HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը չեն ստուգվում

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պարտավոր են գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնել։ Ընտրական օրենսգրքի այս պահանջը, սակայն, ձևական է, քանի որ  ո՛չ ընտրական հանձնաժողովը, ո՛չ որևէ այլ մարմին իրավասու չէ ստուգելու դրանց իսկությունն ու համապատասխան հետևանքներ առաջացնելու նրանց համար: Վաղարշապատ համայնքի նոյեմբերի 16-ի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ: Ուսումնասիրելով այդ կուսակցությունների հայտարարագրերը` պարզեցինք, որ դրանք թերի են լրացված, իսկ տվյալներն արժանահավատ չեն:

Ավագանու ընտրություններին մասնակցող «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից, ներկայացրել են 2025թ. հոկտեմբերի 1-ին նախորդող մեկ տարվա ընթացքում ունեցած գույքի, ստացած եկամուտների, դրամական միջոցների մասին հայտարարագիր, որը հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում: 

Ստորև ներկայացնում ենք կուսակցությունների հայտարարագրերում հրապարակված տվյալները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կուսակցությունն անշարժ գույք չի հայտարարագրել: Փաստացի, սա նշանակում է, որ կուսակցությունը չունի ոչ միայն սեփականության իրավունքով պատկանող գույք, այլև վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ գույքային իրավունքով պատկանող գույք: Այս տվյալն արժանահավատ չէ, քանի որ կուսակցությունն ունի գրասենյակային տարածքներ, որտեղ պարբերաբար նիստեր են անցկացվում, մարզային գրասենյակներ ևս կան, և դրանց մի մասը Վաղարշապատում այս օրերին դարձել են նախընտրական շտաբներ:

Մինչդեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) ներկայացված 2024թ. հաշվետվության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 16 տարածքային ստորաբաժանում: Որտե՞ղ են գործում այդ ստորաբաժանումները, եթե որևէ անշարժ գույք, ըստ ԿԸՀ կայքում հրապարակված հայտարարագրի, չի տնօրինում կուսակցությունը: Ավելին՝ 2024թ. 148 մլն դրամ է վճարվել գույքի վարձակալության համար:

Համեմատության համար նշենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ի Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարագրել էր 42 միավոր անշարժ գույք, բոլորն էլ՝ վարձակալության իրավունքով:

ԿԸՀ 2021թ. օգոստոսի 26-ի թիվ 209-Ն որոշման հավելվածի համաձայն՝ հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում լրացվում են թեկնածուների գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքներով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները: Այսինքն՝ այդ բաժնում պետք է հայտարարագրվեին բոլոր այն գույքերը, որոնք կուսակցությունն օգտագործում է գույքային որևէ իրավունքով՝ լինի սեփականություն, վարձակալություն, թե այլ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Հետքին» պարզաբանեց, որ ներկայացված հայտարարագիրը հրապարակվում է ԿԸՀ-ի կողմից, և բովանդակության հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել: 

«Կուսակցությունը չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք։ Կուսակցության կողմից կատարվող բոլոր ծախսերի, եկամուտների, գույքի, այդ թվում՝ վարձակալված տարածքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ԿԿՀ կայքում հրապարակված՝ կուսակցության 2024թ․ հաշվետվությունն ուսումնասիրելով»,- ասաց Ա. Մանավազյանը։

Հարկ է նշել, որ ԿԿՀ-ն ու ԿԸՀ-ն տարբեր մարմիններ են, և ԿԿՀ-ն վերահսկողություն չի սահմանում ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի ու դրանց բովանդակության նկատմամբ: Բացի այդ, ԿԸՀ-ի հրապարակած հայտարարագիրը ժամանակագրորեն տարբերվում է ԿԿՀ ներկայացված տարեկան հաշվետվությունից: Սա հաստատեց նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Ասվածը չի նշանակում, որ կուսակցությունը միտումնավոր թաքցրել է իր տնօրինության տակ գտնվող գույքը: Սա պարզապես օրինակ է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, այդ թվում՝ կարգավորող մարմինները, չեն հետևում օրենքի պահանջներին, քանի որ հայտարարագրերը ձևական են՝ հետևանք չառաջացնող:

Ըստ հայտարարագրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի նաև շարժական գույք:

Հաշվետու ժամանակահատվածում դրամական միջոցները կազմել են մոտ 5 մլն 424 հազ. դրամ, իսկ եկամուտների հանրագումարը՝ մոտ 654 մլն 500 հազ. դրամ, որից մոտ 255 մլն դրամը օրենքով սահմանված պետական աջակցությունն է: Կուսակցությունը հայտարարագրել է նաև արտարժույթով եկամուտ՝ 10 հազ. ԱՄՆ դոլար, որը ստացել է նվիրատվությունից:

2021թ. Վաղարշապատի ընտրությունների ժամանակ կուսակցության եկամուտները եղել են 316 մլն 500 հազ. դրամ, որից պետական աջակցությունը կազմել է մոտ 66 մլն դրամ:

project-01.jpg (201 KB)

«Հայրենիք» կուսակցություն

Այս կուսակցությունը նույնպես անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել, ինչը նույնպես արժանահավատ չէ՝ հաշվի առնելով, որ կուսակցությունն ունի գրասենյակային շենք: 

Դրամական միջոցները կազմել են մոտ 841 հազ, դրամ, իսկ եկամուտները՝ մոտ 73 մլն դրամ: Կուսակցության ամբողջ եկամուտը գոյացել է նվիրատվությունից:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն

Կուսակցությունը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ 59 քմ բնակարան, որն օգտագործում է անհատույց օգտագործման իրավունքով: Շարժական գույք չի հայտարարագրվել:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է մոտ 24 հազ. դրամ: Եկամուտները կազմել են 3 մլն 361 հազ. դրամ: Բոլորն էլ եղել են նվիրատվություն:

«Մայր Հայաստան» կուսակցություն

Կուսակցության հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Այսինքն, ըստ հայտարարագրի, կուսակցությունը ոչ միայն անշարժ և շարժական գույք չունի, այլև դրամական միջոցներ ու եկամուտներ: 

Կուսակցությունից «Հետք»-ին հայտնեցին, որ 2024թ. կուսակցությունը կոչվել է «Իմ պայքար, իմ հայրենիք» և ունեցել է այլ ղեկավար կազմ ու վարչություն: 2025թ.-ից  կուսակցությունը կոչվում է «Մայր Հայաստան» և մինչև հոկտեմբերի 1-ը չի ունեցել ո՛չ գույք, ո՛չ եկամուտ: Դրամական մուտքեր եղել են հոկտեմբերի 1-ից հետո, այդ իսկ պատճառով տեղ չեն գտել հայտարարագրում:

project-03.jpg (191 KB)

«Ժառանգություն» կուսակցություն

Ամբողջությամբ դատարկ է նաև «Ժառանգություն» կուսակցության հայտարարագիրը: «Զրոյական» է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2024թ. տարեկան հաշվետվությունը:

«Հանրապետություն» կուսակցություն

Այս կուսակցությունը նույնպես անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Մինչդեռ ԿԿՀ ներկայացրած 2024թ. հաշվետվության համաձայն՝ «Հանրապետություն» կուսակցությունն օգտագործել է 6 միավոր անշարժ գույք:

Դրամական միջոցները կազմել են 7 մլն 900 հազ. դրամ, իսկ եկամուտները՝ մոտ 25 մլն դրամ: Կուսակցության միակ եկամուտը եղել է պետական ֆինանսավորումը:

«Համահայկական ճակատ» կուսակցություն

Կուսակցությունը հայտարարագրել է 93 քմ մակերեսով շինություն, որն օգտագործում է անհատույց: Թեև հայտարարագրի շարժական գույքի բաժինը նախատեսված է ավտոմեքենաների համար, սակայն կուսակցությունն այդ բաժնում հայտարարագրել է «Սամսունգ» ֆիրմայի 2023թ. արտադրության համակարգիչ:

Կուսակցությունը դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտները կազմել են 1000 ԱՄՆ դոլար, որը գոյացել է կուսակցականների վճարած անդամավճարներից:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

Ինչպես նշել ենք, Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող այս քաղաքական ուժը կազմված է երկու կուսակցությունից՝ ՀՅԴ և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից: Երկու կուսակցությունն էլ գույքի ու եկամուտների հայտարարագիր են ներկայացրել ԿԸՀ:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարագրել է 68 միավոր անշարժ գույք, որից 18-ը՝ հողամաս: Կուսակցությունն ունի նաև ավտոմեքենա՝ 2022թ. արտադրության «Toyota Corolla 1.8» մակնիշի:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՅԴ-ի հաշվին եղել է 42 մլն 435 հազ. դրամ, իսկ եկամուտները կազմել են 1 մլն 680 հազ. դրամ, որը գոյացել է վարձակալության վճարներից:

Համեմատության համար նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024թ. տարեկան հաշվետվության համաձայն՝ ՀՅԴ-ն ունեցել է մոտ 117 մլն դրամ մուտք և 72 անշարժ գույք։ 

project-04.jpg (159 KB)

«Առաջ» աջակենտրոն կուսակցության հայտարարագիրը լրացված չէ: Կուսակցությունը հաշվետու ժամանակահատվածում չի ունեցել ո՛չ գույք, ո՛չ դրամական միջոց ու եկամուտ: Նշենք, որ կուսակցությունը համեմատավար նոր է, հիմնադրվել է 2024թ. հոկտեմբերին:

ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը «Հետք»-ին փոխանցեց, որ ընտրական հանձնաժողովն ի գիտություն է ընդունում ներկայացված հայտարարագրերը, իսկ ԿԸՀ-ն հրապարակում է կայքում: Ընտրական օրենսգրքով հայտարարագրի բովանդակությունը ստուգելու պարտավորություն սահմանված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter