
«Նաիրիտ գործարան»-ում հրդեհ է բռնկվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիտ գործարան»-ի տարածքում:
«Հետքի» տեղեկություններով, այրվում է 2-11 արտադրամասը, որտեղ պահեստավորված է Էթինոլ լակ նյութը: Դեռևս պատճառները հայտնի չեն:
Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ հարակից տարածքներում նույնպես պահեստներ կան, և եթե արագ չհաջողվի հանգցնել բռնկված հրդեհը, ապա այն կարող է տարածվել:
Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 14-ի «Նաիրիտ գործարանի» 2 մեծ պայթյունները 4 աշխատակցի կյանք էին խլել: Պայթյունի հետևանքով զոհվել էին գործարանի հերթափոխի պետ, 50-ամյա Լևոն Լևոնյանը, թորման ապարատավար, 50-ամյա Վահան Ղարիբյանը, փականագործ, 39-ամյա Արթուր Կարապետյանը, ապարատավար-բրիգադիր, 51-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը:
2006 թվականին 2-11 արտադրամասում երկու անգամ՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հրդեհներ էին բռնկվել, այն ժամանակ նույնպես վառվել էին էթինոլ լակի պահեստները:
Այսօրվա հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:
Լուսանկարը՝ Սուրեն Դեհերյանի
Մեկնաբանել