HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանաբանական այգի տեղափոխված լուսանի ձագը սատկել է

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ Բագրավանում հայտնաբերված և կենդանաբանական այգի տեղափոխված լուսանի ձագը տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց սատկել է։

«Նոյեմբերի 9-ին Երևանի կենդանաբանական այգին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղում լուսանի ձագ է հայտնաբերվել և բռնվել տեղի բնակիչների կողմից։ Դեպքի վերաբերյալ տեսանյութերը տարածվել են նաև համացանցում։ Տեսչական մարմինը, համապատասխան փաստաթղթավորմամբ, ձագին տեղափոխել է Երևանի կենդանաբանական այգի։

Կենդանին այգի է հասել ուշ երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում։ Մասնագետները անմիջապես արձանագրել են նրա ծայրահեղ ծանր վիճակը․ կենդանին եղել է հյուծված, ջրազուրկ և խիստ սթրեսի մեջ։ Ակնադիտական գնահատմամբ՝ մոտ 5-6 ամսական ձագ էր, որը, այդ տարիքում, դեռ չի կարողանում ինքնուրույն որս կատարել կամ գոյատևել առանց մոր խնամքի։

Կենդանաբանական այգին անմիջապես ապահովել է հանգիստ միջավայր, տաքություն, ջուր և կեր, սակայն խիստ բժշկական միջամտությունը վտանգավոր էր. դա կարող էր հանգեցնել արագ մահվան։ Ցավոք, կենդանին տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց անկել է։ Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել է երիկամների սուր անբավարարությունը, ինչպես նաև արձանագրվել են սրտային անբավարարության նշաններ՝ հյուծման և ուժեղ սթրեսի հետևանքով։ 

Երևանի կենդանաբանական այգին և այգու աշխատակիցները խորը ցավ են ապրում՝ կենդանու մահվան կապակցությամբ։ Ցավոք, օրգանիզմում մահացու փոփոխությունները սկսվել էին դեռ տեղափոխման ընթացքում, և միջամտությունը չէր կարող փոխել ելքը։

Լուսանը (Lynx lynx) Հայաստանում տարածված կատունազգի է և վտանգված տեսակներից է։ Նման տարիքի ձագը չէր կարող միայնակ լինել, եթե ծնողը կենդանի լիներ։ Ամենայն հավանականությամբ, կենդանին կորցրել է մորը և սովի ու սառնամանիքի պատճառով մոտեցել բնակավայրին։ Նորմալ պայմաններում լուսանները խուսափում են մարդկանցից, ինչը ևս վկայում է նրա վատառողջ վիճակի մասին։

Տեսանյութերում երևում է, որ ձագը բռնվել է ձեռքով, ինչը հնարավոր է միայն ծայրահեղ թուլացած կենդանու դեպքում։ Ցավոք, տեղի բնակիչների ոչ միտումնավոր, սակայն չափազանց ակտիվ միջամտությունը և կենդանուն սթրեսի ենթարկելը՝ բռնելը, տեղափոխումը, աղմուկը, լուսանկարելը և այլն, միայն խորացրել են նրա ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակը։

Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, վայրի կենդանիների դեպքում լավագույն օգնությունը չմիջամտելն է՝ անմիջապես տեղեկացնելով համապատասխան մարմիններին։

Երևանի կենդանաբանական այգին շնորհակալություն է հայտնում Տեսչական մարմնին արագ արձագանքի և համագործակցության համար և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու վայրի կենդանիների պահպանության ու հանրային իրազեկման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter