Գրիշա Հարությունյան. «Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը»
Վաղարշապատում քաղաքական կյանքը կենտրոնացած է նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրությունների վրա: Ընտրողներն ակնկալում են ոչ միայն խոստումներ, այլև տեսանելի փոփոխություններ՝ շենքերի վերանորոգում, ճանապարհաշինություն, սոցիալական ծրագրեր և այլն: «Հետքը» զրուցել է «Մայր Հայաստան» Ազգային-Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի հետ:
Մամուլում արտահոսք եղավ, որ Ազգային անվտանգության ծառայությունն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին և երկրորդ համարները զբաղեցնող Գրիշա Հարությունյանի և Դավիթ Կարապետյանի գործունեության վերաբերյալ՝ վերագրելով չարաշահումներ: Մինչև 2021թ. նշված անձինք ղեկավարել են Արմավիրի մարզի համապատասխանաբար Դողս և Ծաղկունք համայնքները:
Գրիշա Հարությունյանն ասում է՝ մամուլից են տեղեկացել, որ իրենց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել, քանի որ ծանուցագրեր չեն ստացել, երբևէ չեն կանչվել հարցաքննության:
«Մենք մամուլից ծանոթացել ենք, որ նմանատիպ գործ կա մեր վրա կարված ու չենք անհանգստանում: Մենք գիտենք, որ մաքուր մարդիկ ենք, խնդիր չեմ տեսնում: Այդ գործը մեր վրա կարած է, կարած գործի համար չենք անհանգստանում»,- ասում է Գրիշա Հարությունյանը:
Թեկնածուն ասում է, որ երբ առաջադրվել են, դրանից հետո Ազգային անվտանգության ծառայությունից, եկել, «փորփրել են աշխատած տարիները», և քանի որ այդ մասին մամուլից են տեղեկացել՝ որևէ հստակ տեղեկատվություն չունեն, թե ինչ նպատակով է արվել:
Իսկ Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը թողել է սեփական դիմումի համաձայն, որովհետև չի ցանկացել աշխատել այս իշխանությունների հետ:
Խոսելով համայնքի խնդիրների մասին՝ Գ. Հարությունյանն ասաց, որ Վաղարշապատի բազմաբնակարան շենքերի տանիքները, բակերը վերանորոգելու և բարեկարգելու կարիք կա: Թեկնածուն խոստացավ, ընտրվելու դեպքում, բնակիչներին դժգոհ չթողնել և նրանց խնդիրները լուծել:
Անդրադառնալով Խոյ և Վաղարշապատ համայնքներում վերջին տարիներին իրականացված շինարարական աշխատանքների մասին, որի շուրջ էլ իշխանությունները տանում են քարոզչությունը, նշեց, թե կատարված աշխատանքը բավարար չի եղել, բայց տեսանելի է, քանի որ դրանց մի մասը նախընտրական հատվածում է արվում:
«Անորակ գործեր անելը չի նշանակում, որ մեծ տեսանելի գործեր են կատարել: Այս պահի դրությամբ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում գյուղերում: Ձեզ կհորդորեմ ինքներդ գնաք, տեսնեք: Լավ ասֆալտը քանդում են, վրան անորակ ասֆալտ են անում: Դա բնակիչներն են տեսնում: Տեսանելի է, բայց ոչ որակով, նախընտրական ասֆալտ է, աչք փակոցի»,- ասում է Գրիշա Հարությունյանը:
Թեկնածուն ասում է, որ քարոզարշավի ընթացքում շփվել են բնակիչների հետ և տպավորություն են ստացել, որ իշխանություններին չեն ընտրելու: Իսկ իշխանությունների հետ համագործակցությունը բացառում է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել