HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«ՄԱՊ»-ի Ալիկի օֆշորային ընկերությունները. Դատախազությունը պնդում է, որ դրանցից մեկով լվացել են նախկին նախարարի ստացած կաշառքը

2003-2017 թթ. ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որն առավել հայտնի է որպես «ՄԱՊ»-ի Ալիկ, իր հայաստանյան բիզնեսին աջակցելու համար օֆշորային ընկերություններ է հիմնել այն ժամանակ, երբ պատգամավոր էր եւ բիզնեսով զբաղվելու իրավունք չուներ: Բացի դրանից՝ Պետրոսյանը երբեւէ չի հայտարարագրել իր օֆշորային ընկերությունները:

Ընդ որում՝ Գլխավոր դատախազությունը, որը երկու գործով դատարան է մտել ընդդեմ Ա. Պետրոսյանի, տեղյակ չէ, որ նախկին պատգամավորն օֆշորում ունեցել է մեկից ավելի ընկերություններ:

Դատական գործերից մեկը քրեական պատմություն է: Գլխավոր դատախազությունը Ա. Պետրոսյանին մեղադրում էր այն բանում, որ նա օժանդակել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն։ Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած կաշառքի գումարները լվանալուն է վերաբերում: Պետրոսյանի դրվագը Արամ Հարությունյանին վերաբերող մեծ գործի մի մասն է, որն անջատվել է առանձին վարույթ, իսկ հետո հասել է դատարան: Երեւանի դատարանը, սակայն, անմեղ է ճանաչել նախկին պատգամավորին: Դատարանի այս վճիռը Գլխավոր դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ ատյան, որը մասնակի բավարարել է բողոքը, բայց ոչ թե ազատազրկման է դատապարտել Պետրոսյանին, այլ գործն ուղարկել է ստորին ատյան՝ նոր ձեւավորված Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: 

Երկրորդ գործով, որը քաղաքացիական է եւ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, Գլխավոր դատախազությունը պահանջում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մի քանի միավոր գույք բռնագանձել Ալեքսան Պետրոսյանից եւ նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից: Խոսքը գլխավորապես Արմավիրի մարզում գտնվող անշարժ գույքի մասին է, ինչպես նաեւ բաժնետոմսերի ու դրամական միջոցների (մանրամասները՝ այստեղ):

Ալեքսան Պետրոսյանը՝ «Պանդորայի փաստաթղթերում»

Ալեքսան Պետրոսյանի օֆշորային ընկերությունները մենք գտել ենք «Pandora Papers» թղթապանակում:

Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», 2021-ի հոկտեմբերից հրապարակում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»:

sev.png (66 KB)

Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք:

Փաստաթղթերն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով: Այդ 14-ից մեկը «Trident Trust Group»-ն է, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ), որը կոչվում է «Trident Trust Company (B.V.I.) Limited»։ Ընդ որում՝ «Pandora Papers»-ի 11,9 մլն հատ արտահոսած փաստաթղթերից ամենաշատը՝ 3,37 մլն-ը, բաժին է հասել հենց «Trident Trust»-ին. այդ փաստաթղթերը վերաբերում են 1970-2019 թթ․ ժամանակահատվածին։

«Հետքը» պարզել է, որ «Trident Trust»-ի հաճախորդներից է եղել նաեւ Ալեքսան Պետրոսյանը:

2008 թ. դեկտեմբերի 1-ին ԲՎԿ-ում հիմնադրվել է Պետրոսյանի «Tarasco Investment Ltd» ընկերությունը, որի նպատակը, ինչպես տեղեկանում ենք «Trident»-ի փաստաթղթերից, եղել է շվեյցարական «RBS Coutts Bank»-ում հաշվեհամար պահելը: Այս բանկը, ի թիվս այլ ծառայությունների, զբաղվում էր նաեւ կապիտալի կառավարմամբ, ու պատահական չէ, որ հիմնադրումից օրեր անց իբրեւ «Tarasco Investment Ltd»-ի «master client» (այն իրավաբանական կամ ֆիզիկական անձն է, որին հաշվետու է օֆշորային գործակալը տվյալ ընկերության գործերը վարելիս) նշվել է հենց շվեյցարական բանկը:

Ըստ իրավապահների՝ Պետրոսյանի «Tarasco Investment»-ն աջակցել է փողերի լվացմանը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ է ձեռք բերել Ա. Պետրոսյանի օֆշորային «Tarasco Investment Ltd»-ի եւ դրա շվեյցարական հաշիվների մասին:

Նշված քրգործը հարուցվել էր դեռ 2015-ի աշնանը, սակայն Պետրոսյանը դրանում ներգրավվել է 4 տարի անց միայն: 2019-ի նոյեմբերին նա ձերբակալվել է, ապա դարձել գործով մեղադրյալ, նույն ամսում նախկին պատգամավորը կալանավորվել է, կալանք է դրվել նաեւ «ՄԱՊ» ՓԲԸ-ում նրան պատկանող 97 % բաժնետոմսերի վրա: 2019-ի դեկտեմբերին Պետրոսյանի մասով անջատվել է առանձին վարույթ, որն էլ օրեր անց մտել է դատարան: 2020 թ. հունվարին դատարանը Պետրոսյանի կալանքը փոխարինել է գրավով:  

Ըստ Գլխավոր դատախազության մեղադրանքի՝ Ալեքսան Պետրոսյանը, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲԸ-ի սեփականատեր, նաեւ լինելով ԱԺ պատգամավոր, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանի հետ: Նկատենք, որ Պետրոսյանն ու Հարությունյանը, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ լինելով, 2003-ին դարձել են ԱԺ պատգամավոր, 2004-ին Հարությունյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար, իսկ 2007-ին՝ բնապահպանության: Իր հերթին Պետրոսյանը շարունակել է պաշտոնավարումը ԱԺ-ում: Ընդ որում՝ 2006-ին երկուսն էլ դուրս են եկել ՕԵԿ-ից ու շուտով միացել իշխող ՀՀԿ-ին:

2007-ի աշնանը Ալեքսան Պետրոսյանի որդու՝ Մակարի «Լուլիար» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքավայրի ուսումնասիրման իրավունք ձեռք բերելու աճուրդում, որը կազմակերպել էր բնապահպանության նախարար Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը: Շուտով հայտնվել է գործարար Սիլվա Համբարձումյանը, որը հետաքրքրություն է ցուցաբարել Հայաստանի մի շարք հանքավայրերի նկատմամբ: Ըստ Դատախազության՝ կին գործարարն Արամ Հարությունյանից տեղեկացել է, որ Սառնաղբյուրի հանքի հանդեպ իրավունքը պատկանում է Պետրոսյանների «Լուլիարին», սակայն նախարարը Համբարձումյանին հայտնել է, որ կարող է գումարի դիմաց կազմակերպել Սառնաղբյուրի եւ գործարար կնոջը հետաքրքրող մյուս լիցենզիաների տրամադրումը վերջինիս: Համբարձումյանը համաձայնել է, ինչից հետո Արամ Հարությունյանը, նյութական շահագրգռվածությունից ելնելով, կազմակերպել է լիցենզիա ունեցող «Լուլիար» ՍՊԸ-ի փոխանցումը Սիլվա Համբարձումյանին: Հետագայում դատարանում վերջինս հայտարարել է, որ ինքն ու Հարությունյանը «Լուլիարի» ձեռքբերման համար պայմանավորվել են 1 մլրդ դրամի սահմաններում, որն ինքը «ՎՏԲ-Հայաստան Բանկում» տվել է նախարարին: Իսկ Մակար Պետրոսյանը դատարանում հայտնել է, որ ինքն ու Սիլվան համաձայնության են եկել «Լուլիար» ՍՊԸ-ն 30 հազ. դոլարով վաճառելու շուրջ: 2007-ի նոյեմբերին ընկերության սեփականատեր ու տնօրեն է դարձել կին գործարարը:

Բացի դրանից՝ Հարությունյանն ու Համբարձումյանը համաձայնության են եկել 14 մլն դոլար կաշառքի դիմաց հանքերի ուսումնասիրության 10 լիցենզիա ձեռք բերելու շուրջ: 2008 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Ս. Համբարձումյանը ստացել է դրանք. խոսքը Սյունիքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող հանքերի մասին է: Նույն ժամանակահատվածում Համբարձումյանը «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաշվեհամարներից կանխիկացրել է 6 մլն դոլար ու միջնորդի միջոցով փոխանցել Արամ Հարությունյանին:   

Դատախազության տվյալներով՝ կաշառքի մնացած մասը՝ 8 մլն դոլարը, Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից ստացել է 2008-2011 թթ. ընթացքում բանկային փոխանցումների միջոցով: Այդ հարցում նախկին նախարարին օժանդակել են նրա մտերիմներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Կարապետյանը, Վիկտոր Մարտիրոսյանը, ինչպես նաեւ 1990-ականներից ԱՄԷ-ում բնակվող, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանը:

Բանկային փոխանցումներով արտերկիր ուղարկված 8 մլն դոլարի մի մասը Հայաստան փոխանցելու համար, ըստ Դատախազության, 2011 թ. սկզբներին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը դիմել է Ալեքսան Պետրոսյանին՝ հայտնելով, որ ցանկանում է ԱՄԷ-ում գործող եւ իր կողմից տնօրինվող հաշվեհամարներին իբրեւ կաշառք փոխանցված ավելի քան 5 մլն դոլարը Հայաստան ուղարկել այնպես, որ քողարկվի այդ գումարի ապօրինի ծագումը, այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է եղել լվանալ այդ 5 մլն դոլարը: Դատախազության մեղադրանքում նշվում է, որ Պետրոսյանն ընդունել է հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներն օրինականացնելուն օժանդակելու առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, ԲՎԿ-ում գրանցված «Tarasco Investment Ltd»-ի եւ Հայաստանում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի միջոցով գումարները Հայաստան փոխանցելու, դրանք կանխիկացնելու եւ Հարությունյանին տրամադրելու գործընթացը:

Պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար, ըստ Դատախազության, Պետրոսյանը Հարությունյանին է տվել «Tarasco Investment»-ի հաշվեհամարը շվեյցարական «RBS Coutts Bank»-ում, ինչից հետո Հարությունյանը կազմակերպել է շուրջ 5 մլն դոլար կաշառքի փոխանցումն այդ հաշվեհամարին: Մասնավորապես՝ Հարությունյանի պահանջով նրա մտերիմ Վիկտոր Մարտիրոսյանը 2011 թ. մարտի 24-ին Աբու Դաբիի իր բանկային հաշվեհամարից 2 մլն դոլար է փոխանցել «Tarasco»-ի շվեյցարական հաշվեհամարին, իսկ մարտի 29-ին Արամ Հարությունյանն է անձամբ Աբու Դաբիի նույն բանկի իր հաշվեհամարից մոտ 3 մլն դոլար փոխանցել Պետրոսյանի օֆշորային ընկերության հաշվին:

Շարունակելով սխեմայի նկարագարությունը՝ Դատախազությունը նշել է, որ Ա. Պետրոսյանը «Tarasco»-ի շվեյցարական հաշվին ուղարկված մոտ 5 մլն դոլարը 2011 թ. մարտին երկու փոխանցումներով նստեցրել է Շվեյցարիայում գտնվող բանկի իր անձնական հաշվեհամարին, ապա տարբեր ժամանակ այդ գումարը նորից մուտքագրել «Tarasco»-ի հաշվեհամարներին ինչպես «RBS Coutts Bank»-ում, այնպես էլ այլ բանկերում:

Հիմնվելով «Tarasco Investment»-ի եւ «ՄԱՊ» ՓԲԸ-ի միջեւ 2009 թ. կնքված անտոկոս փոխառության պայմանագրի վրա՝ 2011-2014 թթ. Պետրոսյանը վերոնշյալ 5 մլն դոլարից 2,8 մլն-ը փոխանցել է «ՄԱՊ»-ի հայաստանյան հաշվեհամարներին, իսկ մնացած 2,2 մլն դոլարը տնօրինել «Tarasco»-ի միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով: Դատախազության տեղեկացմամբ՝ ինչպես Հայաստան փոխանցված 2,8 մլն դոլարից, այնպես էլ իր անձնական միջոցներից Ալեքսան Պետրոսյանը 2011-2016 թթ. ընթացքում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է ընդհանուր 5.049.005 դոլար:

Ըստ «ՄԱՊ»-ի Ալիկի՝ ինքը պարտք էր վերցրել Արամ Հարությունյանից

Դատարանում Ա. Պետրոսյանն ասել է, որ Արամի հետ մտերիմ են եղել, բայց նա այն մարդ չէր, ում համար ինքը փողերի լվացմամբ կզբաղվեր՝ հասկանալով, թե դա ինչ հետեւանքներ կունենա իր եւ իր ընկերության համար: Ըստ նախկին պատգամավորի՝ ինքը Հարությունյանից պարտքով գումար է ուզել մի քանի տարով, ինչից հետո նա ասել է, որ կարող է գումարը տալ Ռուսաստանում կամ այլ երկրում՝ Հայաստանից դուրս: Պետրոսյանն էլ առաջարկել է շվեյցարական հաշիվներ ունեցող «Tarasco»-ի տարբերակը, քանի որ ՌԴ-ում ընկերություն չուներ:

Պետրոսյանի դատական ցուցմունքի համաձայն՝ օֆշորային գոտում ընկերություն հիմնելու նպատակը եղել է այն, որ հայկական ընկերության միջոցով այլ երկրից ապրանք գնելու դեպքում ծախսը 30 տոկոսով ավելի շատ էր, իսկ «Tarasco»-ի միջոցով ինքն ապրանքները կարողացել է երրորդ երկրներից գնել ավելի էժան եւ ապա հանձնել «ՄԱՊ»-ին: Դատարանում հնչած հարցին, թե արդյոք չի հետաքրքրվել այդ 5 մլն դոլարի ծագումով, Պետրոսյանն ասել է, որ, ըստ Արամ Հարությունյանի, նա Ռուսաստանում բիզնես ունի, որից էլ գոյացել են այդ միջոցները: Ամբաստանյալը նշել է, որ պարտք վերցրած 5 մլն-ի կեսը (2,8 մլն դոլարը – հեղ.) բերվել է Հայաստան, մի մասն էլ «ՄԱՊ»-ի համար է օգտագործվել՝ տեխնիկա եւ այլ իրեր գնելու համար: Գումարը քիչ-քիչ դրվել է շրջանառության մեջ, ինքն էլ մաս-մաս հետ է վերադարձրել Հարությունյանին: Ընդ որում, ըստ Պետրոսյանի, ինքը Հարությունյանից 10 մլն դոլար էր ուզել, սակայն նա կարողացել է 5 մլն տալ:

Պետրոսյանը նախաքննության ժամանակ այլ ցուցմունք է տվել

Եթե դատարանում նախկին պատգամավորն ասել է, թե 5 մլն դոլարը պարտք էր վերցրել Արամ Հարությունյանից, ապա նախաքննության ժամանակ քննիչին այլ բան է հայտնել: Ըստ այդմ՝ 2011-ի սկզբներին Հարությունյանը հանդիպել է Պետրոսյանին եւ ասել, որ ցանկանում է արտերկրում ունեցած իր անձնական գումարները, որոնք ստացվել են առեւտրային գործունեությունից, փոխանցել Հայաստան, որ Պետրոսյանը կանխիկացնի ու տա իրեն (անհասկանալի է, թե ինչու պիտի Հարությունյանը կարիք ունենար իր անձնական գումարները Հայաստան փոխանցել եւ այստեղ կանխիկացնել ոչ թե անձամբ, այլ Պետրոսյանի միջոցով):

Գործարարի ասելով՝ ինքը գիտեր, որ Հարությունյանը բիզնեսներ ունի, շինարարական ընկերություններ, ռեստորաններ, նաեւ տարածքներ է տալիս վարձակալության, իսկ Արամն էլ պնդել է, որ այդ գումարը բիզնեսից է, բայց չի ցանկանում անձամբ փոխանցել Հայաստանում գտնվող իր որեւէ հաշվեհամարի, ինչի համար էլ խնդրել է Պետրոսյանի օգնությունը: «ՄԱՊ»-ի սեփականատերը համաձայնել է՝ նշելով, որ արտասահմանում ընկերություն ունի, փոխանցումները կարող են անել դրա միջոցով, բայց ինքն Արամին չի կարող միանգամից խոշոր գումարներ տալ Հայաստանում: Ըստ Պետրոսյանի՝ ինքը մտածել է, որ Արամի առաջարկը լավն է, եւ ինքն էլ Հայաստան փոխանցվող գումարները կներդնի իր «ՄԱՊ» ընկերությունում: Պայմանավորվել են, որ բնապահպանության նախարարը գումարը միանվագ է փոխանցելու (ինչպես վերեւում տեսանք, գումարը «Tarasco»-ին փոխանցվել է երկու տրանշով), իսկ Պետրոսյանը նրան վերադարձնելու է ժամանակի ընթացքում մաս-մաս: Մինչեւ 2016 թ. վերջ Պետրոսյանն ամբողջությամբ վերադարձրել է 5 մլն դոլարը առձեռն եղանակով:

«Tarasco»-ն եւ «ՄԱՊ»-ը 14 մլն դոլարի փոխառության պայմանագիր էին կնքել. Հարությունյանի ստացած կաշառքը եւս այդքան էր

2009-ի հունվարին «Tarasco»-ի տնօրեն Անդրեաս Մոուստրասը եւ «ՄԱՊ»-ի տնօրեն Մակար Պետրոսյանը Ալեքսան Պետրոսյանի հանձնարարությամբ 14 մլն դոլարի անտոկոս փոխառության պայմանագիր են ստորագրել: Այս եւ Ա. Պետրոսյանի ցուցմունքներում ներկայացված այլ դրվագներ ցույց են տալիս, որ նախկին պատգամավորը ոչ միայն բիզնեսի սեփականատեր է եղել, ինչը ՀՀ օրենսդրությամբ չի արգելվում, այլեւ զբաղվել է դրա կառավարմամբ, ինչը հակասում է Սահմանադրությանը: Փոխառության գումարի վերադարձի վերջնաժամկետը 2024 թ. դեկտեմբերի 31-ն էր, սակայն օֆշորային ընկերությունը «ՄԱՊ»-ին փոխանցել է 4,4 մլն դոլար 2009-2014 թթ.: Այս գումարի մեջ է մտնում այն 2,8 մլն դոլարը, որը «Tarasco»-ն Հայաստան էր ուղարկել Արամ Հարությունյանից ստացած 5 մլն դոլարից:

Իրավապահների ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ բնապահպանության նախարարը գործարար Սիլվա Համբարձումյանի հետ 2008-ին համաձայնության էր եկել 14 մլն դոլարի կաշառքի շուրջ, իսկ 2009-ին Ալեքսան Պետրոսյանի օֆշորային ու հայկական ընկերություններն այդ նույն չափով փոխառության պայմանագիր են կնքել: Սակայն Երեւանի դատարանը գտել է, որ եթե 2008-ին Ա. Հարությունյանը Ս. Համբարձումյանից արդեն ստացել էր կաշառքի մի մասը՝ 6 մլն դոլարը, ապա արտերկրից 14 մլն դոլար Հայաստան փոխանցելու կարիք նախկին նախարարը չուներ, հետեւաբար դատարանը եզրահանգել է, որ գումարների չափի համընկնումը հնարավոր չէ կապել փոխադարձ պայմանավորվածության հետ: Այս առումով դատարանը նշել է նաեւ այն հանգամանքը, որ «Tarasco»-ն «ՄԱՊ»-ին փոխանցումներ է արել նաեւ 2009-2011 թթ., այսինքն՝ մինչեւ Հարությունյանից գումար ստանալը:   

Ըստ գործարարի՝ «Tarasco Investment»-ը լուծարվել է

Նախաքննության ընթացքում Ալեքսան եւ Մակար Պետրոսյանները նախապես հայտնել էին, որ տեղյակ չեն, թե ում է պատկանում «ՄԱՊ»-ին գումարներ ուղարկած «Tarasco Investment»-ը՝ նշելով, որ դա ներդրումային կազմակերպություն է: Սակայն կասկածյալի կարգավիճակ ստանալուց հետո Ա. Պետրոսյանը խոստովանել է, որ ինքն է դրա տերը, բայց մինչ այդ չի ցանկացել հայտնել, քանի որ դա «ֆիրմային գաղտնիք է»: Իր հերթին Մակարը դատարանում հայտարարել է, որ միայն 2014-ին է իմացել, որ օֆշորային ընկերությունը պատկանում է հորը:

Գործարարը նախաքննության ժամանակ նշել է, որ «Tarasco»-ն հիմնելիս իրեն օգնել են շվեյցարական բանկերի հետ համագործակցող գործակալները, բայց ինքը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում չի եղել եւ նույնիսկ այդ երկրի տեղը չգիտի: 2019-ին տված նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ շուրջ 2 տարի առաջ օֆշորային ընկերությունը լուծարվել է:

Ավելի ուշ՝ 2022-ի ապրիլին, դատարանում նա հայտարարել է, որ ներկայում էլ օֆշորային ընկերություն ունի, որի մասին որեւէ մեկը չգիտի: «Պանդորայի փաստաթղթերում» «Հետքը» գտել է նաեւ Պետրոսյանի երկրորդ օֆշորային ընկերությունը, որը եւս ստեղծվել է «Trident Trust»-ի միջոցով, սակայն դրան կանդրադառնանք քիչ անց: Ամեն դեպքում, չենք պնդում, որ գործարարը նկատի է ունեցել հենց այն ընկերությունը, որը գտել ենք մենք:

animated-logo-v2.gif (167 KB)

Դատական գործի փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Tarasco Investment Ltd»-ն հաշվեհամարներ է ունեցել շվեյցարական «RBS Coutts Bank», «Bank Julius Baer & Co.» եւ «UBS» բանկերում, որոնց միջոցով էլ 2009-2014 թթ. գումարներ է փոխանցել Պետրոսյանների «ՄԱՊ» ընկերության՝ ՀՀ բանկերում բացված հաշվեհամարներին:

Երեւանի դատարանն արդարացրել է Ալեքսան Պետրոսյանին

2022 թ. հունիսի 27-ին դատավոր Վարդան Գրիգորյանը վճիռ է կայացրել, որով արդարացրել է նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին:

«Սույն գործով հավաքված եւ դատաքննությամբ հետազոտված ապացույցների վերլուծության եւ գնահատման արդյունքում մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի՝ դատարանը հանգում է հետեւության, որ սույն քրեական գործում առկա չէ արժանահավատ, փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Ալեքսան Պետրոսյանը տեղեկություն է ունեցել Արամ Հարությունյանից միջնորդավորված եղանակով ստացած ավելի քան 5 մլն դոլարի հանցավոր ծագում ունենալու մասին, ինչպես նաեւ դրանց հանցավոր ծագում ունենալու մասին ողջամտորեն չէր կարող գիտակցել, իսկ «Tarasco Investment Ltd»-ի հաշվեհամարին Վիկտոր Մարտիրոսյանի եւ Արամ Հարությունյանի կողմից 2011 թ. մարտի 24-ին եւ 29-ին փոխանցված շուրջ 5 մլն դոլարով Ա. Պետրոսյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ այդ ընկերությունների աշխատակիցների միջոցով կատարված գործողություններն իրականացվել են «Tarasco Investment Ltd» եւ «ՄԱՊ» ՓԲ ընկերությունների բիզնես գործունեության նպատակների համար, այլ ոչ թե Ա. Պետրոսյանը նպատակ է ունեցել օժանդակել որեւէ մեկի եկամուտներն օրինականացնելուն, դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելուն եւ խեղաթյուրելուն»,- եզրակացրել է դատարանը:

Առաջին ատյանի դատարանը ուժի մեջ է թողել Ա. Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը, մինչեւ դատավճիռն օրինակն ուժի մեջ կմտնի: Նմանապես դատարանը վճռել է «ՄԱՊ»-ում Պետրոսյանին պատկանող 97 % բաժնետոմսերի վրայից հանել կալանքը, երբ դատավճիռն օրինական ուժ կստանա:

2022-ի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը վերաքննիչ ատյանում բողոքարկել է այս վճիռը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2023 թ. սեպտեմբերի 28-ին մասնակի բավարարել է բողոքը եւ բեկանել առաջին ատյանի վճիռը, սակայն փոխարենը Պետրոսյանին չի դատապարտել 7 տարվա ազատազրկման, ինչպես պահանջում էր Դատախազությունը, այլ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:  

Պետրոսյանի երկրորդ օֆշորային ընկերությունը՝ «Hornes Worldwide Corp.»

Ինչպես վերեւում ասվեց, դատարանում Ա. Պետրոսյանը 2022-ի ապրիլին հայտարարել է, թե ներկայում էլ օֆշորային ընկերություն ունի, որի մասին որեւէ մեկը չգիտի:

«Հետքը» «Պանդորայի փաստաթղթերում» գտել է Պետրոսյանին պատկանող «Hornes Worldwide Corp.» ընկերությունը (ԲՎԿ), որը հիմնադրվել է «Tarasco Investment»-ից ուշ՝ 2011-ի մարտի 23-ին: Այս ընկերությունը եւս նախկին պատգամավորը երբեւէ չի հայտարարագրել, չնայած, համաձայն ՀՀ օրենսդրության, պարտավոր էր: Գործակալը, ինչպես «Tarasco»-ի դեպքում, եղել է «Trident Trust»-ը, տնօրեններից մեկն էլ նույն Անդրեաս Մոուստրասն էր (տնօրենները «Trident»-ի աշխատակիցներ են):

50 հազ. դոլար կանոնադրական կապիտալով «Hornes Worldwide Corp.»-ի ֆիկտիվ սեփականատերը «Trident Trust»-ի ցանցի մեկ այլ ընկերություն էր՝ «Harris Worldwide Ltd.»-ն, սակայն ինչպես տեղեկանում ենք «Trident»-ի աշխատակիցների ներքին փաստաթղթաշրջանառությունից, իրական շահառու սեփականատերը Ալեքսան Պետրոսյանն էր:

Այդուհանդերձ, 2016 թ. դեկտեմբերի 7-ին Բրիտանական Վիրջինյան Կղզիների պաշտոնաթերթում (Official Gazette) հրապարակվել է ԲՎԿ-ում գրանցված այն ընկերությունների ցանկը, որոնք ջնջվել են (strike off) ռեգիստրից տարեկան պետտուրքը չվճարելու հետեւանքով: Դրանց թվում է նաեւ Ա. Պետրոսյանի «Hornes Worldwide Corp.»-ը: Մինչեւ 2023 թ., ԲՎԿ-ի օրենսդրության համաձայն, 7 տարի շարունակ ջնջված կազմակերպությունները ինքնաբերաբեր լուծարվում էին (dissolve), եթե մինչ այդ նրանք չէին կատարում համապատասխան վճարումները, եւ ռեգիստրը չէր վերականգնում դրանց գործունեությունը: Սակայն 2023 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ ընկերությունը համարվում է լուծարված հենց այն պահից, երբ ԲՎԿ-ի պաշտոնաթերթում հայտնվում է ռեգիստրից նրա ջնջված լինելու մասին ծանուցում: Այսինքն՝ 7 տարվա նորմը այլեւս չի գործում:

Այս առումով պարզ չէ, թե արդյոք Ա. Պետրոսյանը կարողացել է մինչեւ 2023 թ. վերականգնել «Hornes Worldwide Corp.»-ի գործունեությունը: Ամեն դեպքում փաստ է, որ Գլխավոր դատախազությունն այս ընկերության` Պետրոսյանին պատկանելու մասին տեղեկություններ չի ունեցել:

Դատախազություն. «Օֆշորային ընկերությունների իրական սեփականատիրոջ ինքնությունը պարզել հնարավոր չի եղել»

Գլխավոր դատախազությանը, մասնավորապես, հարցրել էինք, թե ինչ տեղեկություններ ունի կառույցը Ա. Պետրոսյանի օֆշորային ընկերությունների մասին՝ բացի «Tarasco Investment Ltd»-ից, արդյոք Դատախազությունը տեղյակ է, որ սա նախկին պաշտոնյայի միակ ընկերությունը չի եղել ԲՎԿ-ում: Հետաքրքրվել էինք նաեւ, թե ապօրինի գույքի բռնագանձման գործով ինչու Դատախազությունը չի պահանջել Պետրոսյանի արտասահմանյան ունեցվածքի բռնագանձում։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ալեքսան Մակարի Պետրոսյանին պատկանող գույքերի ծագման օրինականության վերաբերյալ իրականացված ուսումնասիրության ընթացքում, ի թիվս «Tarasco Investment Ltd»-ի, պարզվել են արտասահմանում գրանցված ընկերություններ, որոնցից Ա. Պետրոսյանին կամ փոխկապակցված անձանց փոխանցվել են դրամական միջոցներ,- «Հետքին» հայտնել են Գլխավոր դատախազությունից:- Սակայն, նկատի ունենալով դրանց՝ օֆշորային գոտիներում գրանցված լինելը, առկա իրավական գործիքակազմով դրանց իրական սեփականատիրոջ ինքնությունը պարզել հնարավոր չի եղել, սակայն փոխանցված դրամական միջոցներին ներկայացված հայցադիմումով տրվել են համապատասխան իրավական գնահատականներ»:

Դատախազությունից հավելել են, որ ուսումնասիրության ընթացքում Ա. Պետրոսյանի կամ փոխկապակցված անձանց անուններով արտասահմանյան երկրներում գրանցված անշարժ եւ շարժական գույքերի վերաբերյալ այլ տվյալներ չեն ստացվել: 

ՀԳ. Նյութում կատարվել է փոփոխություն: Հոդվածը հրապարակելու պահին datalex.am-ում հրապարակված չի եղել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թ. սեպտեմբերի 28-ի որոշումը, ինչն էլ հիմք էր տվել նշելու, որ վերաքննիչ ատյանում քննությունը դեռ ընթացքի մեջ է, այնինչ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:  

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանություններ (1)

Դավիթ
բարև Ձեզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter