Արգիշտի Մեխակյան. «Կա վարչական ռեսուրս, բայց այն չարաշահված չէ»
2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններն են: Ընտրապայքարի մեջ է 8 քաղաքական ուժ: «Հետք»-ի հարցերին պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը:
Թեկնածուն դրական տպավորություններ ունի քարոզարշավից։ Ասում է՝ սկզբում սառնություն էր նկատվում, բայց այժմ քաղաքացիներն ամեն օր ավելի ջերմ են ընդունում իրենց։
Արգիշտի Մեխակյանն ասում է, որ ավելի հեշտ է գյուղական բնակավայրերում մարդկանց հետ շփվելը, քանի որ վերջին տարիներին, ղեկավարելով Խոյ համայնքը, այդ շփումները պահպանվել են։ Նպաստել են նաև գյուղական բնակավայրերում իրականացված ծրագրերը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար լինելն առավելություն չի տալիս մյուս թեկնածուների նկատմամբ, Արգիշտի Մեխակյանը նշեց, որ ավելի շատ թիրախավորում է, քան առավելություն տալիս։ Նրա դիտարկմամբ՝ դրա վառ վկայությունը քարոզարշավի սկզբում ուշադրության կենտրոնացումն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա։
Մյուս կողմից էլ, ըստ թեկնածուի, պաշտոնը տալիս է բավականաչափ գործիքակազմ, որ ավելի շատ խնդիրներից տեղյակ լինի։ Քաղաքացիների հետ հանդիպումները, տարբեր ձևաչափով շփումները չեն կարող առավելություն չտալ։
Իշխող կուսակցության թեկնածուն խոսում է Վաղարշապատ և Խոյ համայնքներում վերջին տարիներին կատարված աշխատանքների մասին։ Ասում է, որ Վաղարշապատը հետ է մնացել իր ներդրումներով, քանի որ բազմաբնակավայր համայնք չէ, և ըստ դրա էլ դոտացիա քիչ է տրվել։
«Արդյոք 5 տարին բավական է, որ մեր արձանագրած բոլոր խնդիրները լուծվեն, ես կարծում եմ՝ ոչ։ Մենք չպետք է մեր հանրությանը խաբենք, բայց 5 տարին բավական մեծ ժամանակ է, որ կենսական նշանակության խնդիրներից վերանանք և ավելի հավակնոտ ծրագրեր սկսենք»,- ասում է Արգիշտի Մեխակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել