«Գյուղերում մարդիկ կաշկանդված են, վախենում են հանդիպել, զրուցել ոչ իշխանական թեկնածուի հետ». Արտյոմ Սիմոնյան
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում անցկացվելու են ավագանու ընտրություններ: Քաղաքացին պետք է ընտրություն կատարի ութ քաղաքական ուժի միջև: Կորոշվի, թե ովքեր կստանան ավագանու մանդատները, և ինչ ծրագրեր կիրականացվեն քաղաքի զարգացման համար: Մեր զրուցակիցը «Համահայկական ճակատ» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արտյոմ Սիմոնյանն է:
Թեկնածուն ասում է՝ քարոզարշավի ընթացքում գույքագրել են Վաղարշապատի խնդիրները և արձանագրել, որ հատկապես գյուղական բնակավայրերը վերջին 30 տարում դուրս են մնացել ուշադրությունից:
Սակայն, արձանագրել են, որ գյուղերում մարդիկ կաշկանդված են, վախենում են հանդիպել, զրուցել, նույնիսկ նկարվել ոչ իշխանական թեկնածուի հետ, նախընտրում են առանձին զրուցել՝ տեսախցիկներից հեռու: Արտյոմ Սիմոնյանի փոխանցմամբ՝ վարչական ղեկավարները իշխանական կուսակցությունից են, ինչն էլ կաշկանդում է մարդկանց: Վերջիններս դռան արանքներից են զրուցում թեկնածուների հետ ու խնդրում, որ իրենց չլուսանկարեն:
«Մարդիկ ունեն բիզնեսներ, պետական աշխատողներ են, որպեսզի քրեական գործեր չհարուցվեն, մարդկանց պետական գործից չազատեն… վախի մթնոլորտ է»,- ասում է «Համահայկական ճակատ» կուսակցության թեկնածուն՝ նշելով, որ նույն կարգավիճակում գտնվող իր ազգականներին խնդրել է իր հետ շփվեն, որպեսզի աշխատանքը չկորցնեն:
Խոսելով համայնքի խնդիրների մասին՝ ասում է, որ ինքը ևս գյուղում է ապրում, ծանոթ է դժվարություններին: Նշում է, որ հողատարածքների զգալի մասը չի մշակվում, ներդրումներ են պետք: Կան գյուղեր, որ խմելու ջրի պակաս ունեն: Օրինակ՝ Արշալույս գյուղում մարդիկ տարաներով են հարևան փողոցներից ջուր տանում և այլն: Անբարեկարգ են Արագած գյուղի ճանապարհները և այդպես շարունակ:
Արտյոմ Սիմոնյանը բարձրաձայնում է գյուղական բնակավայրերում աղբամանների բացակայության հարցը: Ասում է, որ մարդիկ աղբը դնում են տան դիմաց, որպեսզի աղբատար մեքենան գա, տանի, քանի որ գյուղի տարածքում ոչ մի աղբաման չկա:
«Գյուղերում մենք չտեսանք աշխատանքներ: Այս երկու օրը աղացած ասֆալտ են բերել, Ծաղկալանջում, Զվարթնոց թաղամասում, Արագածում փռել են: Մարդիկ հասկանում են, ասում են՝ ինչու ընտրություններից առաջ չէին անում, որ նոր են հիշել»,- նշում է Արտյոմ Սիմոնյանը և հավելում, որ մարդիկ առաջվանը չեն և քաջ գիտակցում են, թե ինչ է կատարվում:
Ա. Սիմոնյանը խոստանում է՝ մշտապես է լինելու ընտրողի կողքին, նրանց չի հիշելու ընտրությունից ընտրություն: Այլևս կաշկանդված չէ իր նախկին աշխատանքով՝ զինվորական ծառայությամբ, ինչն իրեն ազատություն է տալիս:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել