HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից 5-ին սպառնում է ցմահ ազատազրկում

Նոյեմբերի 13-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական ​​նիստին շարունակվել են ​​մեղադրանքը պաշտպանող դատախազների եզրափակիչ ելույթները։

Նշվել է, թե իբրև ուսումնասիրված ապացույցները հաստատել են, որ «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքները և կատարել է խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, ռազմական հանցագործություններ և բազմաթիվ այլ առանձնապես ծանր հանցագործություններ Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո»։

Նշվել է, թե իբր Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, և Արցախի քաղաքացի Մադաթ Բաբայանը մեղադրվում են ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործություններ կատարելու մեջ, և այդ մեղադրանքները ապացուցվել են դատական ​​քննության ընթացքում, սակայն Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի պահանջների համաձայն, նրանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի կարող կիրառվել, քանի որ նրանք 65 տարեկան են դարձել մինչև դատարանի վերջնական որոշման, այսինքն՝ դատավճռի հրապարակումը։ Առաջարկվել է նրանց դատապարտել 20 տարվա ազատազրկման։

Առաջարկվել է, որ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեն ցմահ ազատազրկման։ 

Իսկ մյուս գերիներից Մելիքսեթ Փաշայանին առաջարկվել է դատապարտել 20 տարվա, Դավիթ Ալավերդյանին՝ 18 տարվա, Գարիկ Մարտիրոսյանին՝ 19 տարվա, Լևոն Բալայանին՝ 17 տարվա, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին և Գուրգեն Ստեփանյանին՝ 16 տարվա ազատազրկման։

Գործով «տուժողների» ներկայացուցիչները հայտնել են իրենց համաձայնությունը մեղադրողների կողմից պատժի վերաբերյալ առաջարկների հետ կապված և խնդրել են դատարանի կազմին համապատասխան որոշում կայացնել։

Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 27-ին։

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter