HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Վճարել են, բայց չեն մարզվել․ տասնյակ բողոքներ և դատական գործեր «Ին Շեյփ»-ի դեմ

Անի Հայրապետյանը 2025 թվականի հունիսի 14-ին պայմանագիր է կնքել «Ին Շեյփ» մարզասրահի հետ՝ 90 հազար դրամ վճարելով մեկ տարվա փաթեթի համար։ Մեկ ամսվա ընթացքում նա մասնակցել է ընդամենը 5 պարապմունքի` պայմանագրով նախատեսված 24-ի փոխարեն․ մյուս պարապմունքները մարզասրահը չեղարկել է՝ տարբեր պատճառաբանություններով։ Անի Հայրապետյանը սոցիալական ցանցերի գովազդից էր տեղեկացել մարզասրահի մասին։

«Ինձ առաջարկել էին նաև ապառիկ տարբերակ, ես նախընտրել էի ամբողջ գումարը միանգամից վճարել և օգտվել։ Գումարը փոխանցել եմ կազմակերպության հաշվապահ  Անի Անդրեասյանի անձնական հաշվին, ոչ թե կազմակերպության բանկային հաշվին։ Դրանից հետո պայմանագիրն ուղարկել են «Տելեգրամով», պայմանագրում չկային ընկերության ռեկվիզիտները, ընկերության պարտավորությունները, իմ իրավունքները նշված չէին, ես միայն վճարումից հետո եմ ստացել պայմանագրի օրինակը, ընթացակարգը լրիվ աղավաղված է»,- ասում է Անի Հայրապետյանը։

Անիի խոսքով, պարապմունքները չեղարկվում էին տարբեր պատճառներով՝ մարզիչի բացակայություն, օդափոխության կամ հոսանքի խնդիրներ, գրաֆիկի փոփոխություն, որոնց մասին մարզասրահի այցելուներին նախապես չէին ծանուցում։ «Հաճախ էր լինում, երբ գրաֆիկը կազմակերպում էի այնպես, որ կարողանամ մարզասրահ գնալ, բայց, հասնելով այնտեղ, իմանում էի, որ ինչ֊որ պատճառով պարապմունքները հետաձգվել են»,- ասում է Անին։

Մեկ ամիս անց մարզասրահի ծառայություններից հիասթափված՝ Անին որոշել է խզել պայմանագիրն ու պահանջել վերադարձնել գումարը։ Օգոստոսի 12-ին գումարի վերադարձի դիմում է գրել, սակայն մինչ օրս չի ստացել գումարը։ Նա հաճախում էր ընկերության Աջափնյակ վարչական շրջանի մասնաճյուղ։

«Ասում էին՝ ծրագիրը չի աշխատում, հաշվապահը հիվանդ է, իրավաբանն է բացակայում։ Հետո նույնիսկ փոխանցման կտրոնի նկար էին ուղարկել, որտեղ նշված էր, թե իբր գումարը վերադարձվել է, բայց իրականում ես գումարը չեմ ստացել, բանկից նույնպես ճշտել եմ, իմ հաշվին գումարի վերադարձ չի եղել»,- պատմում է նա։

Անի Հայրապետյանը միակը չէ, նման իրավիճակում բազմաթիվ կանայք են հայտնվել։ Տասնհինգ այլ հաճախորդներ «Վայբեր» հավելվածում խումբ են ստեղծել, որտեղ թեմայի վերաբերյալ քննարկումներ են անում։

Գումարը վերադարձնելու պահանջները մնացել են անպատասխան

Լիանա Մանուկյանը պատմում է, որ «Ին Շեյփ» մարզասրահում գրանցվելուց ընդամենը մեկ ամիս անց՝ 2025-ի հուլիսին, ստիպված է եղել դադարեցնել մարզումները,  քանի որ դրանք պարբերաբար չեղարկվել են, հաճախորդներին  նախապես չեն տեղեկացրել, իսկ պայմանագրի խզման ու գումարի վերադարձի պահանջները մնացել են անպատասխան։

«Ես օրեր առաջ խոսել եմ իրենց ադմինիստրատորի՝ Հասմիկի հետ։ Ես և ընկերուհիս։ Մենք ձայնագրել ենք այդ խոսակցությունը, որովհետև առանց փաստերի անհնար էր ինչ-որ բան ապացուցել։ Հասմիկը խոստացավ, որ երկուշաբթի օրը կզանգեն, պայմանագիրը կխզեն։ Բայց ոչ ոք չի զանգել։ Հետո այլևս ոչ մի զանգի չեն պատասխանել։ Այցելել եմ իրենց՝ Գևորգ Չաուշ փողոցի մասնաճյուղ, որը բիզնես կենտրոնի ներսում է, բայց այն փակ էր, նկարել եմ, որ ապացույց ունենամ։ Մեզ ասում էին՝ լույս չկա, օդափոխությունը չի աշխատում, բայց նույն հարկում մյուս գրասենյակներն աշխատում էին։ Լույս չունենալը իրենց ներքին խնդիրն է, ոչ թե պատճառ՝ պարապմունքները չեղարկելո»,-պատմում է Լիանան։

«Ես ձևակերպել եմ ապառիկ տարբերակով՝ ամսական 7 500 դրամ վճարմամբ։ Այսինքն՝ ես շարունակում եմ վճարել ծառայության համար, որից ընդհանրապես չեմ օգտվում»,-ասում է նա։

Ադմինիստրատոր Հասմիկը Լիանային խոստացել է, թե կխզեն պայմանագիրը և իր փոխարեն կմարեն ձևակերպված ապառիկը։

«Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ իմանան՝ ինչ է տեղի ունենում։ Տասնյակ մարդիկ են այդ իրավիճակում, բայց շատերը չեն բողոքում։ Հենց դրա շնորհիվ էլ շարունակում են օգտվել առիթից»,-ասում է Լիանա Մանուկյանը։

Վիկտորյան  (ազգանունը չենք հրապարակում իր խնդրանքով) 2025 թվականի հունվարին 50 հազար դրամով ձեռք է բերել մարզասրահի 6-ամսյա փաթեթ՝«5 պլյուս 1» ակցիայի շրջանակում, ըստ որի՝ 5-ամսյա փաթեթը ձեռք բերելու դեպքում 6-րդը ընկերությունն է նվիրում։ Վիկտորյայի մայրն ու երկու քույրերը նույնպես գրանցվել էին։ 

«Ասացին՝ մեր մասնագետները կնայեն, կհետևեն, կասեն՝ որ վարժությունն է պետք անել, որը՝ ոչ։ Մայրիկս 73 տարեկան է, մենք հատուկ ընդգծել էինք, որ առողջական խնդիրներ ունի։ Բայց երբ գնացինք, ոչ ոք չմոտեցավ, չհետաքրքրվեց։ Ուղղակի ասացին՝ որը կարողանում եք, արեք, որը չեք կարողանում, չանեք»,-պատմում է Վիկտորյան։

Նրա խոսքով՝ մարզասրահը խոստացած աջակցությունն ու հսկողությունը չի ապահովել։ Մի քանի պարապմունքից հետո մայրը հիասթափվել է ու դադարել հաճախել։ 

Վիկտորյան այդ ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել, պետք է վիրահատվեր։ Դիմել է մարզասրահ՝ փաթեթը սառեցնելու, ասել են, որ որևէ խնդիր չի առաջանա, էպիկրիզը ներկայացնելու դեպքում կարող է սառեցնել այն, հետո, երբ խնդիրները վերանան, նորից կարող է վերականգնել։

Վիրահատությունից հետո Վիկտորյան փորձել է վերադառնալ մարզասրահ, բայց Աջափնյակի մասնաճյուղը, որի հետ պայմանագիր էր կնքել, արդեն փակվել էր։ Մեկ այլ հասցեում բացվել էր նորը, սակայն այն հարմար չէր Վիկտորյայի համար։ 

«Զանգեցի, ասեցի՝ ի՞նչ կլինի, հաշվարկ արեք՝ քանի օր եմ եղել, մնացած գումարը հետ տվեք։ Ասացին՝ հնարավոր չէ։ Կարող եք գնալ այլ մասնաճյուղ, մենք գումարը չենք վերադարձնում»,- նշում է նա։

Փորձել է այցելել այլ մասնաճյուղեր, սակայն տեխնիկապես և ժամանակի առումով դա անհնար էր։ «Աշխատող մարդ եմ, երկու տրանսպորտով պիտի գնայի։ Մի անգամ գնացի՝ լույս չկար, մյուս անգամ՝ օդափոխություն։ Ներքևից ասում էին՝ դուռը փակ է, բարձրացեք։ Մի անգամ էլ մարզվել ենք հեռախոսի լույսի տակ։ Բոլորին ասացի՝ ինձ հարմար չի, գումարն էլ միանվագ եմ վճարել, ոչ ապառիկ։ Բայց նորից ասացին՝ չենք վերադարձնի»,- իր փորձի մասին պատմում է Վիկտորյան։

Նրա քույրերն ու մայրը ևս նման փաթեթ էին գնել։ Միայն քույրերից մեկն էր գոհ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի մասնաճյուղից, մարզումներն ավարտել է առանց խնդիրների։ Մյուսները հիասթափվել են ու դադարել այցելել։

«Ին Շեյփ» սպորտային ակումբի վերաբերյալ բացասական մեկնաբանություններ կան նաև Գուգլի կարծիքների բաժնում։ 

Սպորտային ակումբի վարկանիշը Գուգլում 1.8 միավոր է առավելագույն 5-ից։ 

Նախկին հաճախորդ Սառա Պապոյանն այստեղ մանրամասն ներկայացնում է իր դժգոհությունները. «Ասել, որ ես գոհ չեմ ինձ մատուցված ծառայություններից, ի դեպ` ոչ փոքր գումարի դիմաց, նշանակում է ոչինչ չասել։ Ես վճարել եմ 6 ամսվա համար և գնացել եմ այսպես կոչված մարզասրահ 4 ամիս, քանի որ արդեն նյարդայնանում էի մարզիչներից և մարզիչների պակասից, վարչակազմից և տեխնիկական խնդիրներից, որոնք հարյուրավոր անգամներ խոստացել էին շտկել, բայց երբեք չէին շտկվել։ Նախ` ցնցուղի խցիկները լիովին թափանցիկ են, ադմինիստրատորն ասել էր, որ դրանք կկնքեն հատուկ թաղանթով, որպեսզի մարզումից հետո լոգանք ընդունելն ավելի հարմարավետ լինի, սա ասվել է փետրվարին, հունիս ամսին փոփոխություններ չկան։ Ես 3 անգամ եկել եմ մարզիչների մոտ, և ադմինիստրատորն ասել է. «Օ~, մոռացել են զգուշացնել, որ մարզում չի լինելու», «չտեսա՞ր Ինստագրամում մարզիչի էջում, որ մարզում չի լինելու»։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է այս մասին իմանամ որևէ Ինստագրամի էջից, եթե ոչ պաշտոնական էջից։ Ես 5 անգամ գնացել եմ մարզման, և մարդկանց «անբավարար» թվի պատճառով մարզումը չեղարկվել է։ Անցյալ ամիս մարզումներ ընդհանրապես չկային, քանի որ նախորդ մարզիչը վնասել էր ոտքը, կարծես դա իմ լուծելիք խնդիրն էր։ Մարզասրահն ինքնին վատը չէ, բայց ես այս մարզասրահը որպես ծառայություն ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս»։ 

Մեկ այլ  հաճախորդ՝ Լիկա Խաչատրյանը հետեւյալ մեկնաբանությունն է թողել. «Անպատասխանատու վերաբերմունք հաճախորդի նկատմամբ։ Վաճառք կատարելիս նշվում է այլ բան, իրականում տրամադրվում այլ բան։ Ոչ մի դեպքում խորհուրդ չեմ տալիս օգտվել և խաբեության զոհ դառնալ։ Խնդիրների դեպքում աշխատակիցները զանգերի չեն պատասխանում, ոչ մի հարցում հստակ տեղեկություն չեն տալիս»։ 

Մեկ այլ հաճախորդ՝ Անին, գրել է. «Շատ վատ փորձառություն ունեցա այս մարզասրահի հետ կապված։ Փակեցին այն մասնաճյուղը, ուր այցելելու համար առաջին անգամ բաժանորդագրություն էի վերցրել։ Երկար սպասելուց հետո, որ իբրև թե կվերանորոգեն ու կբացեն, խնդրեցի, որ գումարս հետ տան, քանի որ անգամ մեկ օր չէի այցելել մարզումների (քարտս դեռ ակտիվացված էլ չէր), իսկ այլ մասնաճյուղեր այցելելն ինձ հարմար չէր։ Գրեթե կես տարի տևեց, որ հազար անգամ ու տարբեր մարդկանց զանգելուց հետո գումարս վերադարձնեն»։

Մեկնաբանությունները գրված են տարբեր ժամանակահատվածներում։ Գուգլում մեկնաբանություն թողած 19 հաճախորդներից միայն 4-ն է գոհ մարզասրահից։  

Միակողմանի պայմանագիր՝ ի օգուտ ընկերության

Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ ծառայությունը պետք է մատուցվի պայմանագրով նախատեսված ծավալով և որակով։ Բացի այդ, սպառողին պետք է նախապես տեղեկացվի սպասվող փոփոխությունների մասին։ Ոչ պատշաճ ծառայության դեպքում սպառողն իրավունք ունի պահանջելու գումարի ամբողջական կամ մասնակի վերադարձ։

Անի Հայրապետյանի և մարզասրահի միջև կնքված պայմանագրի 4-րդ կետում նշված է, որ վճարելով սույն պայմանագրի համար՝ հաճախորդն ընդունում եւ հայտարարում է, որ տեղյակ է, որ մարզումների ընթացքում կարող են ի հայտ գալ սարքավորումների ժամանակավոր անսարքություններ, մարզումների գոտու սահմանափակումներ, մարզչական կազմի, մարզումների գրաֆիկի կամ այլ տեսակի փոփոխություններ, ինչպես նաեւ միջոցառումների իրականացման, վերանորոգման, անվտանգության եւ այլ նպատակներով ակումբի փակման դեպքեր, եւ հաճախորդն ընդունում եւ հայտարարում է, որ նշված հանգամանքներն իր համար ընդունելի են, չեն հանդիսանում պարտավորության անպատշաճ մատուցում եւ դրա հետ կապված «ԻնՇեյփ»-ին պահանջներ չի ներկայացնի: 

8-րդ կետում նշված է, որ պայմանագրով վճարված գումարը ենթակա չէ վերադարձի, իսկ 9-րդ կետում ասվում է, որ վճարելով պայմանագրի համար՝ հաճախորդը հաստատում է, որ ծանոթացել եւ համաձայն է պայմանագրով նախատեսված ծառայություններին, դրանց մատուցման ժամկետներին, պայմանագրի բոլոր կետերին եւ Ակումբի տեխնիկական հագեցվածությանը:

Հատկանշական է, որ հաճախորդներին պայմանագիրը տրամադրվում է միայն վճարումից հետո՝ օնլայն, ստացվում է, որ նրանք նախապես հնարավորություն չեն ունենում ծանոթանալ բովանդակությանը։

Բացի այդ, պայմանագրում սահմանված չեն ծառայություն մատուցողի պարտականությունները։ Այն ձևակերպումը, թե «հաճախորդը հաստատում է, որ չի ներկայացնի պահանջներ», նույնպես միակողմանի է։ Պայմանագրի չեղարկման կամ լուծարման կարգ չկա։ Չկա դրույթ այն մասին, որ ծառայություն մատուցողը պարտավորվում է ապահովել սարքավորումների սարքին վիճակը, հարմարավետությունը, անվտանգությունը։

«Ին Շեյփ» սպորտային ակումբը 4 մասնաճյուղ ունի Երևանում: Մեկը՝ Շենգավիթ վարչական շրջանում՝Գարեգին Նժդեհ 34 հասցեում, մյուսները՝ Քանաքեռ-Զեյթուն վարչկան շրջանում՝ Ազատության 24/15 հասցեում, Նոր Նորք  վարչական շրջանում՝ Մյասնիկյան 38/5 հասցեում և Աջափնյակ վարչական շրջանում՝ Գևորգ Չաուշ 11/5 հասցեում։ 

Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Գեթ ին Շեյփ» ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Չարենցի փողոց, շենք 2 հասցեում։ Հիմնադիր տնօրենը Մարինե Անդրեասյանն է։

Բողոքներ, դատական գործեր և իրավական խախտումներ

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ընկերության դեմ 5 քաղաքացիական գործ կա, բոլորը՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ 

Դատական գործերից մեկով «ԹԻ ՋԻ ԷՅ Գրուպ» ՍՊԸ-ն պատասխանողից՝ «Գեթ Ին Շեյփ» ՍՊԸ-ից, 6,662,500 դրամ է պահանջել բռնագանձել։ Դատական գործն ընթացքի մեջ է, այն վարույթ է ընդունվել 2025 թվականի օգոստոսի 11-ին։

Մեկ այլ գործով «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընկերության դեմ գումարի բռնագանձման պահանջով։ Դատարանը բավարարել է հայցը՝ «Գեթ Ին Շեյփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» փակ բաժնետիական ընկերության բռնագանձել 321 308 դրամ վարձակալության վճարի պարտքի և ծախսված էլեկտրաէներգիայի պարտքի համար։

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամն էլ դատարանում պահանջել է «ԳԵԹ ԻՆ ՇԵՅՓ» ՍՊԸ-ից և Մարինե Վալերիի Անդրեասյանից հօգուտ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի բռնագանձել 1 726 002.69 ՀՀ դրամ։ Գործն ընթացքի մեջ է։

Ընկերության պատասխանը՝ խնդիրը լուծված է, հրապարակում չանե՛ք

«Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ սպորտային ակումբից։

Հաճախորդների տված հեռախոսահամարներից մեկով զանգահարեցինք, պատասխանեց Անի Անդրեասյանը։ Հաճախորդների պնդմամբ, նա ընկերության հաշվապահն է, նաև՝ հիմնադիր տնօրենի՝ Մարինե Անդրեասյանի մայրը։ Մեր հարցերը լսելուց հետո Անի Անդրեասյանը նշեց, թե առաջացած բոլոր խնդիրները լուծված են, հոդված գրելու կարիք չկա։ Հետո ասաց, որ քիչ անց մեզ հետ կապ կհաստատի ընկերության տնօրենը։

Րոպեներ անց զանգահարեց «Գեթ ին շեյփ» ՍՊԸ-ի տնօրեն Մարինե Անդրեասյանը։ Նա հաստատեց Անի Անդրեասյանի խոսքերը, ասաց, որ մասնաճյուղի տեղաափոխման հետ կապված խնդիրներ են առաջացել, բայց դրանք երեկվա դրությամբ արդեն լուծված են։ Պայմանագրի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Մարինե Անդրեասյանը նշեց, որ այն կազմված է միջազգային ստանդարտներին համապատասխան։ Չնայած պայմանագրում որևէ կետ չկա արտակարգ իրավիճակների մասին, վերջինս վստահեցրեց, թե խնդիրների դեպքում գործում են հօգուտ հաճախորդի։ Ասաց, որ Անի Անդրեասյանն իր մայրն է, բայց ընկերության հաշվապահը չէ։ Ապա ասաց, որ խնդիրներ բոլորի մոտ կարող են լինել և խնդրեց հրապարակում չանել։ Մերժում ստանալուց հետո կապն ընդհատվեց։

Րոպեներ անց խմբագրություն զանգահարեց մի կին, ներկայացավ որպես Մարինե Անդրեասյանի քույր եւ առաջարկեց հոդված չհրապարակել, քանի որ առաջացած փոքր խնդիրն արդեն լուծվել է։ Մերժում ստանալուց հետո վերջինս սպառնաց, թե կզանգահարի 1-02 և այդ կերպ կլուծի խնդիրը։

Մեկնաբանություններ (1)

Լիանա
Շնորհակալ եմ Hetq.am ին լուսաբանելու համար։ Մենք բողոքելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր իրավունքները ոտնահարում են։ Հուսամ կազմակերպության տնօրինությունը սխալները ուղղելու համար ետ կվերադարձնի հաճախորդների գումարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter