HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանում առաջին իսկ ներքաղաքական ճգնաժամը բերելու է Հայաստանի դեմ ռազմական գործողության»

«Հայ-ադրբեջաբական հարաբերությունների կարգավորման հեռանկարները մնում են մռայլ, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը վկայում է հակամարտության հակված լինելու եւ ագրեսիվ վարքագծի շարունակականության մասին»,- ասվում է «Հակամարտության շարունակականություն. ինքնություն, գոյաբանական (ան)վտանգություն եւ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո» գիտական հոդվածում:

Այն հրապարակվել է Small Wars and Insurgencies («Փոքր պատերազմներ եւ ապստամբություններ») գիտական ամսագրում այս տարվա մարտին: Հոդվածն ունի բաց հասանելիություն: Համահեղինակներն են ԵՊՀ դասախոսներ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Լեւոն Հովսեփյանն ու Արտյոմ Տոնոյանը: Վերջինիս հետ զրուցել ենք հոդվածի առանցքային կետերի մասին:

Գիտական հոդվածը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում շարունակվոող հայատյացության տրամադրություններին, այն մասին, թե ինչու Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության հաստատման եւ դեռ ավելին՝ ավելի ակտիվ եւ սուր կերպով շարունակում է ճնշումների «գործիքավորումը» Հայաստանի դեմ: Աշխատանքը կառուցված է Ադրբեջանի բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության, փաստերի ներկայացմամբ:

Հոդվածում նշվում է, որ տասնամյակների ընթացքում Ադրբեջանում հայերը «կառուցվել են» որպես թշնամական միավոր: Այս գործընթացն ուղեկցվում է անմարդկայնացմամբ եւ թունավորմամբ: Այն ներթափանցել է պետական ինստիտուտներ, կրթական համակարգեր՝ դառնալով սոցիալական քննարկման առարկա:

Հոդվածագիրները նշում են, որ Ադրբեջանի հակամարտությունը Հայաստանի հետ ո՛չ տարածքային է, ո՛չ ֆիզիկական, այլ ավելի շատ գոյաբանական է եւ որպես այդպիսին տարածքային պահանջները ներկայացված են Բաքվի գոյաբանական անապահովությունը թաքցնելու համար:

«Գոյաբանական անվտանգությունը» ոչ թե ֆիզիկական սպառնալիքի, այլ գաղափարախոսական մակարդակում է: Արտյոմ Տոնոյանը «Հետքի» հետ զրույցում մեկնաբանում է, որ, օրինակ, եթե Հայաստանում խաղաղության գնալը գոյաբանական խնդիր է, ինչպես ԱԳ նախարարն էր ասել լրագրողների հետ հանդիպմանը, ապա Ադրբեջանի իշխող քաղաքական վերնախավի պատկերացումներում խաղաղության հաստատումն է գոյաբանական խնդիր: Ընդ որում՝ դա տեղի է ունենում երկու ենթամակարդակներում:

Առաջինը ազգային շահի մակարդակում գոյաբանական վտանգն է, երկրորդը ռեժիմի գոյության շարունակականությանը, պահպանմանը, վերարտադրությանն ուղղված սպառնալիքն է: Երկու ենթամակարդակներում էլ խաղաղության հաստատումը ընկալվում է որպես գոյաբանական անվտանգությանը սպառնացող վտանգ:

Հոդվածում նշվում է, որ չնայած Ադրբեջանը հաղթեց վերջին պատերազմում, այդ երկիրը չի փոխում իր ավանդական ընկալումներն ու քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ դեռեւս փորձում է պահպանել իր գոյաբանական անվտանգությունն ապահովող գործոնների կենսունակությունը:

Արտյոմ Տոնոյանը նկատում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ աշխատանք է տանում էթնոսի, ազգի ինքնության փոխակերպման ուղղությամբ, ազգակերտման գործընթացը դեռ շարունակվում է այդ երկրում, որտեղ կենտրոնական թշնամին հայն է: Արեւելագետը նշում է, որ ինքնության սահմանման դեպքում երկու բան կա կարեւոր՝ ովքեր ենք մենք, որը կոնսոլիդացնում է ազգը, եւ ովքեր են մեր թշնամիները կամ օտարը:

«Հիմա եթե չկա ընդհանուր թշնամի, ու՞մ դեմ են պայքարում, իսկ էն թեզերը, որոնցով տասնամյակներ շարունակ կերակրում են մարդկանց, սկսում են ամբողջությամբ խարխլվել: Ալիեւը հասկանում է, որ խաղաղությունը կարող է խարխլել այդ հանգուցային սյունը: Եվ դա է պատճառը, որ խաղաղության հաստատումը ձեռնտու չէ նրան: Դա ազգային շահի մակարդակն է իրենց՝ պետության բարձրագույն կառավարիչների, էլիտայի, պատասխանատուների դիրքերից»,- ասում է մեր զրուցակիցը:

Գիտական հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի համար ներկայիս գոյաբանական մարտադաշտը Հայաստանն է՝ ադրբեջանական կեղծ պատմական հիմքերով «Արեւմտյան Ադրբեջանի» իրեդենտիստական պատմության շրջանակներում: «Այս փուլում հայ ժողովրդի հետ խաղաղության ցանկացած ձեւ Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից տրամաբանորեն եւ ողջամտորեն ընկալվում է որպես գոյաբանական անհանգստություն, ինչը ստիպում է նրանց շարունակել հակամարտությունը Հայաստանի դեմ եւ մշակել նոր հակահայկական թեզեր եւ ռազմավարություն»,- ասվում է գիտական հոդվածում:

Հոդվածում մանրամասն անդրադարձ կա Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ թեզին՝ «Արեւմտյան Ադրբեջանին»: Մինչեւ 2020 թ. այդ կեղծ թեզերը եւս կային, սակայն ի տարբերություն նախկինի՝ Ալիեւն այժմ այն սկսել է գործիքավորել: Արտյոմ Տոնոյանը նշում է, որ այստեղ նորությունը հենց այդ գործիքավորումն է, որը լրացնում է այն վակուումը, որ կարող էր առաջանալ ԼՂ հիմնահարցը լուծելուց հետո: «Որովհետեւ եթե ասում ես՝ ԼՂ հիմնահարց չկա, մենք դա լուծել ենք, ուրեմն ինչի՞ համար է այդ թշնամությունը: Այսինքն՝ սեփական հանրության մոտ այդ տրամաբանական հարցը չփակելու համար ստեղծում են նոր քարոզչական ուղղություններ: Դրա համար պետք է ունենալ տարածք, թշնամի եւ մնացած ատրիբուտները, որոնք ինքը կառուցում էր ԼՂ-ի ժամանակ,- պարզաբանում է արեւելագետը՝ ավելացնելով,- թշնամանքն ինքնին պետք է թիրախ ու առարկա ունենա: Եթե ԼՂ-ն չկա, իրենց տիրապետության մաս է, հայերի քաղաքական վերնախավն ասում է, թե ԼՂ-ն ճանաչել են որպես Ադրբեջանի մաս եւ այլն, ինչի՞ շուրջ է մեր թշնամությունը հայերի եւ Հայաստանի հետ: Այս տրամաբանական հարցին պետք է կարողանա պատասխանել»:

2020-ից հետո Ադրբեջանի ղեկավարն ակտիվ շրջանառության մեջ է դրել «Արեւմտյան Ադրբեջանի» կեղծ քարոզչական թեզը, հիմնվել է նույնանուն հասարակական կազմակերպություն, հետազոտական կենտրոն, անգամ՝ հեռուստաալիք:

Ընդ որում՝ Արտյոմ Տոնոյանը նկատում է, որ «Արեւմտյան Ադրբեջան» ՀԿ-ն գործում է այն շենքում, որտեղ նախկինում գտնվում էր ԼՂ փախստականների հարցերով զբաղվող ՀԿ-ն:

«Երբ ունես նոր ծրագիր, պետք է սահմանվեն առաջադրանքներն ու նպատակները: Դրանցից մեկը արտաքին նոր ուղղությունն է՝ շարունակելու ճնշումները եւ քարոզչական կարմիր գիծը Հայաստանի հանդեպ, որ հանգեցնեն մեր երկրի վատ իմիջի ձեւավորմանը: Հիմա ինչո՞վ են զբաղված. ներկայացնում են, թե 300 հազար մարդ Հայաստանից տեղահանվել է: Սա սկսում է լրացնել նրան, երբ խոսում էին ԼՂ-ի հարակից տարածքներից տեղահանված ադրբեջանցիների մասին: Ասում էին՝ ԼՂ-ից մեկ միլիոն մարդ է տեղահանվել: Քանի որ հիմա այդ խնդիրը չկա, նոր ծրագրում նոր թեզ է անհրաժեշտ, եւ առաջադրանքներից մեկը Հայաստանի վրա ճնշումները շարունակելն է»,- մեկնաբանում է «Հետքի» զրուցակիցը:

Ա. Տոնոյանը նկատում է, որ ՀԿ-ների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելը նորություն չէ: Դա փորձարկվել է դեռ 2020-ից առաջ: Ադրբեջանը հասկացել էր այս տարբերակի արդյունավետությունը: 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ Հայաստանում սկսել էին խոսել այն մասին, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, ինչին Ադրբեջանը կտրականապես դեմ էր, վերջինս առաջարկում էր իր այլընտրանքը: Ըստ այդմ՝ եթե հակամարտություն է տեղի ունեցել, ուրեմն այն երկու մասնակցային կողմ է ունեցել՝ Ղարաբաղում ապրող հայերն ու ադրբեջանցիները: Այդ դեպքում, ըստ ադրբեջանական կողմի, պետք է մասնակցեին ԼՂ նախկին ադրբեջանական համայնքի եւ հայկական համայնքի ներկայացուցիչներն ու քննարկեին հարցը: Այսինքն՝ հիմնահարցը իջեցվում էր համայնքի մակարդակի: Այս առաջարկին ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը կոշտ պատասխանել էր, որ Հայաստանը չի պատրաստվում որեւէ GONGO-ի՝ իշխանամերձ ՀԿ-ի հետ բանակցել:

Եվ հիմա Ադրբեջանը նույն հնարքին է դիմում՝ ունենալով տիպաբանական վառ օրինակ: Սակայն այս նոր կեղծ թեզի ուղղությամբ ավելի ագրեսիվ աշխատանք է տարվում:

«ԼՂ հակամարտությունը երբեք չի ընկալվել բացառապես որպես տարածքային վեճ Ադրբեջանում, մասնավորապես՝ դրա քաղաքական վերնախավի կողմից: Մինչեւ 2020 թ. կամ գուցե մինչեւ 2023 թ. սեպտեմբերը հակամարտությունը ծառայել է իբրեւ ադրբեջանական պետականաշինության եւ հետխորհրդային դարաշրջանում ադրբեջանական ինքնության բյուրեղացման բարդ խնդրի հիմնական շրջան»,- ասվում է Small Wars and Insurgencies ամսագրի հոդվածում:

Խաղաղության հաստատման մասին էլ նշվում է, որ երկարաժամկետ կտրվածքով համաձայնագիրը չի երաշխավորելու խաղաղություն: Արտյոմ Տոնոյանը մանրամասնում է, որ երբ կա ազգային եւ անձնական շահերի մակարդակ, ապա երկարաժամկետ խաղաղություն չի կարող լինել, այն կարող է լինել մինչեւ X ժամանակ:

Անդրադառնալով իրական խաղաղության հաստատման պարագայում Ալիեւի ռեժիմին սպառնացող վտանգին՝ Տոնոյանը նշում է. «Երբ փորձարկված գործիք ունես, հազիվ հրաժարվես դրանից: Հայաստանի դեմ ռազմական գործողությունները, պատերազմը սեփական քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն եւ հակառակորդի կամ թշնամու տարածք տեղափոխելուն են ուղղված: Դրա արդյունքում նախ պահպանում է իր իշխանությունը, ապա ճգնաժամը տեղափոխում Հայաստան»:

«Հետքի» զրուցակիցը հիշեցնում է 2016-ի օրինակը, երբ նավթի գների համաշխարհային անկում էր գրանցվել, ադրբեջանական մանաթի փոխարժեքի անկում էր եղել, ինչին հաջորդել էին սոցիալական բողոքի ցույցերը, եւ վիճակը վատացել էր հատկապես Բաքվից դուրս՝ առաջացնելով ապակենտրոն ցույցեր: Սրան հաջորդեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Ալիեւը ոչ միայն կարողացավ հաղթահարել այդ ճգնաժամն Ադրբեջանի ներսում, այլեւ այն տեղափոխեց Հայաստանի տարածք: Նույնը կատարվեց տավուշյան դեպքերի ժամանակ: Եվ նույն գործընթացը տեղի ունեցավ 2020 թ. աշնանը, որը նոյեմբերի 9-ից հետո էլ, ըստ էության, չի ավարտվել:

«Եթե կա նման գործիք, չես կարող հրաժարվել դրանից, քանի որ այն պահում է քո ռեժիմի անվտանգությունը: Սակայն այդ գործիքը չի կարող աշխատել, եթե չկա համապատասխան տրամադրություններով հասարակություն: Դրա համար Ալիեւը կարող է դրսում խոսել խաղաղությունից, բայց ներսում լրիվ ուրիշ բաներ ասել: Նա իր ժողովրդին չի կարող պատրաստել իրական խաղաղության, քանի որ այդ գործիքը աղբ կդառնա»,- ասում է արեւելագետը:

Նրա դիտարկմամբ՝ «Արեւմտյան Ադրբեջանի» կեղծ թեզի առաջմղման ուղղությամբ կատարվող գործողություններն ու ներդրվող գումարները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարը հնարավոր ամեն ինչ անում է՝ համակարգային ձեւով հասարակության գիտակցության մեջ հայերի դեմ կոնֆլիկտը պահելու համար:

«Խաղաղությունը մեկի կամքից կախված չէ: Կարելի է ենթադրել, որ X շրջան, օրինակ՝ 6 ամիս կամ 6 տարի, պատերազմ չի լինի, բայց եթե դիտարկենք սպառնալիքի երկրորդ մակարդակը՝ այսինքն՝ եթե Ալիեւի ռեժիմը հայտնվի վտանգի մեջ, ապա առաջին բանը, որ գործածելու է, ռազմական գործողությունն է լինելու Հայաստանի դեմ: Այսինքն՝ Ադրբեջանում առաջին իսկ ներքաղաքական ճգնաժամը բերելու է Հայաստանի դեմ ռազմական գործողության,- ասում է Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատողը՝ ավելացնելով,- անընդհատ խոսում ենք խաղաղության երաշխքից, չէ՞: Գիտե՞ք, որն է իրական երաշխիքը. որ խաղաղության իրական քարոզչություն տեսնենք Ադրբեջանում: Մինչեռ հակառակն ենք տեսնում»:

Նա հիշեցնում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանի ղեկավարը գնացել էր ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն եւ հակահայկական շեշտադրումներով հայտարարություններ արել: Արտյոմ Տոնոյանն ու նրա գործընկեր Լեւոն Հովսեփյանը գիտական նոր հոդված են հանձնել տպագրության, որտեղ ուսումնասիրել են օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի քաղաքական վերնախավի արտաքին եւ ներքին խոսույթները, որոնք կտրականապես տարբեր են իրարից: Մեր զրուցակիցը շեշտում է՝ դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ալիեւը խաղաղության հաստատման իրական նպատակ չունի:

ՀԳ. Արտյոմ Տոնոյանի հետ խոսել ենք նաեւ 2020 թ. պատերազմից առաջ եւ հետո թուրք-ադրբեջանական հարաբերությունների ձեւափոխումների մասին, թե ինչ մարտահրավերներ ունի Ադրբեջանը, ինչպես է փոփոխվել ադրբեջանցիների հասարակական տրամադրությունը Թուրքիայի հանդեպ: Մեր զրույցի երկրորդ հատվածը կներկայացնենք առաջիկայում:

Վաշինգտոնյան հանդիպման լուսանկարները՝ primeminister.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter