«Նաիրիտ գործարան»․ ինչպե՞ս է կանխվելու Երևանին սպառնացող բնապահպանական աղետը
Քլորոպրենային կաուչուկ արտադրող երբեմնի հսկան՝ «Նաիրիտ գործարանը», կարող է բնապահպանական լուրջ աղետ դառնալ Երևանի և հարակից բնակավայրերի համար։ Գործարանում պահպանվում են շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար վտանգավոր քիմիական նյութեր։ Դրանցից որոշները խիստ պայթյունավտանգ են։ 2010 թվականից՝ գործարանի աշխատանքի դադարեցումից հետո 15 տարի է՝ այդ նյութերը չեն վնասազերծվել։
Գործարանի ամենավտանգավոր արտադրամասը քլորոպրենային կաուչուկ արտադրողն էր։ Հիմնական արտադրանքին զուգահեռ, 10-15%-ի չափով առաջանում էր թափոնային նյութ՝ էթինոլ լաքը։
Խորհրդային ժամանակաշրջանում էթինոլ լաքն արտահանել են Ռուսաստան և օգտագործել նավերի՝ ջրային ծածկույթի հետ շփվող հատվածները ներկելու, կոռոզիայից պաշտպանելու համար։ Այն նավերը պաշտպանում է նաև ջրիմուռների և ջրային խեցիների կպչողականությունից։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էթինոլ լաքը պահեստավորվել է գործարանի տարածքում։
«Նաիրիտ գործարանի» նախկին ավագ գիտաշխատող Իշխան Աղաջանյանն ասում է, որ էթինոլ լաքը դյուրավառ նյութ է, բազմաթիվ ածխաջրածինների խառնուրդ, որի ներսում անընդհատ քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում։ Դրանք կասեցնելու համար էթինոլ լաքին հատուկ քիմիական նյութեր են ավելացնում, իսկ եթե ռեակցիաները չեն դադարում, նյութը սկսում է պնդանալ և դառնում պայթյունավտանգ։ Դա արդեն գլխացավանք է գործարանի կամ արտադրության համար։
Իշխան Աղաջանյանը 2003 թվականին է աշխատանքի անցել «Նաիրիտ գործարանի» գիտական կենտրոնում: Դրանից առաջ նա աշխատել է Օրգանական քիմիայի ինստիտուտում։ Նրա առաջադրանքն էր՝ վեր հանել գործարանում առկա խնդիրները և լուծումներ առաջարկել: Ի․ Աղաջանյանն առաջնահերթ զբաղվել է էթինոլ լաքի հարցով։ «Նաիրիտ գործարանի» ղեկավարությանն առաջարկել է էթինոլ լաքի հիմքի վրա ներկեր ստանալ՝ այդպիսով չեզոքացնելով նաև դրա տեղափոխման վտանգը։
«Ես լաբորատոր պայմաններում ուսումնասիրել և պարզել եմ, որ լաքն ունի նաև դրական հատկություններ։ Գլխավոր տնօրենը տվել էր արդեն հրաման, որ պետք է կազմակերպվի ներկերի արտադրություն։ Իմ առաջարկությամբ համարյա 600 կգ ներկ ստացան, բայց փորձարարական աշխատանքներ չիրականացրին։ Հետո գլխավոր տնօրենը փոխվել էր, նշանակվել էր Վահան Մելքոնյանը։ Երբ հետաքրքրվում էր այդ աշխատանքներով, նրան գործարանի ղեկավարները ներկայացրել էին, որ փորձարարական աշխատանքներ են կատարվել և իրենց չեն արդարացրել»,- պատմում է Իշխան Աղաջանյանը, որն այդ ժամանակ արդեն հարկադիր պարապուրդում էր։
Ղեկավարությանը տարբեր նամակներ և զեկուցագրեր հղելուց հետո Իշխան Աղաջանյանին խորհուրդ են տվել հրաժարվել այդ մտքից, քանի որ գիտական կենտրոնի ղեկավարությունը չի ցանկացել ստանձնել ներկերի արտադրության ծանր բեռը։ Բացի դրանից, արդեն իսկ օրակարգում էր գործարանի հետագա շահագործման նպատակահարմարության հարցը։
Պայթյունավտանգ էթինոլ լաքը՝ տարբեր տարիների հրդեհի պատճառ
«Նաիրիտ գործարանը» 2010 թվականին դադարեցրեց գործունեությունը։ Գործարանի սնանկացման պատմությունն արդեն ներկայացրել ենք։
Իշխան Աղաջանյանն ասում է, որ տարեկան 5000 տոննա կաուչուկի արտադրությունից մոտ 700 տոննա էթինոլ լաք էր գոյանում։ Գործարանի տարածքում մինչ օրս կուտակված են էթինոլ լաքի վտանգավոր տարաները՝ ավելի քան 1000 տոննա, որոնք նույնիսկ մի փոքր տեղաշարժելիս կարող են բռնկվել և մեծ աղետի պատճառ դառնալ։
էթինոլ լաքի պահեստների մեծ բռնկումներ են տեղի ունեցել տարբեր շրջաններում։
2006 թվականին 3 հրդեհ է գրանցվել՝ նոյեմբերի 12-ին, դեկտեմբերի 22-ին եւ 24-ին։ Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած հրդեհի ժամանակ այրվել էին երկու տարաներ՝ ընդհանուր 300 տոննա տարողությամբ, իսկ դեկտեմբերի 22-ի հրդեհի ժամանակ այրվել էր 300 տ տարողության մեկ տարա։
2009 թվականին քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունը խլեց 4 աշխատակցի կյանք, սակայն հստակ պատճառը փորձաքննությամբ և քրեական գործով չհայտնաբերվեց։ Իշխան Աղաջանյանն ասում է՝ պատճառը կրկին էթինոլ լաքն էր, որի վերաբերյալ ինքը նամակներ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին։
2017-ին խոշոր հրդեհ տեղի ունեցավ, կրկին էթինոլ լաքի տարաներ էին այրվել։
«Էթինոլ լաքի այրումից կարող են առաջանալ բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք բացասական ազդեցություն կթողնեն մարդկանց առողջության վրա։ Եթե ծծմբային միացություններ լինեն, կարող են ծծմբային գազեր առաջանալ, կամ ացետիլենային գազեր։ Ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասում է Իշխան Աղաջանյանը։
«Նաիրիտը»՝ գլխացավանք Կառավարության համար
«Նաիրիտ գործարան»-ում առկա քիմիական նյութերի, թափոնների և սարքավորումների հարցը Փաշինյանի կառավարության օրակարգում հայտնվեց։ 2023թ․ ապրիլին վարչապետի հանձնարարականով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծվեց՝ գործարանի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը քննարկելու համար։
Աշխատանքային խումբը համակարգում է ՆԳՆ-ն՝ ի դեմս Փրկարար ծառայության։ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ համաձայն «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տնօրինության ներկայացրած տվյալների, «Նաիրիտ գործարան»-ում 180 անվանում քիմիական նյութ կա։ Դրանց մի մասը քլորոպրենային կաուչուկի արտադրության հումք է եղել, մյուս մասը՝ քլորոպրենային կաուչուկի արտադրության հետևանքով առաջացած արգասիքներ:
«Նախկինում իրականացված քիմիական նյութերի նույնականացումը, տարիների ընթացքում հնարավոր ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությունները հաշվի առնելով՝ վերոնշյալ քիմիական նյութերից 34-ը ենթակա են վնասազերծման այրման եղանակով, 144-ը ներկայացված են հրապարակային սակարկություններով վաճառքի, իսկ 2-ը նախատեսված են արտադրամասերը վնասազերծելու համար»,- ասված է ՆԳՆ պատասխանում։
Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ «Նաիրիտ գործարան»-ի տարածքում անցկացվել է ջրագիծ, վտանգավոր արտադրական տեղամասերում տեղադրվել են հրշեջ բարձր ճնշման հիդրանտներ, որոնք բավարար են հրդեհի առաջացման դեպքում արագ և պատշաճ հրդեհաշիջում իրականացնելու համար:
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից ծավալուն աշխատանքներ են տարվել և տարվում ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի հետագա կառավարման և սարք-սարքավորումների վնասազերծման ուղղությամբ, կազմակերպվել են բազմաթիվ աշխատանքային քննարկումներ՝ ՀՀ-ում քիմիական թափոնների չեզոքացման և ոչնչացման գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների, ինչպես նաև նշված ոլորտում փորձ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ, ՀՀ կառավարություն են ներկայացվել բազմաթիվ առաջարկություններ՝ ընկերության շրջակա միջավայրի վերականգնման և վերաձևավորման ուղղությամբ»,- նշել է ՆԳՆ-ն։
Հայաստանի պետական բյուջեից վերջին երեք տարիներին ամեն տարի շուրջ 300 մլն դրամ է հատկացվել «Նաիրիտ գործարան»-ի անվտանգության ապահովման նպատակով:
Հաշվի առնելով 2026 թվականի բյուջեի նախագծով հատկացվելիք գումարը, ստացվում է՝ 5 տարվա ընթացքում «Նաիրիտ գործարան»-ի անվտանգության ապահովման նպատակով հարկատուների գրպանից ծախսվելու է 1,4 մլրդ դրամ (3,7 մլն դոլար)։
Բյուջետային հատկացումներն ըստ տարիների
Ի՞նչ է նախատեսել Համաշխարհային բանկը
2025թ․ հունիսի 26-ին Հայաստանի կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ գործարանի» բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Սրա շրջանակներում Համաշխարհային բանկը 1,5 մլն դոլար դրամաշնորհ է տալու Հայաստանին, որպեսզի մինչև 2026 թվականը նախապատրաստվի «Նաիրիտ գործարան»-ի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի դրամաշնորհային ծրագիրը։
Համաշխարհային բանկից (ՀԲ) հետաքրքրվել ենք, թե ինչ ընթացքում էայս ծրագիրը՝ նաև որոշ մանրամասներ խնդրելով դրա վերաբերյալ։ Ըստ ՀԲ պատասխանի՝ սա նախագծի նախապատրաստման դրամաշնորհ է «Նաիրիտի» շրջակա միջավայրի վերականգնման հնարավոր նախագծի համար։ 2025 թ. վերջին փոխվարչապետի գրասենյակի ներքո գործող հատուկ իրականացման խումբ պետք է ստեղծվի ՝ նախապատրաստական հիմնական գործողությունների, ինչպիսիք են տարածքի իրագործելիության ուսումնասիրությունը և շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումը, գնումները սկսելու համար։
Ինչ է ենթադրում «Նաիրիտ գործարան»-ի շրջակա միջավայրի վերականգնման և ռեգեներացիայի ծրագիրը հարցին ՀԲ-ից պատասխանել են, որ այն կլինի «համապարփակ ջանք՝ նախկին քիմիական համալիրում վտանգավոր նյութերից հանրային առողջության և անվտանգության ռիսկերը նվազեցնելու և բարձր ռիսկայնության արդյունաբերական տարածքը անվտանգ, օգտագործելի տարածքի վերածելու համար»։
«Այն նպատակ ունի մաքրել վտանգավոր քիմիական նյութերը, վերականգնել հողը և ստորգետնյա ջրերը, և տարածքը դարձնել շրջակա միջավայրի համար անվտանգ և հարմար՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից ապագայում արդյունավետ և սոցիալապես կարևոր գործունեության համար»,- նշված է պատասխանում։
Ինչ գործողություններ են նախատեսվում, և ինչ արդյունքներ են սպասվում
Այս հարցի վերաբերյալ ՀԲ-ն հայտնել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում են տեղանքի հետազոտություններ, վտանգավոր քիմիական նյութերի նույնականացում և հեռացում կամ չեզոքացում, վտանգավոր կառույցների քանդում, հողի և ստորգետնյա ջրերի վերականգնման պլանավորում, շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատում, շահագրգիռ կողմերի ներգրավում և համապատասխան պետական գործակալությունների և աշխատակիցների կարողությունների զարգացում: Նաև՝ հողօգտագործման պլանների մշակում և տեղանքի ապագա օգտագործման համար ինստիտուցիոնալ և ֆինանսավորման կարգավորումների հաստատում։
Նախագծի նախապատրաստման համար անհրաժեշտ կլինի խորհրդատվական պայմանագրեր կնքել՝ մաքրման լուծումները և շրջակա միջավայրի և սոցիալական նախազգուշական անհրաժեշտ միջոցները կառավարելու համար:
Դրամաշնորհի արդյունքում ակնկալվում է հստակ ծրագրի մշակում՝ «Նաիրիտ գործարանի» տարածքը շրջակա միջավայրի համար անվտանգ և ապագայում օգտագործելի դարձնելու համար:
«Այնուամենայնիվ, քանի որ քննարկումներն ու նախապատրաստական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ավելի մանրամասն արդյունքներն ավելի պարզ կդառնան, երբ ավարտվեն լրացուցիչ տեխնիկական գնահատումները և պլանավորումը»,- նշել են ՀԲ-ից:
«Նաիրիտ գործարան»-ի սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյանը հրաժարվեց հարցազրույցից եւ ասաց, որ գործարանի տարածքում նկարահանումն արգելված է՝ անվտանգության նկատառումներով։ Այնուամենայնիվ, Պետրոսյանը որոշ հարցերի ընդհանրական պատասխաններ տվեց։ Ասաց, որ քիմիական վտանգավոր նյութերի չեզոքացման վերաբերյալ դեռևս հստակ որոշում չկա, սակայն, ըստ Պետրոսյանի, պահեստները նորմալ վիճակում են։
Իշխան Աղաջանյանի խոսքով, «Նաիրիտ գործարանում» քիմիական ամենավտանգավոր նյութը էթինոլ լաքն է, որի վնասազերծման համար հատուկ վառարաններ են պետք։ Հայաստանում նման վառարաններ չկան, գնելը և Հայաստան տեղափոխելը շատ թանկ կարժենան։ Հարցը, ըստ նրա, կարող է լուծվել ժամանակավոր գերեզմաններ ստեղծելով ու դրանք գետնի տակ թաղելով։
«Լուծման միակ տարբերակը, որ կարող եմ առաջարկել, տեղափոխելն է ամայի վայր, փորել մի քանի մետր խորությամբ փոսեր, ցիստեռնները տեղափոխել այդտեղ ու ցեմենտ-բետոնով փակել, էթինոլային լաքի գերեզմաններ պատրաստել։ Բայց, ինչպես նշեցի, տեղափոխելը նույնպես վտանգավոր ու ռիսկային է։ Այդ պատճառով էլ հիմա անելանելի իրավիճակի առաջ ենք կանգնած։ Հնարավոր տարբերակներից մեկը տեղում թաղելն է, բայց այդ դեպքում էլ տարածքն օգտագործելը վտանգավոր կլինի, պայթյունավտանգ իրավիճակն անպակաս կլինի։ Իմ առաջարկած այս տարբերակները գուցե լավագույնը չեն, բայց այս պահի համար միակն են»,- եզրափակում է Իշխան Աղաջանյանը։
Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի («Հետքի» արխիվ, 2017թ․ հրդեհի օրերից)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել