HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեցին

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեցին 2 ամիս ժամկետով։ Նրանց կալանքների վերաբերյալ որոշումները քիչ առաջ կայացրել են Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանը և Աջափնյակ-1 նստավայրի դատավոր Ռոման Սմբատյանը։ 

Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, կատարել խուզարկություն և ձերբակալել նրանց։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այդ հաղորդման հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվել են անհետաձգելի քննչական գործողությունները։ Փոդքասթի համահեղինակները մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ։ 

Մասնավորապես, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը նոյեմբերի 10-ի թողարկման ընթացքում անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ «անասուն» ձևակերպումով: 

Նշենք նաև, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին հաղորդավարները հարցազրույց էին ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Վազգեն Սաղաթելյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Արսեն Բաբայանը, Նարեկ Սամսոնյանինը՝ Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանները հայտնել են՝ կալանքների վերաբերյալ որոշումները կբողոքարկեն Վերաքննիչ դատարան։ Պաշտպանները պնդում են, որ հաղորդավարների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ռուբեն Մելիքյանը նշել է, որ փոսքասթի համահեղինակները կոշտ գնահատականներ են տվել Ալեն Սիմոնյանին՝ բացառապես ի պատասխան վերջինիս կողմից հրապարակավ նրանց «շան լակոտ» անվանելուն։ 

Ռուբեն Մելիքյանը նշեց նաև, որ այսօր հերթապահ դատարան նշանակված է եղել Աջափնյակի նստավայրը, սակայն հերթապահ դատարանների ցանկում փոփոխություն է տեղի ունեցել, ավելացվել է Ավանի նստավայրը։ Ըստ փաստաբանի՝ փոփոխությունը կատարվել է այն բանի համար, որ կալանքի միջնորդություններից մեկը մակագրվեր դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նշենք, որ Մասիս Մելքոնյանը մինչև դատավոր նշանակվելը եղել է մերձիշխանական «Հանրապետություն» կուսակցության անդամ և մասնագիտական ոլորտում արդեն հայտնի է որպես «կալանք տվող» դատավոր։

AntiFake.am կայքը հայտնել է, որ խուզարկություն է իրականացվել նաև AntiFake.am-ի գրասենյակում։ «Խուզարկության արդյունքում առգրավվել են AntiFake.am լրատվականի եթերային գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան՝ տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, եռոտանիներ, հիշողության կրիչներ, որոնք մեր պնդմամբ որևէ նշանակություն չեն կարող ունենալ շինծու քրեական գործի հանգամանքները բացահայտելու համար:

Լրատվականի խուզարկության ավարտից հետո ձերբակալվել է նաև AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը: Փոդքասթի համահեղինակ-վարողների, լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձերբակալումը, AntiFake.am-ի ողջ տեխնիկայի առգրավումը նպատակ է հետապնդում դադարեցնել լրատվականի գործունեությունը: Տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, լրագրողական կազմակերպությունների և դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորմանը Հայաստանում, ինչն աննախադեպ է և իրենից ներկայացնում է հանցավորության դեմ իբր պայքարի քողի ներքո իշխող ուժի ընդդիմախոսներին լռեցնելու խորը և համապարփակ դրսևորում»,- նշել է AntiFake.am-ի խմբագրակազմը։

Նշենք, որ հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ արդեն երկրորդ անգամ է իրականացվում քրեական հետապնդում։ 2024 թվականին նրանց մեղադրանք էր առաջադրվել կրկին խուլիգանության հատկանիշներով։ Հաղորդավարները քննադատել էին ՀՀ կառավարության անդամներին և իշխանության ներկայացուցիչներին։ Սակայն դատարանը 2025 թվականի հունիսի 13-ին արդարացման դատավճիռ կայացրեց։

Լուսանկարում՝ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter