ ինքն ու Սիլվան համաձայնության են եկել «Լուլիար» ՍՊԸ-ն 30 հազ. դոլարով վաճառելու շուրջ: 2007-ի նոյեմբերին ընկերության սեփականատեր ու տնօրեն էր դարձել կին գործարարը:
Բացի դրանից՝ Հարությունյանն ու Համբարձումյանը համաձայնության են եկել 14 մլն դոլար կաշառքի դիմաց հանքերի ուսումնասիրության 10 լիցենզիա ձեռք բերելու շուրջ: 2008 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Ս. Համբարձումյանը ստացել էր լիցենզիաները. խոսքը Սյունիքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող հանքերի մասին է: Նույն ժամանակահատվածում Համբարձումյանը «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաշվեհամարներից կանխիկացրել էր 6 մլն դոլար ու միջնորդի միջոցով փոխանցել Արամ Հարությունյանին:
Դատախազության տվյալներով՝ կաշառքի մնացած մասը՝ 8 մլն դոլարը, Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից ստացել էր 2008-2011 թթ. ընթացքում բանկային փոխանցումների միջոցով: Այդ հարցում նախկին նախարարին օժանդակել էին նրա մտերիմներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Կարապետյանը, Վիկտոր Մարտիրոսյանը, ինչպես նաեւ 1990-ականներից ԱՄԷ-ում բնակվող, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանը:
Բանկային փոխանցումներով արտերկիր ուղարկված 8 մլն դոլարի մի մասը Հայաստան փոխանցելու համար, ըստ Դատախազության, 2011 թ. սկզբներին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը դիմել էր Ալեքսան Պետրոսյանին՝ հայտնելով, որ ցանկանում է ԱՄԷ-ում գործող եւ իր կողմից տնօրինվող հաշվեհամարներին իբրեւ կաշառք փոխանցված ավելի քան 5 մլն դոլարը Հայաստան ուղարկել այնպես, որ քողարկվի այդ գումարի ապօրինի ծագումը, այլ կերպ ասած՝ անհրաժեշտ էր եղել լվանալ այդ 5 մլն դոլարը: Դատախազության մեղադրանքում նշվում է, որ Պետրոսյանն ընդունել է հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներն օրինականացնելուն օժանդակելու առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Tarasco Investment Ltd-ի եւ Հայաստանում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի միջոցով գումարները Հայաստան փոխանցելու, դրանք կանխիկացնելու եւ Հարությունյանին տրամադրելու գործընթացը:
Պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար, ըստ Դատախազության, Պետրոսյանը Հարությունյանին էր տվել Tarasco Investment-ի հաշվեհամարը շվեյցարական RBS Coutts Bank-ում, ինչից հետո Հարությունյանը կազմակերպել էր շուրջ 5 մլն դոլար կաշառքի փոխանցումն այդ հաշվեհամարին: Այսպես՝ Հարությունյանի պահանջով նրա մտերիմ Վիկտոր Մարտիրոսյանը 2011 թ. մարտի 24-ին Աբու Դաբիի իր բանկային հաշվեհամարից 2 մլն դոլար էր փոխանցել Tarasco-ի շվեյցարական հաշվեհամարին, իսկ մարտի 29-ին Արամ Հարությունյանն էր անձամբ Աբու Դաբիի նույն բանկի իր հաշվեհամարից մոտ 3 մլն դոլար փոխանցել Պետրոսյանի օֆշորային ընկերության հաշվին:
Շարունակելով սխեմայի նկարագրությունը՝ Դատախազությունը նշել է, որ Ա. Պետրոսյանը Tarasco-ի շվեյցարական հաշվին ուղարկված մոտ 5 մլն դոլարը 2011 թ. մարտին երկու փոխանցումներով նստեցրել է Շվեյցարիայում գտնվող բանկի իր անձնական հաշվեհամարին, ապա տարբեր ժամանակ այդ գումարը նորից մուտքագրել Tarasco-ի հաշվեհամարներին ինչպես RBS Coutts Bank-ում, այնպես էլ այլ բանկերում:
Հիմնվելով Tarasco Investment-ի եւ «ՄԱՊ» ՓԲԸ-ի միջեւ 2009 թ. կնքված անտոկոս փոխառության պայմանագրի վրա՝ 2011-2014 թթ. Պետրոսյանը վերոնշյալ 5 մլն դոլարից 2,8 մլն-ը փոխանցել էր «ՄԱՊ»-ի հայաստանյան հաշվեհամարներին, իսկ մնացած 2,2 մլն դոլարը տնօրինել Tarasco-ի միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով: Դատախազության տեղեկացմամբ՝ ինչպես Հայաստան փոխանցված 2,8 մլն դոլարից, այնպես էլ իր անձնական միջոցներից Ալեքսան Պետրոսյանը 2011-2016 թթ. ընթացքում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է ընդհանուր 5.049.005 դոլար:
Ըստ «ՄԱՊ»-ի Ալիկի՝ ինքը պարտք էր վերցրել Արամ Հարությունյանից
Առաջին ատյանի դատարանում Ա. Պետրոսյանն ասել էր, որ Արամի հետ մտերիմ են եղել, բայց նա այն մարդ չէր, ում համար ինքը փողերի լվացմամբ կզբաղվեր՝ հասկանալով, թե դա ինչ հետեւանքներ կունենա իր եւ իր ընկերության համար: Ըստ նախկին պատգամավորի՝ ինքը Հարությունյանից պարտքով գումար էր ուզել մի քանի տարով, ինչից հետո նա ասել էր, որ կարող է գումարը տալ Ռուսաստանում կամ այլ երկրում՝ Հայաստանից դուրս: Պետրոսյանն էլ առաջարկել էր շվեյցարական հաշիվներ ունեցող իր օֆշորային Tarasco-ի տարբերակը, քանի որ ՌԴ-ում ընկերություն չուներ:
Պետրոսյանի դատական ցուցմունքի համաձայն՝ օֆշորային գոտում ընկերություն հիմնելու նպատակը եղել է այն, որ հայկական ընկերության միջոցով այլ երկրից ապրանք գնելու դեպքում ծախսը 30 տոկոսով ավելի շատ էր, իսկ Tarasco-ի միջոցով ինքն ապրանքները կարողացել է երրորդ երկրներից գնել ավելի էժան եւ ապա հանձնել «ՄԱՊ»-ին: Դատարանում հնչած հարցին, թե արդյոք չի հետաքրքրվել այդ 5 մլն դոլարի ծագումով, Պետրոսյանն ասել էր, որ, ըստ Արամ Հարությունյանի, նա Ռուսաստանում բիզնես ունի, որից էլ գոյացել են այդ միջոցները: Ամբաստանյալը նշել էր, որ պարտք վերցրած 5 մլն-ի կեսը (2,8 մլն դոլարը – հեղ.) բերվել էր Հայաստան, մի մասն էլ «ՄԱՊ»-ի համար էր օգտագործվել՝ տեխնիկա եւ այլ իրեր գնելու համար: Գումարը քիչ-քիչ դրվել էր շրջանառության մեջ, ինքն էլ մաս-մաս հետ էր վերադարձրել Հարությունյանին: Ընդ որում, ըստ Պետրոսյանի, ինքը Հարությունյանից 10 մլն դոլար էր ուզել, սակայն նա կարողացել էր 5 մլն տալ:
Պետրոսյանը նախաքննության ժամանակ այլ ցուցմունք էր տվել
Եթե դատարանում նախկին պատգամավորն ասել էր, թե 5 մլն դոլարը պարտք էր վերցրել Արամ Հարությունյանից, ապա նախաքննության ժամանակ քննիչին այլ բան էր հայտնել: Ըստ այդմ՝ 2011-ի սկզբներին Հարությունյանը հանդիպել էր Պետրոսյանին եւ ասել, որ ցանկանում է արտերկրում ունեցած իր անձնական գումարները, որոնք ստացվել են առեւտրային գործունեությունից, փոխանցել Հայաստան, որ Պետրոսյանը կանխիկացնի ու տա իրեն (անհասկանալի է, թե ինչու պիտի Հարությունյանը կարիք ունենար իր անձնական գումարները Հայաստան փոխանցել եւ այստեղ կանխիկացնել ոչ թե անձամբ, այլ Պետրոսյանի միջոցով):
Գործարարի ասելով՝ ինքը գիտեր, որ Հարությունյանը բիզնեսներ ունի, շինարարական ընկերություններ, ռեստորաններ, նաեւ տարածքներ է տալիս վարձակալության, իսկ Արամն էլ պնդել էր, որ այդ գումարը բիզնեսից է, բայց չի ցանկանում անձամբ փոխանցել Հայաստանում գտնվող իր որեւէ հաշվեհամարի, ինչի համար էլ խնդրել էր Պետրոսյանի օգնությունը: «ՄԱՊ»-ի սեփականատերը համաձայնել էր՝ նշելով, որ արտասահմանում ընկերություն ունի, փոխանցումները կարող են անել դրա միջոցով, բայց ինքն Արամին չի կարող միանգամից խոշոր գումարներ տալ Հայաստանում: Ըստ Պետրոսյանի՝ ինքը մտածել էր, որ Արամի առաջարկը լավն է, եւ ինքն էլ Հայաստան փոխանցվող գումարները կներդնի իր «ՄԱՊ» ընկերությունում: Պայմանավորվել էին, որ բնապահպանության նախարարը գումարը միանվագ էր փոխանցելու (ինչպես վերեւում տեսանք, գումարը Tarasco-ին փոխանցվել է երկու տրանշով), իսկ Պետրոսյանը նրան վերադարձնելու էր ժամանակի ընթացքում մաս-մաս: Մինչեւ 2016 թ. վերջ Պետրոսյանն ամբողջությամբ վերադարձրել էր 5 մլն դոլարը առձեռն եղանակով:
Tarasco-ն եւ «ՄԱՊ»-ը 14 մլն դոլարի փոխառության պայմանագիր էին կնքել. Հարությունյանի ստացած կաշառքը եւս այդքան էր
2009-ի հունվարին Tarasco-ի տնօրեն Անդրեաս Մոուստրասը եւ «ՄԱՊ»-ի տնօրեն Մակար Պետրոսյանը Ալեքսան Պետրոսյանի հանձնարարությամբ 14 մլն դոլարի անտոկոս փոխառության պայմանագիր էին ստորագրել: Այս եւ Ա. Պետրոսյանի ցուցմունքներում ներկայացված այլ դրվագներ ցույց են տալիս, որ նախկին պատգամավորը ոչ միայն բիզնեսի սեփականատեր է եղել, ինչը ՀՀ օրենսդրությամբ չի արգելվում, այլեւ զբաղվել է դրա կառավարմամբ, ինչը հակասում է Սահմանադրությանը: Փոխառության գումարի վերադարձի վերջնաժամկետը 2024 թ. դեկտեմբերի 31-ն էր, սակայն օֆշորային ընկերությունը «ՄԱՊ»-ին փոխանցել էր 4,4 մլն դոլար 2009-2014 թթ.: Այս գումարի մեջ էր մտնում այն 2,8 մլն դոլարը, որը Tarasco-ն Հայաստան էր ուղարկել Արամ Հարությունյանից ստացած 5 մլն դոլարից:
Իրավապահների ուշադրությունն էր գրավել այն հանգամանքը, որ բնապահպանության նախարարը գործարար Սիլվա Համբարձումյանի հետ 2008-ին համաձայնության էր եկել 14 մլն դոլարի կաշառքի շուրջ, իսկ 2009-ին Ալեքսան Պետրոսյանի օֆշորային ու հայկական ընկերություններն այդ նույն չափով փոխառության պայմանագիր էին կնքել: Սակայն Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ եթե 2008-ին Ա. Հարությունյանը Ս. Համբարձումյանից արդեն ստացել էր կաշառքի մի մասը՝ 6 մլն դոլարը, ապա արտերկրից 14 մլն դոլար Հայաստան փոխանցելու կարիք նա չուներ, հետեւաբար դատարանը եզրահանգել էր, որ գումարների չափի համընկնումը հնարավոր չէ կապել փոխադարձ պայմանավորվածության հետ: Այս առումով դատարանը նշել էր նաեւ այն հանգամանքը, որ Tarasco-ն «ՄԱՊ»-ին փոխանցումներ էր արել նաեւ 2009-2011 թթ., այսինքն՝ մինչեւ Հարությունյանից գումար ստանալը:
Երեւանի դատարանն արդարացրել էր Ալեքսան Պետրոսյանին՝ «բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի» եւ հանգելով հետեւության, որ քրգործում «առկա չէ արժանահավատ, փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Ալեքսան Պետրոսյանը տեղեկություն է ունեցել Արամ Հարությունյանից միջնորդավորված եղանակով ստացած ավելի քան 5 մլն դոլարի հանցավոր ծագում ունենալու մասին»: Իսկ Վիկտոր Մարտիրոսյանի եւ Արամ Հարությունյանի կողմից 2011-ի մարտին Պետրոսյանին փոխանցված 5 մլն դոլարի մասին դատարանը նշել էր, թե Ալեքսան Պետրոսյանն ու նրա ընկերություններն այդ գումարն օգտագործել են բիզնես գործունեության համար, այլ ոչ թե Ա. Պետրոսյանը նպատակ է ունեցել օժանդակել որեւէ մեկի եկամուտներն օրինականացնելուն, դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելուն եւ խեղաթյուրելուն:
Ինչպես տեսանք, վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանները համաձայն չեն եղել առաջին ատյանի դիրքորոշմանը, եւ այժմ «ՄԱՊ»-ի Ալիկի գործը պետք է քննի Հակակոռուպցիոն դատարանը:
Առաջին նկարում՝ Արամ Հարությունյան (ձախից), Ալեքսան Պետրոսյան (աջից)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել