HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Իրանական կինոյի բալի համը՝ պարոն Բադին

Նոյեմբերի 11-ին կյանքի 78-րդ տարում մահացավ իրանական կինոյի ամենաճանաչված կերպարներից մեկը՝ Հոմայուն Էրշադին։ Մինչև հիսուն տարեկանը նա ամենևին չէր մտածում կինոյի մասին։ 70-ականներին Իտալիայում ճարտարապետի կրթություն ստանալուց հետո նա տեղափոխվել էր Կանադա՝ աշխատելու։ Իննսունականների կեսին վերադարձը հայրենիք բեկումնային դարձավ ճարտարապետի, ապագա իրանական նոր կինոյի խորհրդանիշներից մեկի՝ Հոմայուն Էրշադինի համար։ 

«Թեհրանում մեքենայիս ղեկին կարմիր լույսի տակ սպասում էի, երբ պատուհանը դրսից թակեց մի մարդ ու ասաց` ողջույն, ես Աբբաս Քիառոստամին եմ եւ դերասան եմ փնտրում իմ նոր ֆիլմի համար»,- այդ հանդիպումից շատ տարիներ անց լրագրողներին պատմում է արդեն հայտնի դերասան Հոմայուն Էրշադին։ Իրանական կինոյի նոր ալիքի առաջամարտիկ, կինոպոետ Աբբաս Քիառոստամին, որն իր ֆիլմերի համար հիմնականում ոչ պրոֆեսիոնալ դերասաններ էր ընտրում, գլխավոր դերակատար էր փնտրում Բադիի դերի համար՝ իր «Բալի համը» ֆիլմում։

««Բալի համը» կարծես իմ մասին լիներ, ես էլ պարոն Բադիի պես շրջում էի քաղաքում ու չէի հասկանում՝ ինչ եմ ուզում կյանքից, ինչու եմ ապրում, ունեի ինքնասպանության մտքեր»,- պատմում է Հոմայուն Էրշադին։

Ֆիլմը պատմում է Թեհրանի մերձակայքում մեքենայով շրջող տղամարդու՝ պարոն Բադիի մասին, որը փնտրում է մեկին, ով գումարի դիմաց կհամաձայնի հուղարկավորել իրեն  ինքնասպանությունից հետո։ Նշում է վայրը, ժամը, նույնիսկ՝ կոնկրետ քանի բահ հող պետք է լցնել։

Ճանապարհին Բադին հանդիպում է տարբեր մարդկանց՝ երիտասարդ զինվորի, ճեմարանականի,  տարեց խրտվիլակագործի։ Այդ հանդիպումները դառնում են փիլիսոփայական զրույցներ կյանքի, մահվան և գոյության իմաստի շուրջ։

Տարեց մարդը՝ Հուսեյնը, Բադիին պատմում է, որ ինքն էլ էր պատրաստվում ինքնասպան լինել.  բալենու ծառից, որից պատրաստվում էր կախվել, մահվանից առաջ որոշում է վերջին անգամ ճաշակել մեկ հատ բալ։ Պտուղն այնքան համեղ, այնքան քաղցր է լինում, որ մտափոխվում է։ Այստեղից էլ ֆիլմի անվանումը։

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանված է մեքենայի մեջ և շրջակայքում, որտեղ հերոս են դառնում դեղնադարչնագույն իրանական բնությունը, լռությունը և երկխոսությունները։

Վավերագրական և խաղարկային կինոյի սահմանագծին ստեղծագործող Աբբաս Քիառոստամիի «Բալի համ»-ում պարոն Բադիի դերակատար Հոմայուն Էրշադին այնպիսին է, ինչպիսին կա, նա չի խաղում։ Ֆիլմում նկարահանվել է իր սովորական հագուստով, իսկ մեքենան, որտեղ ծավալվում է ամբողջ սյուժեն, նույն մեքենան է, որի մեջ ծանոթացել են ապագա դերասանը և ռեժիսորը։

1997թ.-ին «Բալի համը» ֆիլմը ստացավ Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակը. առաջին անգամ իրանական ֆիլմը հաղթեց աշխարհի ամենամեծ կինոփառատոններից մեկում՝ ճանապարհ բացելով իրանական կինոյի նոր ալիքի համար։ Իր պարզությամբ և խորությամբ այն համարվում է  Քիառոստամիի ամենափիլիսոփայական գործերից մեկը։ «Բալի համը» պարոն Բադիին մարմնավորած ճարտարապետ Հոմայուն Էրշադիին հայտնի դարձրեց։ Հոլիվուդյան և եվրոպական հրավերները հաջորդեցին մեկը մյուսին։ Աշխատելով տարբեր հեղինակավոր ռեժիսորների հետ՝ նա իր կյանքի առաջին և մեծագույն վարպետ համարում էր Աբբաս Քիառոստամիին։

««Բալի համը» ֆիլմն ինձ ստիպեց գիտակցել, որ կյանքը կարող է ավարտվել ցանկացած պահի, բայց նաև՝ որ այն կարող է նորից սկսվել ամեն առավոտ»,- ասում էր կինոաշխարհին պարոն Բադիի պոետիկ կերպարը թողած Հոմայուն Էրշադին։

Լուսանկարները՝ կադրեր «Բալի համը» ֆիլմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter