HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդը հիասթափված է․ տարիների ընթացքում լսել են միայն խոստումներ». Արկադի Փայտյան 

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում կկայանան ավագանու ընտրություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն համայնքի բնակիչների կյանքի որակի, ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական ծրագրերի իրականացման համար: Այս թեմաներով խոսելու ենք ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանի հետ:

Ա. Փայտյանի կարծիքով՝ վատ է, որ 8 ուժ է մասնակցում ընտրություններին, քանի որ իրար փնովում են, «կծում» և 2-3 կուսակցությունից բացի, չկան մտահոգվողներ և «բան փոխելու» ցանկություն ունեցողներ: «Խաղում» են ընդդիմադիր, սակայն համագործակցում են գործող իշխանությունների հետ:

«Որպես զինվորական ծառայել եմ ՀՀ զինված ուժերում 20 տարի, պահեստազորի փոխգնդապետ եմ, չկարողացա անմասն մնալ՝ տեսնելով, թե ինչ է կատարվում ամբողջ Հայաստանում: Հարձակումներ եկեղեցու վրա, կալանավորումներ, որոնք անընդունելի են»,- ասում է Արկադի Փայտյանը:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում որն է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նպատակը, եթե ոչ Վաղարշապատում դրական փոփոխություններ բերելը։

«Նրանց հիմնական նպատակը իշխանության նպատակն է, գործող իշխանությունն է խաղի կանոնները փոխել: «Ժառանգություն» կուսակցությունն ու մեր թիմը ոչ մեկի կողմից չեն կառավարվում, ո՛չ նախկին ենք, ո՛չ գործող, միշտ ընդդիմադիր ենք եղել»,- ասում է Ա. Փայտյանը:

Թեկնածուն նշում է, որ ժողովուրդը հիասթափված է և՛ նախկիններից, և՛ գործողներից, այս տարիների ընթացքում լսել են միայն խոստումներ: 

«7 տարի է՝ գործող իշխանությունը ղեկին է, թող ներկայացնեն ժողովրդին՝ ի՞նչ են արել»,- ասում է Ա. Փայտյանը և հավելում, թե ում են պետք վերանորոգած մանկապարտեզները, երբ ծնելիությունը քչացել է, իսկ արտահոսքը՝ շատացել, և այսօր չկա այն երեխան, որը պետք է մանկապարտեզ հաճախի:

Թեկնածուն ասում է, որ իրենից բացի զինվորականներ են եղել նաև ընտանիքի մյուս անդամները՝ հայրը, մայրը, եղբայրը և իրենց կանայք: Մասնակցել են թե՛ քառօրյա, թե՛ 44-օրյա պատերազմներին և միշտ պայքարել են թշնամու դեմ, հիմա էլ՝ ներքին թշնամիների դեմ:

«Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը: Արկադի Փայտյանն ասաց, որ ցուցակում ընդգրկվելը ոչ հատուկ ուղերձ է, ոչ էլ քաղաքական գործընթաց:

«Այսօր Այծեմնիկն էլ չի կարող անտարբեր մնալ՝ տեսնելով, որ իր հայրիկի արածը ինչ-որ մեկը մեկ կոպեկի նման գցում է ջուրը»,- ասում է Ա. Փայտյանը:

Արկադի Փայտյանը քարոզարշավների ժամանակ հայտարարում է, որ իշխանությունների ձեռքը հայտնվել է ժողովրդի գրպանում, և պետք է այդ ձեռքը հանել գրպանից: «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ գործող իշխանությունը բարձրաձայնում է, թե  կյանքը լավացել է, աշխատավարձերը բարձրացել են, մինչդեռ դա  կոնկրետ խմբի մասին է միայն:

«Այո, լավացել է, բայց միայն այն անձանց համար, ովքեր պաշտոններ են զբաղեցնում համայնքապետարանում,  Կառավարությունում, պետական պաշտոններում: Վիճակագրական տվյալները եթե նայենք, 2021թ․-ից այս կողմ, այն պաշտոնյան, որ ստացել է 180-300 հազ. դրամ, այսօր կրկնապատիկ, եռապատիկ ավել  է ստանում: Ասում եմ ձեռքը ժողովրդի գրպանից հանել, որովհետև տեղական տուրքերը թանկացել են»,- կրկնում  է Արկադի Փայտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter