Սևակ Խաչատրյան. «Կենաց-մահու ընտրություններ են սարքել ու ամբողջ պետական ապարատն ուղղել են Վաղարշապատի վրա»
Հաշված օրեր են մնացել Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին: Նոյեմբերի 16-ին քվեախցում ընտրողը հնարավորություն կունենա արտահայտելու իր կամքը և 8 քաղաքական ուժերից ընտրել նրան, որը կղեկավարի համայնքն առաջիկա տարիներին: «Հետք»-ի զրուցակիցը «Հաղթանակ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանն է:
Թեկնածուն ասում է, որ իշխանությունը Վաղարշապատում ընտրությունները վերածել է «կենաց-մահու» պայքարի, որ հետագայում արդարացնի իր գործողությունները՝ ասելով, որ այս համայնքը ևս համակարծիք է իր քաղաքականությանը։
Ըստ Սևակ Խաչատրյանի՝ որքան էլ իշխանությունները փորձում են այս ընտրությունները կապել շատ եզրաքարեր փոխելու, ասֆալտապատելու և այլնի հետ, մարդիկ ուզում են իմանալ, թե ում են ձայն տալու։
«Վերջին տարիների արհավիրքները, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բերել էր երկրի գլխին, մարդկանց համար շատ կարևոր է իմանալ թեկնածուների մոտեցումները հայ ազգի, ժողովրդի, Հայաստանի ապագայի վերաբերյալ»,- ասում է Սևակ Խաչատրյանը։
Անդրադառնալով հարցին, որ լինելով ավագանու անդամ, կարծես թե, այդքան էլ ակտիվություն չի դրսևորել, օրինակ՝ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել մամուլի հրապարակումների հիման վրա, մինչդեռ ավագանու անդամները կարող էին դրանք կանխել ու չեն արել, Սևակ Խաչատրյանն այդքան էլ համաձայն չէ։ Ասում է, որ շատերն են ցանկացել Վաղարշապատում ավագանու նիստերը մարտադաշտի վերածել, իրենք էլ արևածաղիկը վերցնեն, նստեն, նայեն ու ուրախանան, բայց իրենք նախընտրել են առաջնորդվել բնակչի շահով, այլ ոչ քաղաքական նախասիրություններով։
Թեկնածուի դիտարկմամբ, շահարկվում է, թե ընդդիմադիր ավագանու անդամները կողմ են քվեարկել, որ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը հողատարածք գնի։ Ս. Խաչատրյանն ասում է, որ դա կեղտոտ մանիպուլյացիա է, ավագանին նման լիազորություն չունի։ Ավագանին կարող է որոշել տվյալ հողատարածքը օտարել, թե ոչ և ինչ եղանակով, օրինակ՝ ուղիղ վաճառք, աճուրդ և այլն։
«Իսկ աճուրդային հանձնաժողովներում ովքե՞ր էին։ Իրենց ՔՊ-ականներով և քաղաքապետարանի աշխատողներով, թե ինչ քայլերով արվեց, քանի մարդ մասնակցեց, ինչի հենց այդ հողակտորն այդ գնով վաճառվեց, այդ պատասխանները պետք է տան իրենք։ Սկսել են, թող շարունակեն, տեսնեն ովքեր են եղել։ Ընդդիմադիր որևէ ավագանի, այդ թվում ես, աճուրդային հանձնաժողովներում երբեք չենք եղել, մասնակցություն չենք ունեցել»,- ասում էր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։
Թեկնածուն խոսել է նաև Վաղարշապատ համայնքի խնդիրների, ծրագրային լուծումների մասին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել